Friday, 19 April 2024

F Free Platform

Համբերություն մեզ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գունավոր հեղափոխությունները հաջողվում են, խփում են ուղիղ նշանակետին, քանի որ ծրագրվում են գաղտնի կենտրոններում, հույժ գաղտնի պայմաններում ու մանրակրկիտ մշակված են ըստ թիրախ երկրի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդի մտածելակերպի, ավանդույթների: Քաղաքագետներից բացի, այդ նեռական ծրագրերով զբաղվում են ռազմագետներ, հոգեբաններ, վիճակագիրներ ու անգամ հոգեբույժներ: Նրանք գործը երբեք կիսատ-պռատ չեն թողնում, ամենայն մանրամասներով հարմարեցնում են իրենց նպատակին, թեկուզ դրա համար պահանջվեն տարիներ, թեկուզ՝ տասնամյակներ:

Ծրագրավորողների սուր ու թունավոր նետերը երբեք չեն վրիպում, անընդհատ կատարելագործվում են, նորանում, դառնում ավելի նպատակային ու դաժան: Մեր երկրում եւս նրանց փորձարկումը ցնցող արդյունքներ տվեց, այն էլ՝ ոչ մեկ անգամ, վերջինը 06.20-ի արտահերթ ընտրություն հորջորջյալ թակարդն էր: Զենքերից գլխավորը՝ զրպարտության ու բամբասանքների շրջանառությունը, Հայաստանում ներդրվել էր անկախության հռչակումից անմիջապես հետո ու գնալով ահագնացավ, տարածվեց, նողկալի դրսեւորումներ ունեցավ: Դա հոգեբանական ազդու միջոց էր, որը բթացրեց հազարավոր մարդկանց ինքնագիտակցությունը, նրանց վերածեց անդեմ գոյացությունների, որոնց սակայն բնորոշ էին ատելության ու մաղձի հրավառությունները:  Ամբոխավարությունը մեզանում արագ փոխակերպվեց ժեխապետութան:

Այո, ցավալի է, վիրավորական աշխարհիս հնագույն ազգերից մեկի համար, բայցեւ արձանագրելի, որ անմարդկային տեխնոլոգիաները մեր երկրում առնվազն կիսով չափ հաղթեցին: Եվ հիմա՝ այս անպատմելի ողբերգություններից հետո, սպառնացող վտանգների հենքին միջազգային որջերում մշակված տեխնոլոգիաների դեմ օրենքի տառը դրոշակ դարձրած դուրս գալը միամտություն է, նրանք նախապես հաշվարկել են իրենց ծառայող գործակալական ներուժը, որը սփռված է պետության բոլոր անկյուններում: Չարժե դերակատարներ ու դեպքեր վկայաբերել, դրանք բացահայտ են:

Ի՞նչը կարող է հակադարձել գունահեղափոխության այս ամեհի հորձանքին, որն ուղղակիորեն սպառնում է մեր գոյությանը: Ցավոք, ընդդիմության առաջատարները ուժային կենտրոնների խարդավանքներից բավարար չափով տեղյակ չեն, նրանք չարի դեմ դուրս են եկել իրենց փորձառության հնացած զենքերով, որոնք խափանելը փորձված գայլերի համար մի դժվար գործ չէ, դա ապացուցվեց քվեների բացահայտ կեղծարարությամբ:

Իհարկե, երկրորդ եւ երրորդ նախագահների դաշինքներն իրենց ընտրարշավով հասարակական մթնոլորտը բավականաչափ թարմացրին, ոգեշնչում ներարկեցին հուսահատ մարդկանց, միավորեցին նրանց տեսակը, սակայն ճակատամարտը դաժան է: Ընտրակեղծիքներին հակադրել սահմանադրական ինչ-ինչ քայլեր, թերեւս նույն միամտության դաշտից է: Փողոց դուրս գալ չարժե, վտանգն ահռելի է, ժամիշխանիկները հաջողությունից հարբած են ու անկառավարելի, ընդունակ են ամեն արկածախնդրության: Իմ կարծիքով՝ պայքարը պետք է շարունակել խորհրդարանում եւ խափանել այն բոլոր դավաճանական քայլերը, որոնք դրածո իշխանավորները պատրաստ են անել, ու ընդդիմադիրներն ԱԺ-ում այդ ներուժն ունեն:

Ի տարբերություն իշխանական կիսագրագետ զանգվածի, որի միակ առավելությունը անհեթեթություններին սոսնձված լկտիությունն է, նրանք խելացի են, հետեւողական, հայրենասեր եւ ամենակարեւորը՝ ոչ մեկի դրածոները չեն: Այս տարբերությունը ընդդիմության օգտին է, որը նույնն է՝ պետության օգտին է: Առանց հուսահատության ճահիճն ընկնելու, առանց միմյանց մեղադրելու, վիրավորելու, հարկավոր է պահպանել քարոզարշավում ձեռք բերած մտավորական միասնությունը:

Հասարակության խաբված հատվածին էլ պետք չէ անընդհատ մտրակահարել, նրանց թիվը շատ փոքր է, մեծ է կեղծված քվեների թիվը: Մտքերիցս մեկը կրկնեմ. Արարիչը պատահաբար չի մեզ այս ժայռերի, կիրճերի, գետերի բարդ տեղանքում բնակեցրել, ցանկացել է, որ համբերությամբ տքնենք, լուծումներ գտնենք, հաղթենք դժվարություններին, միմյանց թիկունք լինենք: Ուրեմն՝ նախեւառաջ համբերություն մեզ: Զուտ կանացիաբար կռահում եմ, որ մեր շարքերում բարեբեր խտացում է կատարվելու: Դա մեր զենքն է լինելու այս երեսպաշտ, մարդկայինից քայլ-քայլ հեռացող անհոգի աշխարհի դեմ:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.