Նախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանը հանրահավաքներին գնում էր մուրճով ու սպառնում էր հարկ եղած դեպքում մուրճը իջեցնել իր հակառակորդների գլխին։ Իսկ ովքե՞ր են հակառակորդները: Փաշինյանը ուղիղ հայտարարում էր, որ Հայաստանում ընթանում է դասակարգային պայքար, եւ ճնշված դասակարգի վրեժը ինքն է լուծելու՝ հակառակորդները «ժողովրդին թալանողներն» են, բնականաբար։
Իրականում Հայաստանում դասակարգեր՝ որպես այդպիսին, դասական իմաստով չկան։ Արդեն դասակարգեր չկան նաեւ արեւմտյան զարգացած երկրներում, եւ այդ պատճառով ժամանակակից «ձախերը» փորձում են դասակարգերին փոխարինող այլ խավեր գտնել։ Դասակարգերի մասին Մարքսի տեսությունն այդ իմաստով հնացել է։ Ինդուստրիալ հեղափոխությունը, որի արդյունքում քաղաքներում հայտնվեցին գյուղերից եկած եւ շահագործվող բանվորներ, արդեն անցյալում է։
Այժմ հետինդուստրիալ ժամանակաշրջանն է, ավելին՝ շատերը համարում են, որ պոստհետինդուստրիալ ժամանակաշրջանում ենք ապրում եւ, մասնավորապես, Արեւմուտքում արդեն գոյություն չունեն բանվոր դասակարգեր այն իմաստով, ինչ նկատի ունեին Մարքսը եւ Էնգելսը։ Հիմա նրանց դերը կատարում են էմիգրանտները, սեւամորթները, ԼԳԲՏ համայնքը եւ մարգինալացված այլ խմբեր, այսինքն՝ կյանքից դուրս մնացածները։ Համապատասխան ճշգրտումներ են արվում նաեւ ժամանակակից «ձախերի» տեսություններում։
Հայաստանում արդի տնտեսություն չկառուցվեց, եւ մենք նման զարգացումներից տակավին հեռու ենք, սակայն նաեւ նույնիսկ ինդուստրիալ հասարակություն չենք, եւ չունենք բանվոր դասակարգ, որովհետեւ չունենք գործարաններ, արհմիություններ, չունենք դասակարգային զգացողություն ունեցող ինչ-որ շերտեր։ Այդ դեպքում ի՞նչ դասակարգային պայքարի մասին էր խոսում Փաշինյանը։ Հավանաբար՝ դասակարգային պայքարի տակ պետք է հասկանալ չունեւոր, շատ դեպքերում աղքատության եզրին եւ դրանից ցածր նշաձողում գտնվող զանգվածներին, որոնք Փաշինյանի մեջ տեսնում են միջին խավին ու փոքրաթիվ մեծահարուստներին պատժող բռունցքի, որի ձեռնափի մեջ մուրճն է։
Վերջին երեսուն տարում ՀՀ-ում ամենահրատապ խնդիրներից մեկը սոցիալական անարդարության՝ «թալանի», «անարդարացի սեփականաշնորհման», «կոռուպցիայի» թեմաներն են։ Հանրության մի ստվար զանգված սոցիալական վրեժի ու իր վատ կյանքի համար մեղավորներ է փնտրում, դա նաեւ իրենց վիճակի համար ինքնարդարացում է, որն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Սոցիալական դեմագոգիան գործող իշխանության քարոզչության առանցքն է ու բացարձակապես կարեւոր չէ, որ ՔՊ-ն իր նախընտրական ցուցակում, ի տարբերություն ընդդիմության, ընդգրկել էր իրական օլիգարխների ու դասական «թալանչիների»։
Բնական է, որ եթե Հայաստանում սկսվի սեփականության վերաբաշխման գործընթաց, դա կլինի գուցե վերջին հարվածը տնտեսությանը եւ կունենա ծանր հետեւանքներ առաջին հերթին գործող կառավարության համար, սակայն պոպուլիզմն ու դեմագոգիան գործող իշխանությանը թույլ տվեցին վերարտադրվել։ Իսկ թե ինչ կլինի հետո՝ դա արդեն ժամանակի հարց է՝ գործող իշխանությունն ապրում է օրվա ռեժիմով։
Դասակարգային պայքար, բնականաբար, Հայաստանում չի լինի, սակայն կհաստատվի այնպիսի «արդարություն», որը քարը քարին չի թողնի։ Եթե, իհարկե, Փաշինյանի մուրճն իր չափը չիմանա: