Friday, 04 October 2024

F Free Platform

Պատերազմով ու շրջափակման աղետով անցած երեխաներ…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը լավ առիթ է շնորհավորելու Արցախի երեխաներին եւ հիշելու, թե ինչերի միջով անցան մեր երեխաները վերջին ամիսներին…

Անցած տարվա սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի առաջին օրը, նկարեցի նրանց մի խմբի Մարտակերտի մեր հնգհարկանի բնակելի շենքի նկուղում, որտեղ պատսպարվում էին թշնամու ասպատակություններից:

Արդյո՞ք այդ տոնը նաեւ Արցախի երեխաների համար է, երբ օրվա նպատակն  է` բարելավել երեխաների բարօրությունը, ամրապնդել բոլոր երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները…

Աշխարհի ո՞ր մասում հարցրին, թե արցախցի երեխաներն ինչպես են գոյություն քարշ տալիս շրջափակման դառն ամիսներին։ Ովքե՞ր իմացան ու միջոցներ ձեռնարկեցին սովի մատնված երեխաներին փրկելու համար, որ դասերից կտրված՝ հացի հերթերում էին, ձմռան ցրտին՝ առանց ջերմության, առանց լույսի՝ մթության մեջ։

Պատերազմներով, բռնատեղահանությամբ անցած Արցախի երեխաները, որոնց  նկուղներ տարան ծնողները՝ սարսափած ահեղադղորդ ավերածությություններից:

Միջազգային ո՞ր մի կառույցն էր, որ փորձեց կանխել 30 հազար արցախցի երեխաների տնավեր դառնալը, այդ ովքե՞ր ձեռք մեկնեցին նրանց, որ հայրենազուրկ չդառնան:

Աշխարհի երեխաների պաշպանության միջազգային օր ունեի՞ն մեր երեխաները՝ անկախ տարիքից, սեռից, գույնից, կրոնից, երբ բնավեր դարձած՝ զրկվեցին հայրենիքից ու ընկան քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տնից տուն, դպրոցից դպրոց… Արտասվախառն էին նրանք, նոր միջավայրին չհարմարվելու տառապանքով դրոշմված, հայրենիքի կարոտը սրտներում:

Որքա՜ն շատ տոնական օրեր կան, որքա՜ն շատ երեխաներ, որոնց անհոգ ապրած մանկությանը ամեն տարի ավելանում է այս օրը։ Արցախի երեխաները, որոնց խոսքում հայրենիքը հնչում է արտասվախառն, ու գլորվում են օրերը, որ պիտի սպեղանի դառնան   հայրենակարոտի, բայց ժամանակն էլ չի բուժում, ու նորից հայացքիս առջեւ երեւում են այն բոլոր երեխաները, որ պատերազմներով անցան, շրջափակման աղետներով, հետո եկավ բռնատեղահանությունը:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.