Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Արցախյան օրակարգ. երկու խոսք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1. Ուզում են Արցախին «քուրջ» հագցնել…

Չհասցրինք հասկանալ, թե Արցախի նախկին պետնախարարն ինչ արեց-թողեց մի քանի ամսում, հրաժարականի պահանջն առաջնային դարձավ, հաջորդիվ՝ պաշտոնանկությունը։

Հիմա Արցախի նոր պետնախարար ունենք, մեկ էլ այդ պաշտոնին հավակնող մի երրորդ ուժ` բավական շռայլ խոստումներով, պարտավորությունների մեծ «փաթեթով», ժողովրդի մեջ հավատ ներշնչելով, թե ամեն ինչ լավ է լինելու։

Այդքանը մի կողմ թողնենք, ընդդիմությունը երեկ հիշեցրեց, որ իրենք էլ կան: Եթե ասեմ` արցախցիները մնացել են երկու կրակի արանքում, դա քիչ է, հազար ու մի կրակի արանքում ենք, երբ ամեն տեղից քաշում են…

«Քուրջ» բառը հիշեցի՝ լաթ, մաշված, պատառոտված չուլ։ Չգիտեմ` մե՞զ վերագրել, թե՞ Արցախին, որ այնքան են քաշելու, մեր հագին շոր չի մնալու։ Արցախի հագով էլ չէ այդ «քուրջը», ախր մի սուրբ երկրի ինչպես «քուրջ» հագցնես, երբ իր մաքրությամբ պճնված է եղել միշտ էլ, ու հանկարծ՝ պաշտոնակռիվ, իշխանատենչություն, իրարամերժ մտքեր:

Արցախը մաքուր էր, երբ մի հայացքով էինք նայում այս սրբությանը։ Խղճում եմ մի փոր հացի համար խայծ կուլ տվողներին, երբ հայրենիքի սիրո բարձրագոչ աղաղակների ազդեցության տակ չեն գիտակցում, թե իրենց քայլերով ինչ վնաս են հասցնում։

Մինչ ներսի ու դրսի թշնամիներն Արցախի հանձնման վճիռն են կայացնում, մեզ մոտ  հանրահավաքների շքահանդես է, գոնե թողնեն այն լաթը մեզ վրա մնա, հետո չասեն, թե «թագավորը մերկ էր»։

Մնում է` ուղեղներով մերկ չլինենք ու կարողանանք այն «քուրջը» շպրտել, որ թե՛ Արցախի, թե՛ մեր հագով նոր շորեր կարել տանք: Թագավորավայել:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

 

2. Արցախը կորսված չէ

Սիրելի արցախցիներ, մի՛ լսեք ամեն մի դավաճանի ու տխմարի, ովքեր փորձում են վախի մթնոլորտ սերմանել Ձեր՝ առանց այն էլ փոթորկված սրտերում. ոչ մի փաստաթուղթ չկա, ընդամենը երեք թշնամի միասին հայտարարություն են տարածել:

Ձեր անկախության երաշխավորը դուք եք, անկախություն կերտողը դուք եք, անկախություն պահողը դուք եք: Դուք ասելով` նկատի ունեմ Հայությանը ու, հատկապես, ԱրցախաՀայությանը:

Հայաստանը երբեք էլ չի ճանաչել Արցախի անկախությունը, որ մի հատ էլ Արցախից հրաժարվի, ընդամենը աջակցել է դրա ճանաչմանը, հիմա Նիկոլը փաստացի հրաժարվել է դրանից, բայց Հայությունը` ոչ:

Հայությունը Ձեր կողքին է, ուղղակի որոշ տխմարներ ու դավաճաններ, սինխրոն թե ոչ, փորձում են ձեզ համոզել, որ Արցախը հանձնեցին: Ո՛Չ: Արցախը կա ու լինելու է, քանի դեռ այնտեղ կան Հայեր, իրենց պատմական հողի վրա ապրող ու արարող, այն պաշտպանող ու պահպանող Հայեր:

Չտրվեք խուճապին ու փորձեք չկոտրվել. սա ընդամենը տեղեկատվական պատերազմ է ձեր դեմ, որով փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ Արցախը ինքնաբերաբար ու վախով պայմանավորված՝ դատարկվի, ինչը որեւէ դեպքում չպետք է թույլ տալ:

Պինդ մնացեք, Արցախը հանձնված չէ, Արցախը կորսված չէ:

 

Վահե Գրիգորյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: