Ոչ մարտական պայմաններում զինվորների` հաճախակի դարձած կորուստները հասարակությանը ցնցակաթվածի մեջ են գցել: Ինքնասպանությունները, դժբախտ դեպքերը, «դեռեւս չբացահայտված հանգամանքներում» կատարված սպանությունները, կարծես թե, պատահականություններից վերածվում են օրինաչափության, եւ այդ երեւույթի կողքով անտարբեր անցնելն անհնար է:
Այս օրերին զինծառայողի մահվան պատճառների մասին տարբեր տեսակետներ ու վարկածներ են հնչում` սկսած «դավադրությունների տեսության» ոգով համակված դատողություններից, վերջացրած պրոֆեսիոնալ առումով եւ բարոյահոգեբանորեն անպատրաստ հրամանատարական կազմի թույլ աշխատանքով: Մատնանշվում են զինվորների շրջանում ծաղկող ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթ մարմնավորող հարաբերությունները, «սեւերի» եւ «սպիտակների» ներազգային լարվածության դրսեւորումները, որոնք հասարակությունից բանակ են ներմուծում առանձին զորակոչիկներ:
Ինչ վերաբերում է «դավադրությունների տեսությանը», ապա այն, ըստ որոշ լուրերի, հատուկ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից, որպեսզի «հեղափոխական» իշխանության» դեմ հանրային դժգոհություններ սկսվեն: Կամ էլ` ընդհակառակը, սա իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի Արցախի հարցում զիջումների գնան, եւ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ լինի դրան: Մենք բերեցինք հասարակության մեջ շրջանառվող ամենատիպական տեսակետները, բայց` ոչ բոլորը։
Եվ այսպես` հանրության խորը զայրույթի ու սոցցանցերի բուռն արձագանքի հենքին, երբ ամեն ինչ արդեն քաղաքական երանգ էր ստանում` ընդհուպ մինչեւ Հայաստան-Արցախ հակադրություն, կառավարությունը ստիպված եղավ «օպերատիվ» կերպով մի քանի քննարկումներ կազմակերպել, եւ արդյունքում որոշ բարձրաստիճան զինվորականներ հրաժարական ներկայացրին։ Այսինքն` «մեղավորները» գտնվեցին, եւ հանրային տիրույթում բորբոքված կրքերը հետզհետե սկսեցին մարել։ Սակայն դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համընդհանուր ընդվզում կարող է կրկին բարձրանալ, եթե, Աստված մի արասցե, բանակում խաղաղ պայմաններում նոր ողբերգություններ տեղի ունենան:
Կառավարությունն իսկապես որոշակի քայլեր ձեռնարկեց, սակայն հանրությանը չներկայացվեց Զինված ուժերում եղած խնդիրների եւ դրանց լուծումների որեւէ համապարփակ ուսումնասիրություն, ոչ մի հստակ եզրակացություն չարվեց։ Լավ, «ռազմական գաղտնիք» համարվող հարցերը մի կողմ թողենք եւ կենտրոնանանք բացառապես հասարակությանը վերաբերող հիմնախնդիրներին` չէ՞ որ բանակ-հասարակություն շղթայում վերջինս իր բաժին անելիքներն ունի: Զինված ուժերում առկա հարաբերությունները չի կարելի համարել զուտ բանակին վերաբերող խնդիր։
Սոցիալական ցանցերում տարբեր լուծումներ են առաջարկվում: Քննարկվում է, օրինակ, այն հարցը, թե որքանով է նպատակահարմար զինվորին երկու տարի ընտանիքից կտրելու պրակտիկան: Ոմանք` իբրեւ արդյունավետ լուծում, բերում են իսրայելական բանակի փորձը, որտեղ արձակուրդներն ավելի հաճախակի են լինում, եւ ընտանիքի ու հասարակության հետ ակտիվ կապը մեղմում է ծառայության հետ կապված հոգեբանական խնդիրները, օգնում է լիցքաթափել կենցաղային հողի վրա առաջացող միջանձնային լարվածությունը եւ հաղթահարել բարոյահոգեբանական խոչընդոտները։
Սրանք հարցեր են, որոնց հանգուցալուծման գործում մեծ դեր է վերապահված ընտանիքին եւ հասարակությանը: Բանակն իր հերթին պետք է հանրության առջեւ հնարավորինս բաց լինի, իսկ զինվորի ու սպայի պատվի գեղագիտական շարժառիթների կանոնավորման հարցում` ավելի կրեատիվ։ Իհարկե, բանակում խնդիրներից, այդ թվում` անցանկալի դիպվածներից չես խուսափի։ Խոսքը մեր դեպքում ռիսկերը նվազեցնելու մասին է` այն հաշվով, որպեսզի հայոց բանակի եւ պետականության կորուստներ չունենանք: Այդ իմաստով` ամենավտանգավորը «դավադրությունների տեսությունն» է, որը կարող է հոգեբանորեն քայքայել ե´ւ պետականության գաղափարը, ե´ւ բանակի կայունությունը։