Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հոկտեմբերի 19-ին զուգադիպել էր երկու հիշարժան իրադարձություն` Երեւանի տոնը եւ «Ավրորա» մրցանակի շնորհումը, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացված «Ավրորա» ֆորումի շրջանակում: Այսօրվա մեկնաբանությունների նյութը այդ իրադարձություններն են: Եվ այսպես` քաղաքամայր Երեւանը դարձավ 2801 տարեկան:
Տոնին նվիրված հանդիսությունները մեկնարկեցին բոլոր վարչական շրջաններում կազմակերպված համերգներով ու տոնական այլ միջոցառումներով: Մինչ այդ, տոնի առիթով ուղերձ էր հղել քաղաքապետ Հայկ Մարությանը` շեշտելով, որ «երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը»: Ընդունված է` որպես տոնի խորհուրդ, ամփոփել ժամանակի որոշակի կտրվածքում ձեռք բերած հաջողությունները, նախանշել առաջիկայում իրագործելիքը: Չխախտելով ավանդույթը, քաղաքապետը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ մատնանշել հետագա անելիքները: Երեւանին նվիրված տոնական համերգը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:
…Էրեբունի-Երեւանի 2801-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր եւ իր խոսքն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ Երեւանն, առաջին հերթին, մեր ժողովրդի միասնության խորհրդանիշն է: «Երեւանը մեր ամենասիրելի քաղաքն է։ Եվ սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետեւ Երեւանի ամեն քար իր մեջ ներառում է մեր ազգային երազանքների մի կտորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Երեւանը նաեւ հայահավաք գործառույթ է ունեցել` քաղաք, որը բոլոր մոտ ու հեռու տեղերից իր գիրկն է կանչում աշխարհասփյուռ զավակներին: Մայրաքաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում մշակույթի երկու նշանավոր գործչի` Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին եւ ակադեմիկոս Միխայիլ Պիատրովսկուն շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Ընդհանրապես՝ երեւանցի լինելու կոչումը, ըստ վարչապետի, հպարտությամբ են կրում մեր բազմաթիվ հայրենակիցներ, եւ դա այն մեծ սիրո ու երախտագիտության արտահայտությունն է, որն ամեն մի հայ` անկախ ծննդավայրից, տածում է հայոց հնամենի մայրաքաղաքի հանդեպ:
Իհարկե, Երեւանն ամեն հայի սրտին ամենամոտն ու սիրելին է` չնայած բարձրագոչ հայտարարությունների եւ հավաստիացումների հետեւում հաճախ տեսնում ենք միայն դատարկություն, գործով չամրապնդված խոսքեր: Առաջին հայացքից մանր թվացող` մաքրության ու սանիտարահիգիենիկ պատշաճ կարգուկանոնի պահպանման, քաղաքի ճարտարապետական տեսքի չխաթարման, քաղաքային տրանսպորտի աշխատանքի բնականոնացման եւ այլ խնդիրների մասին քանիցս խոսվել ու գրվել է: Բայց օգուտը ո՞րն է. ե՛ւ ջուրն է նույնը, ե՛ւ ջրաղացը: «Մեր ամենասիրելի քաղաքի» կենտրոնում եւ, առավել եւս, ծայրամասերում ահավոր վիճակ է տիրում: Մայթերին` ուր պատահի, թափված են ծխախոտի մնացորդներ, ճմրթված թղթեր, քամու բերած պոլիէթիլենային տոպրակներ, նույնիսկ կենցաղային թափոններ: Այստեղ-այնտեղ վնասված խողովակներից կոյուղաջրերը դուրս են հոսում` շուրջը գարշահոտություն ու աղտեղություն տարածելով: Ամբիոններից արտիստիկ պաթոսով խոսող եւ սին խոստումներ շռայլող մեր պետական այրերն ի վիճակի՞ են արդյոք շտկելու գոնե այս կարգի «մանր» խնդիրները (մաքրություն, բարեկարգում, տրանսպորտ եւ այլն): Խիստ կասկածելի է, որովհետեւ մեկուկես տարին քիչ ժամանակ չէր հակառակն ապացուցելու համար:
Ասում ենք` Երեւանը 2801 տարեկան է, եւ դա այդպես էլ կա: Բայց կարո՞ղ են արդյոք հետաքրքրասեր զբոսաշրջիկին, առանց ամաչելու, ցույց տալ թեկուզ 280 տարվա հնության որեւէ շենք-շինություն, թե՞ բոլոր հնությունները քանդել, տեղը ռեստորան կամ հյուրանոց ենք կառուցել: Փառք տանք Տիրոջը, որ գոնե Էրեբունիում հնությունից որոշ հետքեր դեռ պահպանվում են: Կարմիր բլուրի մասին ավելի լավ է լռենք, քանի որ այդ հնավայրն այսօր չափազանց անմխիթար վիճակում է` չնայած պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված լինելուն: Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որն արդեն ընդգրկում է նաեւ հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաեւ քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն: Ահաեւ ձեզ` պետականորեն պահպանվող հուշարձան:
Բարձրաստիճան իշխանավորների անտարբերությունը ենթագիտակցորեն փոխանցվել է նաեւ ժողովրդին: Անտարբերություն` ոչ միայն շրջապատի հակոտնյա բարքերի ու երեւույթների, այլեւ ազգը համախմբող նշանավոր տարեթվերի, տոների հանդեպ: Մարդկանց դեմքին հազվադեպ ժպիտ կտեսնես: Ավագ սերունդը լավ կհիշի 1968-ի այն օրերը, երբ նշվում էր Երեւան-Էրեբունու 2750-ամյակը: Այն վերածվել էր իսկական համազգային տոնախմբության: Խանդավառություն, քեֆ-ուրախություն էր ամեն փողոցում, ամեն բակում, եւ այդ ուրախությունն ինքնաբուխ էր:
Երեւանի 2801-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը մեր ժողովրդի միասնության խորհրդանիշն է: Իրականում Երեւանը վաղուց դադարել է այդպիսի խորհրդանիշ լինելուց: Գերիշխողն այսօր միասնությանը ներհակ միտումներն են: Ցավո՛ք:
Հոկտեմբերի 19-ի մյուս կարեւոր իրադարձությունը, ինչպես նշվեց վերը, «Ավրորա» մրցանակի շնորհումն էր, որի Ընտրող հանձնաժողովի հանդիպմանը մասնակցում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ներկա էին նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը: Սարգսյանը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորա»-ն արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:
Նույն օրը տեղի ունեցած` «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսությունում «Ավրորա» ամենամյա մրցանակի 4-րդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։
…Ազգությամբ եզդի ակտիվիստը, «Ազատության» տեղեկացմամբ, մեծարանքի է արժանացել ահաբեկչության ավելի քան 1,5 հազար զոհերի փրկելու եւ «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցելու համար: Նա Սիրիայում եւ Իրաքում ծավալվող հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ «Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են կրում»,- դափնեկիր դառնալու կապակցությամբ ողջունելով նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», ասել է «Ավրորա»-ի նախագահ Թոմ Քաթինան։
Հանդիսությանը ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մասնավորապես ասելով. «Այն, ինչ Դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին արեւմտյան միսիոներների եւ առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից եւս մեր երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ»:
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1 միլիոն դոլարի պարգեւ, որով հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրական առաքելությունը։ Նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաեւ «Ավրորա-2019»-ի մրցանակի մյուս երկու հավակնորդներին` եմենցի իրավապաշտպան ու ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին եւ Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր ու տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային` տրամադրելով նրանց 50 հազարական դոլարի պարգեւ:
2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրին մեծարելու եւ երեւանյան առաջին «Ավրորա» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում` Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի ԱԳ նախկին նախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։ Ինչ խոսք, Հայաստան այդքան հանրահռչակ գործիչների մեկշաբաթյա այցն ինքնին ողջունելի է եւ շատ պատվաբեր մեր երկրի միջազգային իմիջի համար:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ»,- ամփոփում է «Ազատությունը»:
Մնում է խորին երախտագիտություն հայտնել «Ավրորա» համաշխարհային մրցանակի բոլոր տարիների դափնեկիրներին եւ հավակնորդներին` մարդիկ, ովքեր ջանում են սեփական կյանքի գնով ավելի լավը դարձնել այլ մարդկանց կյանքը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը: Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն ավելի քան 2600 տարի գոյություն ունեցող այս դինաստիայի 126-րդ կայսրն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում՝ ավտոմաքսատան շինարարության աշխատանքների ընթացքին։ «Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետը: Թեեւ նոր շենքը դեռ շահագործման չի հանձնվել, բայց արդեն հոկտեմբերի 14-ից Գյումրիի մաքսատան հին շենքում մեկնարկել է Ճապոնիայից, Վրաստանից բերված մեքենաների մաքսազերծման գործընթացը:
ԱՄՆ Կոնգրեսում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցան «Հետհեղափոխական Հայաստան» թեմայով լսումներ, որոնց մասնակցում էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներից կազմված մի պատվիրակություն: Լսումների սկզբում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջեկի Սփայերը, որ վերջերս Հայաստանում ու Արցախում էին, պատմեցին այցի մասին իրենց տպավորությունները, շեշտեցին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ում ականազերծման աշխատանքներին աջակցելու կարեւորությունը: Ելույթ ունեցան եւ տարբեր առաջարկներով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը, հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող Արսեն Խառատյանը, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, Ժողովրդավարության ազգային աջակցություն ինստիտուտի համակարգող Միրիամ Լանսկոյը եւ այլք:
Կալանավորվել է «Հյուսիս-հարավ» քրեական գործով մեղադրյալ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 22-ին բեկանել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: 2008-ից 2010 թվականներին տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ խոշոր չափերի հարկերից չարամտորեն խուսափելու համար։ «Հյուսիս-հարավ»-ի գործը ծավալի առումով աննախադեպ է։ Արդեն ավելի քան 1000 մարդ է հարցաքննվել։ Մեղադրյալների թիվը մեկուկես տասնյակից ավելի է։ Նրանցից 5-ը, այդ թվում երրորդ նախագահի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, հետախուզման մեջ են: