Պեկինում Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը, ըստ էության, նոր երկբեւեռ աշխարհակարգի մասին է, որտեղ արձանագրված են նաեւ դրա սկզբունքները կամ, ավելի ստույգ, հայեցակետերը։ Բեւեռների մի կողմում Չինաստանն ու Ռուսաստանն են, մյուսում՝ Միացյալ Նահանգները: Մնացած երկրները պետք է կողմնորոշվեն ու դիրքորոշում հայտնեն, թե ով բեւեռներից որ կողմում է իրեն տեսնում կամ էլ ընտրում է չեզոք կարգավիճակ:
Հայտարարված նոր երկբեւեռ աշխարհակարգը, ի տարբերություն անցյալի (ըստ հայտարարված տեքստի), զուրկ է լինելու գաղափարախոսություններից՝ չկա գաղափարախոսական պայքար, չկան քաղաքակրթական պլատֆորմներ նրանց հիմքում, այլ «մաքուր» շահերի վրա է հիմնված: Մասնավորապես՝ հայտարարությունում ասվում է, որ ժողովրդավարությունն իրենց համար արժեք է եւ անթույլատրելի է աշխարհը բաժանել ըստ գաղափարախոսությունների, հետեւապես «գունավոր հեղափոխությունները» (այսինքն՝ գաղափարախոսությունների վրա հիմնված հեղափոխությունները) իրենց համար անթույլատրելի են։ Երկուսն էլ համարում են, որ միջազգային անվտանգության հիմքը ուժերի հավասարակշռության ստեղծումն է, հետեւաբար ՆԱՏՕ-ն եւ նմանատիպ այլ ռազմական դաշինքները չպետք է առաջխաղացում ապրեն, դրանով սպառնալիք կստեղծեն մյուս բեւեռի համար։
Հայտարարության մեջ, ըստ էության, Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները համեմատվում են Թայվանի խնդրի հետ, որը Չինաստանը համարում է իր տարածքը, սակայն Թայվանը ձգտում է ինքնուրույնության՝ այդ հարցում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածություն առաջացնելով:
Եվս մեկ շատ կարեւոր խնդրի մասին է խոսվում, դա Արկտիկայում Չինաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցությունն է, ինչը սառցահալից հետո Չինաստանի համար ապրանքների արտահանման նոր ուղի կարող է դառնալ: Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ տնտեսական մրցակցության գործում չինական ապրանքների ապահով ուղիների խնդիրն առանցքային է:
Հայտարարությունում կան եւս մի քանի առանցքային հայեցակետեր, սակայն հիմնականը, կրկնենք, նոր աշխարհաքաղաքական բեւեռի ստեղծման մասին բարձրաձայնումն է, եթե իրերն իրենց անուններով կոչենք։
Արցախյան վերջին պատերազմը աշխարհաքաղաքական հակամարտության արդյունքն էր, նույնը կարելի է ասել Ուկրաինում տեղի ունեցող դեպքերի մասին։ Ապագայում այդ բեւեռների միջեւ ընթացող մրցակցությունները տարբեր տարածաշրջաններում նույնպես լարվածության նոր օջախներ կարող է ստեղծել:
Եթե մրցակցությունը շիկանա, ապա, շատ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, անկախ իրենց ցանկությունից, պետք է որոշում կայացնեն բեւեռների միջեւ, թե ով ում հետ է, ինչին այդ երկրների զգալի մասը պատրաստ չէ: