Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Նոյեմբերի 3-10

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իր աշխատանքն էր սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Քննարկման էին դրված միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերների հակազդեցության մեխանիզմների կատարելագործման եւ Կազմակերպության ռազմական ներուժի զարգացման խնդիրները: Մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, պետությունների ղեկավարները քննարկել են դռնփակ ռեժիմով: Հիշեցնենք՝ այդ պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի լիազորությունները հայտնի պատճառով վաղաժամ դադարեցնելուց հետո։

Նույն օրը Աստանայում կայացել են ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԳ նախարարության պատվիրակությունները: Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

…Նախ՝ երկու խոսք առ այն, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը: Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին` Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Մոտավորապես մեկուկես տարի անց` 1993-ի սեպտեմբերին, Պայմանագրին միացել են Ադրբեջանը, Բելառուսը եւ Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1994թ. ապրիլի 20-ին` 5 տարի ժամկետով: Դրա երկարաձգման մասին արձանագրությունը 1999-ին ստորագրել էին 6 պետություններ: Չէին ստորագրել Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի նրա 4-րդ հոդվածը, համաձայն որի` «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Այդուհանդերձ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության խնդիրը միշտ տարակարծությունների տեղիք է տվել: Շատերի համար այն ընդունելի է այնքանով, որքանով հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը, որն իրագործվում է անդամ պետությունների միջեւ եղած բազմակողմ կապերի միջոցով: Ոմանք էլ այն կարծիքին են, որ ՀԱՊԿ-ում գերիշխող դիրք ունի Ռուսաստանը, եւ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ստեղծվել է Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար: Այն ավելի շուտ կոչված է հակակշիռ դառնալու ՆԱՏՕ-ին: Ամեն դեպքում փաստն այն է, որ կառույցի ներսում որոշ անդամ երկրներ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում թե՛ կազմակերպությանը, թե՛ դրա շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը: Արդյունքում դաշնակիցները կարող են երբեմն անտեսել պարտքի ու պատասխանատվության իրենց հանձնառությունը եւ աշխատել իրար դեմ: Այդ տեսակետից, այո, մտահոգիչ է, որ ՀԱՊԿ-ի երկու անդամ երկրներ՝ Ռուսաստանն ու Բելառուսը, զենք են վաճառում գրեթե 10 տարի առաջ դաշինքը լքած Ադրբեջանին: Մտահոգիչ է, որ վերջինիս շահն է պաշտպանում նաեւ Ղազախստանը, որի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵԱՏՄ նիստերից մեկում ընթերցել էր այդ միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Իլհամ Ալիեւի դժգոհությունն արտահայտող նամակը, որում Ադրբեջանը վիճարկում էր Եվրասիական միություն Հայաստանի մուտքը` որպես իր տարածքները, իբր, բռնազավթած երկրի: Էլի կան փաստեր եւ օրինակներ, որոնք կարելի է գնահատել իբրեւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին աջակցող քայլեր, ինչը, անշուշտ, անթույլատրելի է: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը լավ կանի՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչպես կարճատեսորեն պնդում են ոմանք: Ուղղակի դրա փոխարեն հարկավոր է միջազգային ասպարեզում ճկուն դիվանագիտություն վարել: Այսօրվա դրությամբ մեր ունեցած անվտանգության միակ վերազգային երաշխիքը ՀԱՊԿ-ն է, իսկ դաշնակիցներն՝ այդ կառույցին անդամակցող մյուս 5 երկրները: Ուրեմն՝ եղածով պետք է առայժմ բավարարվել, բայց ձգտել ու հնարավորություն ստեղծել ունենալու անվտանգության ավելի հուսալի երաշխիքներ եւ ավելի ազնիվ գործընկերներ:

Շարունակենք ՀԱՊԿ-ի թեման, որն ամենակարեւորն էր անցնող շաբթում.

 

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Համաձայն սահմանված կարգի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յու․Գ․Խաչատուրովն ազատվել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: Ըստ այդմ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է վերջինիս տեղակալ Վալերի Սեմերիկովին: Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել դատարանից եւ օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից:

…Եվ այսպես՝ իր պաշտոնից Յուրի Խաչատուրովի հետկանչը, որի մասին այնքան խոսվում էր, այլեւս կայացած իրողություն է: Այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության եւ նրա նոր ղեկավարի ընտրությունն այս օրերին Աստանայում ընթացող՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի առանցքային հարցերից մեկն է: Գլխավոր ինտրիգը, որի շուրջ մեզանում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական քննարկումների որոշակի ալիք է բարձրացել անցնող շաբաթվա ընթացքում, հետեւյալն է. Հայաստանը կպահպանի՞ արդյոք քարտուղարության մանդատը մինչեւ 2020 թվականը, թե՞ այն ինքնաբերաբար կանցնի Բելառուսին, որն այբուբենական կարգով հաջորդն է: Այս առնչությամբ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ոչինչ չի ասվում, հստակեցված չէ մասնավորապես գլխավոր քարտուղարի հետկանչման հետ կապված կարգավորումը: Ռուսական մամուլը գտնում է, որ Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կընտրվի Բելառուսի թեկնածուն, իսկ հայկական լրատվամիջոցները հակառակն են պնդում՝ համոզմունք հայտնելով, որ 3 տարով նշանակված Խաչատուրովի լիազորությունները կշարունակի Հայաստանի ներկայացուցիչը: Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդ` շրջանառվում է նույնիսկ պաշտպանության նախկին նախարար, կադրային գեներալ Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ Արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ այս պահին նախարարի եւ նրա ներկայացուցիչների մակարդակով Մոսկվայում բանակցություններ են ընթանում խնդրի վերաբերյալ:

Իհարկե՝ միջազգային կառույցում երկրի բարձրագույն ներկայացուցիչ ունենալը որոշակի դեր խաղում է: ՀԱՊԿ-ի պարագայում մի փոքր վերապահում պետք է անել, քանի որ այդտեղ, ով էլ զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, միեւնույն է, «առաջին ջութակը» Ռուսաստանն է, եւ դա գաղտնիք չէ: Հետեւաբար՝ Հայաստանի համար նախընտրելին պետք է լինի ոչ թե «առաջին դեմքի» մանդատ ստանալը, այլ  երկրի շահերը վստահորեն առաջ մղելու ունակ կշռադատված քաղաքական ուղեգիծ որդեգրելը, որն ի զորու է տվյալ կառույցում պահպանել քո պատվավոր սանդղակը, մեծացնել քո դերն ու ազդեցությունը: Այնպես որ, պետք չէ ծանր տանել՝ եթե չանցնի Հայաստանի ներկայացուցիչը: Պետք է առաջ նայել՝ ետ չմնալու համար արդի «ռեալ պոլիտիկի» ժամանակներից:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

ԱՄՆ-ը վերականգնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները

BBC-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին Թրամփի վարչակազմը վերականգնել է 2015թ. Միջուկային գործարքի արդյունքում վերացված բոլոր պատժամիջոցները` ուղղված Իրանի տնտեսության հիմնական հատվածներին: BBC-ն նաեւ հղում է անում Պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը լրագրողներին ասել է. «Իրանի վարչակարգն ունի ընտրություն. այն կարող է կա´մ 180 աստիճանի շրջադարձ կատարել իր գործողությունների անօրինական ընթացքից եւ հանդես գալ որպես նորմալ երկիր, կա´մ ականատես լինել սեփական տնտեսության փլուզմանը»:

The New York Times-ը գրում է, որ դեռեւս մայիսին, երբ Թրամփի վարչակազմը դուրս էր եկել Միջուկային գործարքից, հայտարարվել է, որ այն կրկին կվերագործարկի համաձայնագրի շրջանակներում վերանայված խիստ տնտեսական պատժամիջոցները՝ ուղղված Իրանի նավթի արտահանմանն ու բանկային ոլորտին: Նախագահ Թրամփը Միջուկային գործարքը «պատմության մեջ ամենավատ գործարք» է որակել` ասելով, որ այն ոչինչ չի անում Իրանի միջուկային զենքի կիրառումը բացառելու, այդ թվում արտասահմանում ընդդիմադիրների սպանությունները, հեռահար հրթիռային ծրագրերի զարգացումը կանխելու եւ «Հըզբոլլահ»-ին, Սիրիայի կառավարությանը, Յեմենում հութիների ու ամբողջ տարածաշրջանում շիա ընդդիմադիրների հովանավորումը կասեցնելու համար:

Նույն հոդվածի համաձայն, Եվրամիության անդամները` ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, ինչպես Չինաստանը եւ Ռուսաստանը, հայտարարել են, որ շարունակելու են մնալ Միջուկային գործարքում: Նրանք փորձում են նաեւ գործարքի մեջ պահել Իրանին՝ հակազդելով ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին: Միասնական հայտարարության մեջ Եվրամիության արտաքին քաղաքականության գծով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին եւ ֆինանսների նախարարները հայտարարել են, որ «խորապես ափսոսում են» ամերիկյան պատժամիջոցների վերականգման համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Վաշինգտոնը ութ երկրների` ներառյալ Թուրքիային եւ Չինաստանին, ժամանակավորապես հնարավորություն է տվել նավթի շուկայում գնել իրանական նավթ` զուտ կայունությունը պահպանելու համար:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: