Sunday, 18 May 2025

F Free Platform

Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների եւ տեսախցիկների առջեւ հայտարարելով. «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք է վերադառնանք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց է եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»:

Սա հայոց մեջ Հայոց ցեղասպանության փաստը (եւ, հետեւաբար, Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, խնդիրը բարոյական տեսանկյունից բացասականորեն քննելու, հանրության մեջ դրա արմատները գցելու, բարոյական նշաձողը հանելու, կատարվածի համար մեղքը բացի գլխավոր հանցագործից այլոց, այդ թվում զոհի վրա գցելու եւ ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու եւ ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։

Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջեւ եւ խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։ Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձեւակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։

Հայոց ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբրեւ «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող՝ մարդկության դեմ հանցագործության ազգային եւ միջազգային ընկալման դեմ նման ապակառուցողական միտումները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսեւորում, այլ նաեւ քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում՝ որպես մարդկության դեմ հանցագործության արդարացման փորձ կամ հանցակցություն։

Ուստի ես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ memory law-ին համապատասխան օրենքի ընդունում ՀՀ Ազգային ժողովից եւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ եւս իսկ մամուլի ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջեւ։

 

Էդուարդ Աբրահամյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.