Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Իրական փոփոխությունների սպասելիս

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սերժ Սարգսյանի համակարգն իրեն սպառել էր եւ պետք է հեռանար: Այդպես էլ եղավ` նա հեռացավ, սակայն համակարգի փոխակերպումների հարցը մնաց բաց:

Կառավարման համակարգը կարող է փլուզվել, կարող է եւ փոխակերպվել, երրորդ տարբերակ չկա: Կառավարման համակարգը ոչ միայն իշխանությունից է բաղկացած, այլեւ իշխանության բազմաթիվ ածանցյալներից, ինչպիսին է, ասենք, ընդդիմությունը: Ցանկացած փոփոխություն ենթադրում է նաեւ նոր  որակի պաշտոնյաների ի հայտ գալը, սակայն ինչպիսի՞ արժեքային համակարգի հիման վրա են նշանակվում նոր պաշտոնյաները կամ, նույնիսկ, ինչպիսի՞ չափորոշիչներով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ «նշանակելիս»` դարձյալ անհասկանալի է։ Համենայն դեպս` լայն հանրությունն այդ հարցում տեղեկացված չէ։

Համակարգային ի՞նչ փոխակերպումների է ենթարկվելու հեղափոխական հայտարարված կառավարությունը, ինչպիսի՞ հայեցակարգերի հիման վրա են տեղի ունենում կառավարության կառուցվածքային փոխոխությունները եւ ի՞նչ խնդիրներ լուծելու համար է այդ ամենն արվում` նույնպես մնում է չմեկնաբանված։ Հարցերը շատ են, իսկ պատասխանները չկան: Կամ` ուշանում են:

Եթե համակարգային փոփոխությունների եւ նոր կադրերի նշանակման չափորոշիչները հայտնի չեն, ապա պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի համակարգը չի փլուզվել, այն փոխակերպումների` տրանսֆորմացիայի փուլում է: Իհարկե, երեւելի դեմքերը հեռացել են, հեռացվել է նաեւ ՀՀԿ-ն` որպես նախկինի խորհրդանիշ: Սերժ Սարգսյանն է այդ անցումն ապահովել, եւ ՀՀԿ-ն ոչ թե նոր իշխանության զոհն է, այլ` Սերժ Սարգսյանի, սակայն մեր խնդիրն այլ է: Արդյոք իշխանության տրանսֆորմացիան, այնուամենայնիվ, տեղի կունենա՞ կամ արդյո՞ք կա նոր իշխանության «հոգեւոր» ճարտարապետ, որն ի զորու է ապահովել այդ գործընթացը` ինստիտուցիոնալ փոխակերպումը:

Հասարակությունը նման փոխակերպման պահանջ զգում է, նոր իշխանությունը նույնպես զգում է, որ իրենից սպասելիքներ կան, սակայն չգիտի` ինչ անել եւ որոշել է փոխել կառավարության կառուցվածքը, առաջարկում է փոխել օրհներգը, դրոշը, հետո էլի մի բան կփոխեն, սակայն պետության դիզայնի փոփոխությամբ հանրության ներզգացական սպասումները դրանցով չեն բավարարվի:

Իշխանության համար մղվող պայքարը կանոններ չի ունենում (ընդդիմադիր Փաշինյանը կարող էր խոսել` ինչ ասես), սակայն իշխանությունը չի կարող առանց հստակ սահմանված կանոնների ղեկավարել երկիրը: Նախկին քրեաօլիգարխիկ իշխանության հարաբերությունները դրված էին կրիմինալ հենքի վրա, ինչը նույնպես կանոնակարգված էր: Հիմա եթե նոր իշխանությունը մերժում է այդօրինակ հարաբերությունները, ուրեմն որո՞նք են նոր համակարգի սկզբունքները` դարձյալ պատասխանը չունենք։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները քվեարկում են միաձայն՝ միշտ կողմ են կառավարության առաջարկություններին, իսկ հրապարակային հարթակներից խուսափում են։ Դա հեղափոխականներին վայել պահվածք չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կեցվածք է։ Քանի որ նոր իշխանությունը դեռ չի հայտարարել իր նոր արժեքային համակարգը, ապա այդ բեռն ընկնում է հանրության եւ արտախորհրդարանական ուժերի վրա։ Կկարողանա՞ն հանրությունը եւ արտախորհրդարանական նոր ու հին ուժերը հայտարարված հեղափոխությունը վերածել իրական հեղափոխության` ցույց կտա ժամանակը: Ժամանակի քննության տիրույթում է նաեւ հարցը, թե արդյոք այդ գործին կմիանան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թե կշարունակեն լռել կամ ընդամենը հիմնավորել վարչապետի իրարամերժ հայտարարությունները։

Ամեն դեպքում հանրությունն իրական փոփոխությունների է սպասում, եւ առաջին հերթին` արժեքային դաշտում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: