Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Խոսքի ազատությունը եւ պատասխանատվությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Խոսքի ազատության իրավունքը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել, սակայն ժամանակաշրջանից կախված`ունեցել է իր առանձնահատկությունները: 1990-ականներից ի վեր անկախ իշխանությունները տարբեր կերպ փորձել են այն սահմանափակել։ Առաջին նախագահի կառավարման շրջանում նմանօրինակ դրսեւորումներն ավելի ակնբախ էին` փակվում էին թերթեր, կուսակցություններ, ծեծի էին ենթարկվում խմբագիրներ ու լրագրողներ։ Հաջորդ փուլում կոշտ եղանակներին փոխարինելու եկան խոսքի ազատության սահմանափակման առավել մեղմ ձեւեր` «պարգեւատրումների», շահագրգռությունների այլեւայլ եղանակներով մամուլը եւ հեռուստաեթերը դարձնել վերահսկելի։ Չմոռանանք, որ այդ շրջանում կար «պատասխանատու» ԶԼՄ-ների բավական ստվար մի շերտ, որի վրա էլ հենվում էին իշխանությունները:

Սակայն 2018 թվականից սկսած`խոսքի ազատության սկզբունքն ինքնահոսի մատնվեց ու դարձավ բացարձակ, անցնելով վարքականոնի եւ բարոյականության բոլոր սահմանները, իսկ խոսքի համար անպատասխանատվությունը ահռելի չափեր ընդունեց։ Փաստորեն` մամուլի ազատությունը եւ անձի արժանապատվությունը դարձան անհամատեղելի երեւույթներ` վերաճելով հարաճուն հանրային խնդրի։ Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք: Ո՞րն է այս ամենի պատճառը եւ ի՞նչ պետք է անել։

Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո էապես մեծացավ հանրային կարծիքի դերը: Եվ քանի որ մի շարք դեպքերում այն գրեթե որոշիչ էր, հետեւապես մարդկանց ուղեղներին տիրելու համար ծավալվող պայքարը սկսել էր ձեռք բերել այլանդակ ու անընդունելի դրսեւորումներ։ Դեռեւս Ժան Ժակ Ռուսոն` կարեւորելով խոսքի ազատությունը, միեւնույն ժամանակ ասում էր, որ մարդկանց պետք է ընտելացնել խոսքի ազատության մշակույթին: Նրա կարծիքով` երկխոսության վարման ազատությունը հասարակություններին օգնում է բացահայտել ճշմարտությունը, հանդուրժող լինել այլընտրանքային տեսակետների հանդեպ, ինչը նաեւ նպաստում է առաջընթացին եւ զարգացմանը։

Ռուսոյի ժամանակներում` 18-րդ դարում, արդեն հասկացել էին, որ խոսքի բացարձակ ազատությունը կարող է պատուհաս դառնալ, ուստի այն պետք է սահմանափակել բարոյական նորմերով, ինչպես նաեւ պատրաստ լինել պատասխանատվություն կրելու խոսքի համար։ Ազատ խոսքը չի կարող եւ չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը, սուտը պետք է ամենայն խստությամբ դատապարտվի։

Մեզանում այդ ճշմարտությունը, ցավոք, չի արժանանում պատշաճ ուշադրության: Սուտը, վիրավորանքը, մարդու արժանապատվության նսեմացումը, չհիմնավորված մեղադրանքները սովորական գործելակերպ են մամուլի, սոցիալական ցանցերի շատ հեղինակների, հասարակական-քաղաքական գործիչների համար, իսկ հայհոյող «ֆեյքերի» ֆերմաների ստեղծումը այլընտրանքային կարծիքները ճնշելու միջոցներ են։ Խոսքի բացարձակ ազատությունը, որը չի սահմանափակվում բարոյական նորմերով ու չի ենթադրում պատասխանատվություն, դարձել է հանրային ու քաղաքական լուրջ հիմնախնդիր: Անպատասխանատվության այս խրախճանքը սկսել է խարխլել բարոյականության, համակեցության բոլոր կանոնների հիմքերը։

Ճիշտ է, խոսքի ազատությունն օրենսդրորեն ունի սահմանափակումներ, մասնավորապես` ազգային անվտանգության, բարոյականության, այլ անձերի արժանապատվության, անձնական բնույթի տեղեկատվության եւ մի շարք այլ խնդիրների առումով, սակայն այդ սահմանափակումները չեն աշխատում, դրանց կիրառումն արդյունավետ չէ կամ առհասարակ չի կիրառվում։

Ակնհայտ է, որ խոսքի ազատության մասին օրենսդրությունը պետք է փոփոխության ենթարկվի, բայց դա բավական չէ վիճակը շտկելու համար։ Քանի դեռ խոսքի ազատությունն ամրապնդված չէ դրա մշակույթի հաստատմամբ, սուտը՝ հանրային դատապարտմամբ, խոսքի համար պատասխանատվությունը` ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտների կայացմամբ, մենք չենք կարող ունենալ քաղաքակիրթ աշխարհում ընդունված համակեցության կանոններ, առավել եւս՝ պետական ու քաղաքական կայուն, հուսալի կառույցներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: