Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Երբ ամեն ինչ տարանջատում է, եւ ոչինչ չի միավորում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականից ի վեր Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը տրոհված է, եւ բաժանարար գծերը գնալով խորանում են։ Պատերազմից հետո այդ տրոհումն ավելի է սաստկացել: Եթե 2018-ին իշխանության եկածները հավաստիացնում էին, որ եկել են կոռուպցիայի դեմ պայքարելու, արդար սոցիալական հասարակություն ստեղծելու համար, ապա այժմ անգամ այդ հռետորաբանությունը չկա: Չկան նաեւ դրան հավատացողները։ Եթե առաջ կար «հների» ու «նորերի» բաժանում, ապա այժմ բաժանումը երկու «հների» մեջ է, եւ չկան նոր «նորեր»: Չկա նաեւ ինչ-որ նոր բան ստեղծելու համար հանրային որեւէ դիսկուրս։

Մամուլին ու սոցցանցերին հետեւելիս՝ նկատելի է, որ հասարակության տարբեր խմբերը միմյանց նկատմամբ դարձել են ավելի խորթ ու անհաշտ։ Սա միմյանց հանդեպ թշնամություն է, որտեղ չկա արժեքային պայքար, բնականաբար՝ չկա նաեւ պայքար քաղաքական ուղեգծի համար։ Համոզմունքները պատերազմից հետո «մահացել» են, սակայն թշնամանքը իներցիայի ուժով մնացել է՝ դառնալով անիմաստ ու անհեռանկար եւ, այդու, ավելի անհաշտ։

Հասարակության տրոհման լավագույն օրինակներից մեկն այս օրերի Միացյալ նահանգներն է։ XIX դարի նրա պատմության էջերից, ասես, վեր է հառնել արյունալի քաղաքացիական պատերազմը։ Ամերիկայի հասարակությունը նույնպես կորցնում է իր կողմնորոշիչները: Թվում է՝ այլեւս չկան «Ամերիկյան երազանքը», «Ազատություն» տարածելու համաշխարհային առաքելությունը։ Նախագահի ընտրություններից հետո, կարծես թե, փոխադարձ ատելությունը պետք է հանդարտվեր, սակայն հակառակն ենք տեսնում։ Երբ հանրային կողմնորոշիչները ոչնչանում են՝ մնում են զուտ թշնամանքը, անհեռանկարային ապագան եւ արժեքների դեվալվացիան։

Քաղաքագետները, փիլիսոփաները, հետազոտողները փորձում են իմաստավորել արդի քաղաքակրթությունը, հասկանալ, թե ուր ենք գնում, սակայն մինչ այդ շարունակվում են քաղաքական զարգացումները՝ մասնավորապես իշխանության համար պայքարը:  Անորոշություն է տիրում ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ աշխարհում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում։

Բայց վերադառնանք Հայաստան: Իրականում հայաստանյան հասարակությանը ոչ մի լուրջ բան չի տարանջատում կամ՝ բաժանում։ Մեզանում, ինչպես նաեւ արժեքների ճգնաժամ ապրող մյուս երկրներում, բաժանված է էլիտան կամ, եթե այդ բառը շատերի համար ամպագոռգոռ է հնչում՝ հաշվի առնելով «էլիտայի» որակական հատկությունները, անվանենք քաղաքական խմբավորումներ, որոնք ունեն տարբեր շահեր։

Սույն խմբավորումները պայքարում են իշխանության եւ հանրային ռեսուրսների տիրանալու համար, ու նրանցից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, սակայն այդ «ճշմարտությունները» բացառապես հատվածական են՝ հիմնված խմբային շահերի վրա, ինչը չի ստացվում մատուցել որպես հանրային շահ։

Հայաստանի հասարակությունը չունի այնպիսի խորքային ու ճակատագրական տարանջատում, որն անհաղթահարելի լինի։ Բոլոր «գծերն» արհեստական են, իսկ «խորքային» պատճառը ընդամենը «հանրային ունեցվածքի ու ռեսուրսների» տիրապետության համար կռիվն է։ Հիմնական խնդիրը համարժեք քաղաքական խոսույթի բացակայությունն է, որը նման պայմաններում չի էլ կարող գոյություն ունենալ։ Հիմա մեզ ամեն ինչ տարանջատում է, եւ ոչինչ չի միավորում՝ անգամ Արցախում կրած պարտության հետեւանքների հաղթահարումը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: