Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած կիրակի` հոկտեմբերի 21-ին, քաղաքամայր Երեւանը նշեց հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները մեկնարկեցին Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երեւանյան մարաթոնով: Կիրովի անվան մանկական զբոսայգում անցկացվեց «Արեւային Երեւան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երեւան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը սկսվեց Ազատության հրապարակից, անցավ Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով եւ հասավ Հանրապետության հրապարակ: Միջոցառումների կարեւոր մասն էր կազմում նաեւ «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը գործում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ տեղի ունեցան նաեւ վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում եւ այգիներում:
…Ամենից հատկանշականը, սակայն մթնոլորտն էր, որը տիրում էր Երեւանի պանծալի հոբելյանի օրը: Մարդկանց բարձր տրամադրությունը, ամենուրեք հնչող երգն ու երաժշտությունը, խինդն ու պարը համակել էին բոլորի սրտերը, մտել ամեն տուն ու անկյուն: Երաժշտության զանազան ժանրերում ստեղծագործող մի շարք խմբեր բեմահարթակներ էին զբաղեցրել Հյուսիսային պողոտայում: Անց էին կացվում ազգային երգ ու պարի, ջազ, ռոք երաժշտության համերգային ծրագրեր: Դիտելով «Ուրարտուից մինչեւ օրս» խորագրով ցուցադրանքը, նորաձեւության երկրպագուները հնարավորություն ունեցան նորովի ընկալելու հայկական տարազը: Իսկ «Էրեբունի-Երեւան 2800»-ի գալա համերգը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում եւ եզրափակվեց սքանչելի հրավառությամբ:
Երիցս իրավացի է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ասելով, որ սա ոչ միայն Երեւանի բնակիչների, այլեւ բոլոր այն մարդկանց տոնն էր, որոնք սիրում են Երեւանը, համարում իրենց հարազատ օջախը: Ընդունված է ասել, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է: Եվ դա հիրավի այդպես է: Տոնական միջոցառումները՝ մասնավորապես շքեղ հանդիսությունները, թեմատիկ բեմերը, հեծանվավազքը, որի մեկնարկին, ի դեպ, մասնակցում էր նաեւ քաղաքապետը, սկիզբ էին առել վաղ առավոտից եւ ավարտվել ուշ գիշերը: Շնորհավորական իր ուղերձում սիրելի ոստանին հրաշալի տողեր է ձոնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. «Երեւանը սիրում ենք՝ անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երեւանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երեւանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երեւանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն»,- էքսպրոմտի ոճով գրել է նա: Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Հանրապետության վարչապետ Նիլոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Երեւանի քաղաքապետ Մարությանը: Քսանութ դարեր ուսած հայոց անզուգական ոստանն այժմ տնտեսական, կրթամշակութային եւ գիտատեխնիկական կենտրոն է՝ ճարտարապետական ուրույն դիմագծով ու երեւանյան յուրահատուկ միջավայրով: Նրանով հիացած են թե՛ տեղացիները, թե՛ օտարերկրացի հյուրերը: Հեղինակավոր The New York Times-ը հրապարակել է մեր հայրենակից գրող Փիթեր Բալաքյանի ծավալուն հոդվածը, որում անդրադարձ կա նաեւ քաղաքամայր Երեւանին: 80-ականների «խորհրդային պասիվ քաղաքը», նրա խոսքով, այսօր մեծ էներգիա ունի իր մեջ կուտակած:
Հպարտանանք հինավուրց մեր մայրաքաղաքի պատմությամբ եւ ջանանք այդ «մեծ էներգիան» վերածել մեծագործությունների՝ ի շահ ներկան ու ապագա Երեւանի: Ի բարօրություն բոլոր ժամանակների սերունդների:
Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի իր հատուկ նիստում քննարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի քվեարկությանը: «Ելք»-ը հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու: Արդյունքում ոչ մի պատգամավոր չքվեարկեց «Ելք» խմբակցության կողմից առաջադրված միակ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օգտին: Դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ժպիտով ասել է. «Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի Սահմանադրության 149-րդ հոդվածի հիմքով գործող Ազգային ժողովը լուծարվի, եւ դեկտեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
…Առաջադրելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, «Ելք» խմբակցությունը միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց, եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ, հասնել խորհրդարանի լուծարմանը: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Իսկ եթե խորհրդարանը, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրեր վարչապետ, ապա ԱԺ արձակումը դուրս կգար օրակարգից կամ առնվազն կհետաձգվեր անորոշ ժամանակով, ինչը ձեռնտու չէ կառավարությանը: Բանն այն է, որ ժողովրդի կամքը չարտահայտող խորհրդարանը կամ, ավելի ստույգ, երկփեղկված իշխանությունը լրջորեն արգելակում է երկրի բնականոն զարգացման ընթացքը: Ուստի վարչապետի պաշտոնակատարն իր ելույթում հայտարարեց, որ առաջադրվել է ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար։ «Իմ առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ, հետեւաբար, Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին։ Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիմտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցք բացառելը։ Միանշանակ է, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, «թավշյա» ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ ռեւանշի ձգտող նախկին վարչակարգը հաջողության հասնելու ոչ մի շանս չունի թե՛ նոր եւ թե՛ հին Ընտրական օրենսգրքով։ Նա ակնարկում էր ԱԺ նախորդ նիստում ԸՕ-ի նախագծի հաստատումը Հանրապետական խմբակցության կողմից տապալելու գործողությունը:
Հավանաբար խորհրդարան անցնելու՝ ՀՀԿ-ի վերջին հույսը հին Ընտրական օրենսգրքում առկա «ռեյտինգային» ընտրակարգի մասին դրույթն է, որը ԸՕ-ի նոր նախագծից հանված է հօգուտ ամբողջական համամասնական ընտրակարգի: Հաջորդ շաբաթ արտահերթ նիստում դարձյալ քվեարկվելու է Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած Ընտրական օրենսգրքի նախագիծը, եւ ՀՀԿ-ականները մտադիր չեն դիրքորոշումը փոխել: Նրանց կարծիքով՝ մարզերում, հատկապես փոքր համայնքներում ու հեռավոր քաղաքներում իրենց կհաջողվի ձայներ բերել կուսակցությանը եւ ԱԺ առաջիկա ընտրություններում հաղթահարել անցողիկ շեմը:
Զուր հույսեր:
Հոկտեմբերի 21-ին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 49 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ընդ որում՝ 24 համայնքներում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների եւ 1 համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի: Նախնական տվյալներով՝ Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում համապատասխանաբար հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուներ Դավիթ Խուդաթյանը եւ Դիանա Գասպարյանը, որը Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն էր: Հրազդանում հաղթանակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, որին, սակայն, հարազատ կուսակցությունը՝ «ՔՊ»-ն չէր աջակցում։ Իսկ Կապանում անկուսակցական Գեւորգ Փարսյանը հաղթել է «ՔՊ» կուսակցության թեկնածուին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ, երբ փակվում են ընտրական տեղամասերը, 49 համայնքներում քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 43.28 տոկոսը:
…Կապանում անկուսակցական Գեւորգ Փարսյանից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտության գործում, ամենայն հավանականությամբ, որոշակի դեր է խաղացել ընտրությունների նախօրեին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հանգամանքը: Սյունեցիները, ինչպես հայտնի է, ի նշան այդ նշանակման դեմ բողոքի, փակել էին Գորիս-Կապան ճանապարհի Քարահունջի հատվածը՝ թույլ չտալով Պողոսյանի մուտքը Կապան, որտեղ մարզպետի նստավայրն է: Ընտրություններում «ՔՊ» թեկնածուին մերժելով՝ կապանցիները, ըստ էության, մերժել են կառավարության որոշումը եւ ցուցադրել անվերապահ հավատարմություն իրենց սկզբունքներին: Մյուս կողմից՝ տվյալ փաստը վկայում է, որ ընտրություններն անցել են առանց նախկինից մեզ քաջածանոթ կեղծարարությունների ու վարչական ռեսուրսների կիրառման, այլապես իշխանական կուսակցության թեկնածուն չէր պարտվի:
Ընտրախախտումներ, անշուշտ, եղել են, սակայն դրանք, ինչպես պնդում են շատ դիտորդներ, հատուկ կազմակերպված կամ զանգվածային բնույթ չէին կրում: Չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, ինչպիսիք են փոխադրամիջոցներով ուղղորդվող հոսքերը, համընդհանուր վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերի մոտակայքում կասկածելի կուտակումները, վարչական ռեսուրսներ օգտագործելու կամ զանգվածաբար դրամ բաժանելու երեւույթները: Առանձին դեպքեր են նկատվել, երբ դիտորդին խոչընդոտել են նկարահանումներ կատարել, ընտրությունների օրը ցուցադրվել են քարոզչական նյութեր կամ, ասենք, ոմանք քվեարկության են եկել օգնողների աջակցությամբ: Այս վերջինիս կարգի դեպքերի թիվը Հրազդանի թիվ 26/14 տեղամասում, օրինակ, կազմել է 69: Այդքան թվով ընտրող դիմել է կողմնակի անձանց օգնությանը, ինչը դիտորդներին տարօրինակ է թվացել: Եղել են նաեւ մանրմունր դժգոհություններ այլ հարցերի վերաբերյալ, բայց այդ ամենն ընդհանուր նպաստավոր մթնոլորտի վրա չի ազդել: Մարդիկ ազատ, անկաշկանդ, ուրախ տրամադրությամբ գալիս էին ընտրատեղամասեր, քվեարկում իրենց նախընտրած թեկնածուների օգտին եւ հեռանում:
Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների հայկական երազանքը, կարծես թե, սկսում է իրականություն դառնալ: Մնանք հաջորդ ամենակարեւոր փորձաքննությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին սպասող, որոնք տեղի կունենան առաջիկա դեկտեմբերին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
ԱՄՆ-ը հաստատում է Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալը
The Guardian-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հաստատել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Ռուսաստանի հետ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից:
Մոսկվայում ելույթ ունենալով, Բոլթոնն ասել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ խախտում է պայմանագիրը: Եվ նոր խաղացողների հզորացումը, ինչպիսին Չինաստանն է, նշանակում է, որ «նոր ռազմավարական իրողություն է ստեղծվել»: 1987-ին կնքված պայմանագիրն արգելում էր ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին 500-ից մինչեւ 5.500 կմ հեռահարությամբ հրթիռներ տեղակայել եւ հիմնականում նպատակ է ունեցել Եվրոպայից դուրս բերել միջուկային հրթիռները:
Բոլթոնը խուսափել է ուղղակիորեն պատասխանել մամուլի այն հարցին, թե արդյո՞ք մենք շուտով տեսնելու ենք ԱՄՆ հրթիռները Եվրոպայում՝ ասելով միայն, որ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրով սահմանափակվող միակ երկիրը Միացյալ Նահանգներն էր:
Ինչպես հաղորդում է պարբերականը, երեքշաբթի Բոլթոնը Կրեմլում հանդիպել է Պուտինի հետ, ուր նա եկել էր բացատրելու ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալու որոշումը: Ռուսաստանի առաջնորդը կատակել է, որ ԱՄՆ-ի կնիքի վրա պատկերված է արծիվ, որը բերում է ձիթապտղի ճյուղեր եւ նետեր: Նա ասել է. «Խնդիրն այն է, թե արծիվն արդեն կերե՞լ է բոլոր ձիթապտուղները, եւ միայն նետե՞րն են մնացել»: Ինչին Բոլթոնը պատասխանել է. «Հուսով եմ, որ ես ձեզ համար որոշակի պատասխաններ կունենամ, բայց ձիթապտուղներ չեմ բերել»:
Ըստ Reuters-ի, Բոլթոնն ուղղակիորեն քննադատել է ռուս պաշտոնյաներին՝ Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու համար, չնայած ասել է, որ նրանց գործողությունները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
The New York Times-ն էլ տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ եթե միջուկային միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը նոր միջին հեռահարության հրթիռներ տեղադրի Եվրոպայում՝ եվրոպական ժողովուրդները կարող են վտանգի ենթարկվել եւ «հնարավոր հակահարված» ստանալ:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը