Ղարաբաղյան շարժման մեկնարկի երեսունմեկերորդ տարեդարձն առաջին անգամ նշվում է այն պայմաններում, երբ Շարժման արդյունքում ծնունդ առած` անկախ Հայաստանի քաղաքական ընտրախավը հեռացավ քաղաքական ասպարեզից: Ներկա պահի խորհրդանշական արտահայտությունը ԼՂՀ Գերագույն խորհրդի ողբերգականորեն զոհված առաջին նախագահի ծննդյան 60-ամյակի օրվա համընկնումն է ԼՂՀ առաջին նախագահի` կալանքում գտնվելու օրերի հետ: Այս զուգադիպությունն արտացոլում է հայոց պետականության կառուցման պատմության ողջ հակասականությունը: Հնարավոր է` հենց հիմա է եկել Հայաստանում եւ Արցախում պետականաշինության գործընթացի խոշոր խեղաթյուրումների անաչառ վերլուծություն կատարելու ժամանակը: Չէ՞ որ պետական կյանքի ամենահանգուցային հանգամանքների իրավիճակին նետված անգամ թռուցիկ մի հայացքն ապշեցնում է, թե որքան մակերեսային էր այդ կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը:
Կանգ առնենք թեկուզ Հայաստանի եւ Արցախի պետականության կայացման պատմության մեջ ամենախճճված թեմային. խոսքը ընդունված պետական ակտերի եւ դրանց տոնակատարության տարեթվերի մասին է: Կարող է տարօրինակ թվալ, բայց կարեւորագույն պետական ակտերի ընդունման տարեթվերը եւ այդ ակտերի տոնակատարությունների օրերը չեն համընկնում: Այսպես` ԼՂՀ անկախության օրը տոնվում է սեպտեմբերի 2-ին, մինչդեռ 1991թ. այդ օրն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման մասին Հռչակագիրը: Խորհրդային Սահմանադրությունն այդ ժամանակաշրջանում դեռ գործում էր: Եվ միայն 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե եւ կայացան Գերագույն խորհրդի ընտրությունները: ԼՂՀ Անկախության հռչակագիրը ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1992թ. հունվարի 6-ին: Ըստ միջազգային պրակտիկայում ընդունված ավանդույթի` ցանկացած պետության անկախության տոն նշվում է համաձայն անկախության մասին ակտի ընդունման տարեթվի: Արցախում, չգիտես ինչու, այլ կերպ է ստացվել:
Գործերի վիճակն ավելի լավ չէ նաեւ Հայաստանում: Նրա անկախության օրը նշվում է սեպտեմբերի 23-ին, մինչդեռ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին: Գործնականում այդ փաստաթուղթը հռչակել է Հայաստանի Հանրապետության կազմավորման ակտը (նույնպես եւ ԽՍՀՄ կազմում): 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Անկախության հատուկ հռչակագիր չի ընդունվել: Ուժի մեջ էր մնացել 1990թ. հռչակագիրը, որտեղ Հանրապետությունը հռչակված է նախկին ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի տարածքում, թեպետ Արցախի տարածքում հանրաքվե չէր անցկացվել: Փաստացի` Հայաստանի Հանրապետությունը չունի ընդունված կարգով Անկախության հռչակագիր:
Նույնքան խճճված է Արցախի Պաշտպանության բանակի ծննդյան օրվա տոնակատարության պատմությունը: Դա մայիսի 9-նն է (Շուշիի ազատագրման օրը): Իրականում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հիմնադրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի 1992թ. փետրվարի 24-ի որոշմամբ: Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հրամանագրով բանակի հրամանատար էր նշանակվել Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ավելի ուշ կառավարության կազմում ընդգրկված` Պաշտպանության կոմիտեի (Սերժ Սարգսյանի նախագահությամբ) ստեղծման տարեթիվը եւս ոչ մի կերպ չի հարաբերակցում ԼՂՀ պաշտպանության բանակի տոնակատարության օրվա հետ: Եվ դա այն ժամանակ, երբ Հայաստանի դեպքում բանակի օրը որոշվել էր հունվարի 28-ը («Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» 1992թ. որոշման ընդունման օրը):
Թե ինչ տրամաբանությամբ էին նման որոշումներ կայացվում` դժվար է ասել: Հնարավոր է` պետական շինարարության բերված ասպեկտներն այնքան էլ սկզբունքային չեն: Բայց փաստը մնում է փաստ, որ հայոց պետականության քաղաքական-իրավական հիմնակազմիչ ակտերը բացեիբաց անտեսված են: Իրավական պետության համար, ինչպիսին իրեն հռչակել է Հայաստանի Հանրապետությունը, նման բացթողումն ամենեւին էլ կատակ բան չէ: Ստացվում է, որ քաղաքական ընտրախավը եւ հասարակությունը լուրջ չեն վերաբերվում այն ամենին, ինչ հայտարարվում է: Հնարավոր է եւ այլ բան. շատերին իրական պատմությունը դուր չի գալիս:
Ամեն դեպքում նոր պայմաններում անհրաժեշտ են ստեղծված իրողությունների վերաիմաստավորում եւ վերագնահատում` իրավական կորուստներն այնքան էլ անվնաս չեն: