Ռուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան, «Թուրանի ճանապարհի հայկական սեպը», ժանրը՝ պատմագիտական, 144 էջ, հեղինակային հրատ., 2025թ.:
Գրքում ներկայացված են այժմ «Զանգեզուրի միջանք» անունը կրող պանթյուրքական կարեւորագույն քաղաքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը:
Աշխատանքում դիտարկում են պանթյուրքական ցամաքային կապի՝ «Թուրանի ճանապարհի»՝ Հայաստանի համար գոյություն ունեցող բացահայտ ու քողարկված սպառնալիքները: Օգտագործված են թեմայի վերաբերյալ ինչպես պատմագիտական աշխատություններ, այնպես էլ քաղաքագիտական վերլուծություններ, պաշտոնական փաստաթղթեր, տարբեր պաշտոնյաների ու վերլուծաբանների հարցազրույցներ:
Ավելի քան մեկ դար տեւող տարատեսակ իրողություներն ու գործողությունները հաշվի առնելով՝ վստահաբար կարելի է պնդել, որ «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական քաղաքական եւ ռազմավարական ամենակարեւոր նպատակներից է, որի իրագործման որեւէ հնարավորություն այդ պետությունները բաց չեն թողել թե՛ 20-րդ եւ թե՛ 21-րդ դարերում, սակայն ամբողջական վերջնարդյունքի չեն հասել տարբեր հանգամանքների պատճառով: Այսօր Հայաստանը հերթական անգամ բախվել է համաթուրքական ծրագրի իրականացման սպառնալիքին։

