Tuesday, 26 November 2024

F Free Platform

«Գյուլլել ընդդիմադիրներին…»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հասկանալի է, որ թիրախի կենտրոնում կրկին ու կրկին ՀՅԴ-ն է: Դաշնակցության հասցեին ամեն կարգի մրոտումները մի կետում ձախողվում են՝ ոչ մի ձեւով չեն կարողանում վարկաբեկել դաշնակցական պաշտոնյաներին, ովքեր 1998-ից ի վեր աշխատել են որպես նախարար՝ Արծվիկ Մինասյան, Լեւոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Սպարտակ Սեյրանյան:

Փորձեր, իհարկե, եղել են, կառչել են մանրուքներից, բայց ապացուցել, թե նրանք պետություն են թալանել կամ հայրենասեր չեն՝ ոչ մի ճիգով չեն կարողացել: Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմներում դաշնակցականների դերն էլ ուզած-չուզած ընդունում են, քանի որ փաստերը պողպատյա են:

Ներում եմ հայցում ընթերցողներից, բայց ինձ համար այդ կուսակցությունն ու կուսակցականները տարբեր են, քանի որ կառույցի մասին երկդիմի կարծիքներ շատ կան, սակայն ճանաչածս գործիչներին իրենց ազգանվեր կենսագրության համար անկեղծորեն  հարգում եմ: Ահա այդպիսի մի գործչի տարիներ առաջ հարցրի, թե ինչու չեն պատասխանում լեւոնական քարոզիչների զրպարտանքներին, որոնք որոշակի սկզբնաղբյուր ունեն՝ ցեղասպան-թուրքականը: Մեղմ ձայնով ասաց մի կարճ նախադասություն՝ մենք չենք ցանկանում իջնել նրանց մակարդակին… 16-17 տարի առաջ էր:

«Թավշյա» ողբերգությունից հետո հակադաշնակցական հարայ-հրոցը միայն սաստկացել է, բնականաբար, մակարդակների կտրուկ տարբերության հետեւանքով: Պատերազմը տանուլ տալուց եւ դրա պատճառով առաջացած վիթխարի կորուստների ամբողջ խորքը հասկանալուց հետո մեր երկրում բողոքի մեծ ալիք բարձրացավ, ժողովուրդը հեղեղեց փողոցները եւ, իհարկե, Դաշնակցության նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ:

Չգիտեմ՝ այս վիճակից դուրս գալուն դա որքանով կօգնի, հուսանք՝ կօգնի, սակայն կուզենայի իմանալ, թե ինչքան կարելի է հանդուրժել աջից ու ձախից հնչող հաչոցներն ամբողջ ընդդիմության հասցեին: Թուրքամետ ամբոխը գլխավորում են ովքե՞ր՝ դերասանները, թատրոնի մարդիկ… Տեսնես՝ դա ի՞նչ գաղտնիք է: Դեր չեն գտնում խաղան՝ դավաճանի այլանդակ կերպա՞րն է մոդայում…

Նիկոլայ Ծատուրյանը փրփուրը բերանին կոչ է անում ընդդիմադիրներին գյուլլել… Ես նրան տեսել եմ մեկ անգամ՝ Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ավարտական կուրսի դիպլոմային ներկայացման ժամանակ: Համազգայինի դահլիճը շունչը պահած հետեւում էր ապագա դերասանների խաղին, իսկ նա՝ պարոն Ծատուրյանը, ով ներկա էր, որպեսզի գնահատեր ջահելների խաղը, ձեռքերը դոշին խաչած քնած էր: Քանի անգամ նրա ուղղությամբ նայեցի՝ նույն դիրքով քնած էր, ու բոլորը դա տեսնում էին… Խղճացի այն երիտասարդներին, ովքեր հույսերով խանդավառված՝ ուզում էին ոտք դնել թատրոն-տաճարի շեմին: Շատերն, անշուշտ, այլ ճամփաներ ընտրեցին ու մեղավոր չէին…

Հիմա ուզում եմ իմանալ՝ այս գյուլլասեր ծատուրյանը պետք է մնա անպատի՞ժ, հարգելի դաշնակցականներ եւ մյուս ընդդիմադիրներ: Գոնե որպես բռնության կոչ անող չի՞ դատապարտվելու, եթե նույնիսկ մի կողմ թողնենք նրա ամենակուլ քծնահակումներն ու թրքամոլությունը, որոնցով անդամագրվում է դավաճանների հանցախմբին:

Հարգելիներս, ես մարդկանց հասցեական վիրավորանք հասցնելուց միշտ խույս եմ տվել՝ չնայած զանազան լալաներ, սոսեր, գնելներ ու չգիտեմ էլ ինչեր փայլատակել են մարդկայնության ստորոտներում: Այս անգամ չկարողացա, այս անգամ ես տեսնում եմ, որ մեր դժբախտությունների մեծ մասի մեղավորը հանրային հարթակներ ներխուժած միջակությունն է՝ տերերին շողոքորթելու իր միակ տաղանդով եւ ազգային ու պետական մտածողության իսպառ բացակայությամբ:

Սրա՛նց պատճառով իշխանությունը վերածվեց թշնամու գործակալական ցանցի, սրա՛նց պատճառով ավերակվեց պետական ամբողջ համակարգը՝ սկսած մեր պանծալի բանակից: Եթե սրանք չլինեին՝ կունենայինք շեն Արցախ, շեն Հայաստան, կունենայինք հազարավոր առողջ տղամարդիկ՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում, չէինք ունենա եռապատկված Եռաբլուր, հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդներ ու շնչահեղձ լինող սահմաններ:

Սրանց անուղեղության պատճառով թուրքը մխրճվում է մեր մի ոտնաչափ Հայաստանի մարմնի մեջ, որպեսզի հագուրդ տա արնախում բնազդներին:

Սա, որ տենչում է ընդդիմադիրների գյուլլելը, չի՞ պատկերացնում, որ այսպես մի կարճ ժամանակ շարունակվելու դեպքում բարեկիրթ ու մարդասեր ընդդիմությունը մի կողմ է քաշվելու, եւ ասպարեզը լցվելու է որդեկորույս ծնողների վրիժառու բազմությամբ: Ցավից խելագարվողները չեն նայելու, թե դավաճանների հանցակիցները քանի դեր են խաղացել, քանի կոչում են ձեռ գցել կամ թե ում ինչպես են քծնել, համատարած ջնջելու են դրանց պիղծ ցեղը…

Իհարկե, չի պատկերացնում, այդքան խելք որտեղի՞ց… Ուրեմն՝ որպեսզի այս սարսափը տեղի չունենա, ընդդիմությունը պարտավոր է հայրենափրկիչ ծրագրերում ներառել նմաններին լռեցնելու եւ պատժելու կետ՝ այդ այլանդակությանը մեկընդմիշտ վերջ տալու եւ արյունահեղությունից խուսափելու համար:

Խոսքս սկսեցի Դաշնակցության մասին ակնարկից, որովհետեւ լեւոնական քարոզչամեքենայի երկու կիազակետերից առաջինն այս կուսակցությունն է (երկրորդը Քոչարյանն է), այն հաշվի չառնելով ոչ մակարդակների տարբերություն, ոչ բառերի խտրություն՝ ամեն անգամ աղտոտում է հանրային կյանքի բնականոն ընթացքը, ջուր լցնում թշնամու ջրաղացին: Հայհոյելը, զրպարտելը, չարախնդալը պետք է բացառել, այդ հիվանդությունը նյութված է մեզ պառակտելու եւ իրենց հայակործան նպատակներին հասնելու համար:

Եթե մի քանի սրիկաներ վայրահաչելու համար բանտ ընկնեն կամ գոնե տուգանվեն՝ մյուսները կպապանձվեն:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.