Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Եվրոպական քաղաքակրթության ճգնաժամը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը եվրոպական քաղաքակրթության այսօրվա երեք առանցքային հենասյուներն են, առանց որոնց, կամ նույնիսկ դրանցից մեկի, կարող ենք ասել, որ նման քաղաքակրթություն այլեւս գոյություն չունի: Այդ արժեքները հեշտությամբ չեն տրվել, դրանք ձեռք բերելու համար Եվրոպայում արյունահեղ պատերազմներ են եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմների ընթացքում: Երկրորդ աշխարհամարտից հետո այդ սկզբունքները դրվեցին եվրոպական քաղաքակրթության հիմքում՝ իրավական համակարգում, պետությունների կառուցվածքում ու արժեհամակարգում, եւ թվում էր՝ դրանք այլեւս հաստատուն, անխախտելի ու աներկբայորեն ճանաչված արժեքներ են:

Սակայն Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ մեզանում դրանց գերագնահատված լինելու առնչությամբ կասկածներ առաջացան: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, հօգուտ Ադրբեջանի, ուղղակիորեն եւ անթաքույց մասնակցեց պատերազմին, իսլամ ահաբեկիչներ տեղափոխեց պատերազմական գոտի, որտեղ հայերի դեմ օգտագործվում էին արգելված զինատեսակներ: Այդ ողջ ընթացքում Եվրոպան խորհրդավոր լռություն էր պահպանում, ոչ մի երկիր չդապարտեց քաղաքակրթական հիմունքների ակնհայտ ոտնահարումները: Փաստորեն՝ ազգային շահերն ավելի բարձր դիտվեցին, քան հռչակված համամարդկային արժեքները:

Ավելին՝ ժողովրդավարության ուղին բռնած Ուկրաինայի ղեկավարությունը շնորհավորեց Ադրբեջանին՝ հայտարարելով, որ իրենք եւս հակված են նման կերպ լուծելու Լուգանսկի ու Դոնբասի խնդիրները: Նրանց հույսը, ինչպես խոստովանեցին, թուրքական «բայրաքթար»-ներն էին:

Լավ, Ուկրաինան թողնենք մի կողմ եւ վերադառնանք եվրոպական քաղաքակրթությանը, որի հիմնական արժեքային փաստաթուղթը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է: Դրա վրա են հիմնված Եվրոպական խորհուրդը, Եվրոպական միությունը, ԵԱՀԿ-ն եւ ԵՄ երկրների սահմանադրությունները, որոնցում դատապարտվում են ռասայականությունը, ազգայնականությունը, այլատյացությունն ու կրոնական հողի վրա դրսեւորվող խտրականությունը: Բայց ի՞նչ կատարվեց իրականում:

Երբ ուկրաինացի փախստականները սկսեցին գալ Եվրոպա, ԵՄ երկրների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հայտարարեցին, որ ուկրաինացիները, ի տարբերության իրաքցիների, սիրիացիների եւ աֆղանացիների, սպիտակամորթ, քրիստոնյա մարդիկ են, քաղաքակրթված ազգի ներկայացուցիներ եւ, հետեւաբար, կարելի է նրանց համար բացել սահմանները: Միեւնույն ժամանակ՝ ռուսներն ու ռուս մշակույթը, էթնիկ ռուսների սեփականությունը, ըստ էության, հայտարարվում են օրենքից դուրս եւ ենթարկվում խտրականության: Սրան ին՞չ անուն տալ, եթե ոչ եվրոպական արժեհամակարգի բազիսային դրույթների կոպտագույն խախտում:

Համոզված ենք, որ ռուս-ուկրաինական ճգնաժամն ինչ-որ կերպ կհարթվի՝ ցանկացած պատերազմ, ի վերջո, ավարտվում է բանակցություններով ու խաղաղության պայմանագրով, թեկուզ միջանկյալ ինչ-որ փոխզիջումային փաստաթղթի ստորագրմամբ, եւ կրքերը հանդարտվում են: Սակայն գլխավորը սա չէ: Հիմնական խնդիրը, որն ավելի խորքային է, եվրոպական քաղաքակրթության ճգնաժամն է, երբ հայտարարված համընդհանուր արժեքները եւ օրենսդրական նորմերը ենթարկվում են քաղաքական նպատակահարմարությանն ու երկրների տվյալ պահի շահերին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: