Monday, 25 November 2024

F Free Platform

Ո՞ւմ է ձեռնտու այս քաոսը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Երբեւէ երազում էլ այսպիսի վիճակ չէինք պատկերացնի` Արցախի հանձնում, Հայաստանի մասնատում, աշխարհի բաժանում… Մեզ տեսանելի` տերերի գզվռտոց, շահերի բախում, տարանջատ ժողովուրդ, որը տանում է անմեղ տղաների զոհաբերության, հայրենիքի կորստյան, արժեքների ոչնչացման:

Հայրենիք պաշտպանող զինվորին պե՞տք է այս գզվռտոցը, որը շահամոլ տերերի, թե նրանց նվագի տակ պարողների համար է։ Մի՞թե սգավոր ծնողներին է անհրաժեշտ այս քաոսը, որ իրենց շահերից ելնելով` ստեղծել են տերերը։

Ովքե՞ր են շահում այս թոհուբոհում։ Երկրին նվիրված ազնիվ հոգիները երկնքում են, նրանց շիրիմները՝ Եռաբլուրում, սրբատեղի դարձած գերեզմանոցներում։

Չէի ասի` շահում է հասարակ ժողովուրդը, որոնցից շատերը շահամոլ տերերի համար «իրենց կյանքը տալիս են» հայհոյանքներով, կեղծ էջերի թափոնով, շուրջբոլորը աղբ թափելով, թե ինչ է՝ իրենց տերերին ծառայում են։

Ո՞ւմ էր պետք այս քաոսը, ո՞ւմ է այն ձեռնտու: Հասկանալի է` հայրենիք հանձնողներին, երկրի տերերին, աշխարհ բաժանողներին: Ո՞ւմ է ձեռնտու` թմրեցնել ժողովրդին, ո՞ւմ համար էին Հայաստան ներկրվող մոտ երեք տոննա թմրանյութերը։ Հարկավոր է պարգեւատրել այն շանը, որ միջազգային մամուլի թեմա է դարձրել այս խայտառակությունը։

Այդ մասին այնքան չխոսվեց Հայաստանում, որքան այս օրերին այն անսովոր «առեւանգման» ու զոհվածի մոր կալանավորման մասին։ Եռաբլուրում զոհվածների մայրերի քաշքշուկը դեռ չէր մոռացվել, հիմա էլ` այս մեկը։

Ոմանք մեղադրում են զոհվածների ծնողներին։ Իսկ ես ուզում եմ իմանալ, թե առողջ, բանական մարդը ինչպե՞ս է դիմացել, երբ որդի է ուղարկել զինվորական ծառայության, բայց փոխարենը ստացել որդու դիակը կամ մարմնի մասեր։ Պատասխանը կասեն` հայրենիքի պաշտպանության համար էր։

Բայց ինչո՞ւ է այդ հայրենիքը հանձնվում թշնամուն, երբ այնքան զոհեր ունեցանք։

Երկրի տերերին հայրենիքը պե՞տք չէր, թե՞ նրանց զոհերն էին անհրաժեշտ… Այն էլ այսպե՞ս` վերջերս կարդացի, որ զոհվածի մորը ցույց են տվել երեք ձեռք, նա չի վերցրել, դեռ իր որդուն է փնտրում։

Եթե երկիրը կորստյան մատնողները չեն դատապարտվում՝ անարդարացիորեն կալանավորվում են զոհվածների մայրերը։ Ցավոք, սա է երկրի տերերի վարքագիծը, նրանց մոգոնած օրենքը, որն իրենց վրա չի տարածվում:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.