Friday, 04 October 2024

F Free Platform

Ճանապարհ դեպի անհայտություն

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Դեպի Հայաստան մեր առաջին տաժանակիր օրը սեպտեմբերի 25-ին էր։ Բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր՝ կիլոմետրեր ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով:

Ստեփանակերտ-Երեւան ճանապարհին անձրեւը բռնեց ու երկար ժամանակ դադարելու միտք չուներ: Երկնքից թափվող անձրեւի կաթիլները մեքենաների պատուհանները թմբկահարում էին, ինչն արձագանքում էր մեր հոգիներում, խոցում մեր վերքոտ սրտերը: Օրը մշուշապատ էր։ Լացող երկինքը մեզ փորձում է ճանապարհել, բայց մեքենաների շարժը կանգնած է, կարծես գամվել ենք անորոշությանը եւ բախվել հարցումների՝ ո՞ւր գնալ, ինչպե՞ս ապրել, երբ հասկանում ենք, որ հետադարձ ճանապարհ չունենք։

Շարում եմ տողեր՝ մտովի բնակարանիս բոլոր անկյունները քրքրելով, շոշափում եմ այս կամ այն իրը, պատերից անցնում եմ գույքին՝ այն բազմոցին, որի վրա նստում էի, այն համակարգչին, որի ստեղնաշարի վրա մատներս շարում էին տողեր, որոնք գրքեր են դարձել…

Մինչ տարհանվելը՝ նկուղից դուրս եկա, մտա տուն՝ մի քանի կարեւոր իր վերցնելու։ Գրքերս շոշափեցի, ցանկացա վերցնել, երկընտրանքի մեջ ընկա, բայց  թողեցի սեղանին` ափսոսանքով նայելով իմ տքնաջան աշխատանքի պտուղներին։

Տնից դուրս եկա` հազիվ զսպելով ալեկոծությունս։ Սպասումի մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված՝ մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով. «Այս վեց գրքում մանկավարժի կյանք կա, պատմական ժամանակաշրջանի արձանագրում, որը պետք է պահպանել»։

Այս օրերին էլ շարում եմ տողեր, կկարողանա՞մ պահպանել, նորից բախվում եմ անորոշությանը՝ երբ ամեն ինչ կորցրել ենք, ուրեմն պետք է նպատակ դառնա այս տողերը կյանքի կոչելը։

Նորից գալիս եմ մի նոր իրականություն՝ Հակարիի ճանապարհին ենք։ Անձրեւը շարունակում է թկթկացնել մեքենայի պատուհանները, մի փոքր շարժ նկատվեց, ապա կանգ առավ ավտոշարասյունը։ Տեղատարափ է, կայծակ, որոտացող երկինք, որից սարսռում ես:

Գոնե տողեր շարելիս, քիչ թե շատ, մոռանում եմ, որ բնությունը նույնպես զայրացած է: Բայց դժվարն առջեւում է՝ պետք է գիշերել մեքենաներում։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ի գիշերը, հասանք Հայաստան։

Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց մեր հիշողության մեջ ամուր նստած դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ լինենք… Բայց այդ մասին՝ հաջորդիվ:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.