2018-ին` ժողովրդի լայն զանգվածների ճնշմամբ տեղի ունեցած իշխանափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործող «կոռուպցիոն համակարգը» փոխել նոր՝ ժողովրդավարական համակարգով։ Որպես կարգախոս՝ նմանատիպ խոսքերը վառ տպավորություն են գործում, սակայն բարդությունները սկսվում են այն պահից, երբ փորձում ենք հասկանալ, թե այն ժամանակ ինչպիսի համակարգ էր գործում եւ, որպես հետեւանք, ինչպիսի համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն նորը ստանալու համար։ Նոր կառավարությունը որեւէ կոնկրետ, հայեցակարգային մոտեցումներ հանրությանը չի ներկայացրել։ Միայն վերջերս՝ իշխանափոխությունից մոտ երկու տարի անց, Նիկոլ Փաշինյանը փորձեց նման հայեցակարգ ներկայացնել՝ շարադրելով «համաժողովրդական կոնսենսուսի» 6 կետ։
Բնականաբար, ողջունելի է, որ, թեկուզ ուշացումով, փորձ է արվում իմաստավորել «հեղափոխությունը» եւ ապագայի որեւէ տեսլական առաջարկել։ Սակայն այդ 6 կետերը՝ անկախ նրանից՝ կյանքի կկոչվեն, թե ոչ, այնուամենայնիվ, թերի են։
Ի՞նչ է նշանակում, օրինակ, համակարգային կոռուպցիա։ Սա հարաբերություններ են, որոնց վրա կառուցվում եւ կարողանում է գրված ու չգրված օրենքների սկզբունքով կենսագործունեություն ծավալել համակարգը: Գրված օրենքները ժողովրդի համար են, իսկ չգրվածները՝ իշխող խմբի յուրայինների: Ըստ այդմ էլ ձեւավորվում եւ գործում է խոշոր կապիտալը, բաժանվում են պաշտոնները, երկիրը տրոհվում է ազդեցության գոտիների։ Կարճ ասած՝ երկիրը կառավարվում է ստվերային եղանակներով։
Երբ վերանում է համակարգային կոռուպցիան, եւ համակարգը թեւակոխում է էվոլյուցիոն փուլ, համակարգի անդամները սկսում են ապրել ու աշխատել արդեն գրված օրենքներով։ Այսինքն՝ փակ, ստվերային պայմանավորվածություններով գործող համակարգին փոխարինում է բացը՝ հանրության համար թափանցիկն ու օրենքներով շարժվողը։
Եթե այդ անցումը մեզանում իրականացվի, ապա կարելի կլինի պնդել, որ 2018-ին, իրոք, հեղափոխություն է տեղի ունեցել՝ բերելով մեր հարաբերությունների նոր, արմատական ու խորքային փոփոխություններ։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կոնսենսուսի 6 կետերը ողջունելով հանդերձ՝ պետք է նկատել, որ ժամանակն է արդյունավետ լուծում տալու մի շարք հրատապ հիմնախնդիրների: Այսպես՝ ա/ ներքաղաքական կյանքում բացառել բռնությունը եւ երկրի ճակատագիրը որոշել բացառապես ընտրությունների միջոցով; բ/ Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի ժողովուրդն ու համայն հայությունը իրենց միասնական տեսակետը վաղուց հայտնել են եւ, հանուն ազգային վերամիավորման, ինքնակամ գնացել են զրկանքների; գ/ դատական համակարգի բարեփոխումները ժամանակի հրամայականն են: Ընդորում՝ բարեփոխումներ ոչ թե խոսքով, այլ գործով: Դատարանները պետք է լինեն իրապես անկախ։
Վաղուց հասունացած խնդիրների այս շարքը կարելի է երկար շարունակել: Սակայն չտարվենք երազանքներով կամ պատրանքներով: Ընդամենն արձանագրենք մի պարզ իրողություն. ոչ մի մտահղացում, գաղափար, ծրագիր եւ հայեցակարգ չեն կարող կյանքի կոչվել, եթե չլինի 7-րդ կոնսենուսը կամ, ինչպես ընդունված է մարդկության ինտելեկտուալ ժառանգության մեջ, «սոցիալական պայմանագիրը»: Սա վերաբերում է իրավունքի, սոցիալական կյանքի ու տնտեսության հիմնաքարին՝ սեփականության իրավունքին եւ սեփականության անձեռնմխելիությանը։ Առանց այս խնդրի շուրջ համաժողովրդական համաձայնության գալու՝ մենք անկարող ենք կառուցել մեր երազած իրավական պետությունը՝ օրենքի գերակայությամբ եւ, որպես դրա հետեւանք, հսկայաքայլ առաջընթացով: