Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Եվրոպայի փոխարեն եւ հանուն Եվրոպայի միայնակ մարտնչող Զելենսկին

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Այն միտքը, որ ռուս-ուկրաինական պատերազմը փոխում է աշխարհը, ամենատարածվածն է: Հետեւաբար, ցանկացած հարց՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ավտանգային կամ տնտեսական, հնարավոր չէ քննարկել՝ առանց փորձելու հասկանալ, թե այս պատերազմից հետո դեպի ուր է շարժվելու աշխարհը:

Ապագային վերաբերող ցանկացած քննարկում՝ լինի մեզ ամենաշատը հուզող Արցախի ճակատագիրը, թե Հայաստանի անվտանգային խնդիրը, հարկ է լինելու անցկացնել այս պատերազմի պրիզմայով: Իսկ մոտակա ապագային առնչվող հիմնական թեմաներն արդեն իսկ տեսանելի են:

Բերենք դրանցից մի քանիսը. ա/ ինչպիսի՞ն է հետայսու լինելու Եվրոպայի եւ աշխարհի անվտանգային համակարգը, որն այժմ ամբողջովին ջախջախվել է; բ/ արդյո՞ք հնարավոր կլինի հիմնել մի նոր «Յալթա-Պոտսդամ» կամ «Հելսինկի-2», որոնց արդյունքում գերտերությունները ժամանակին կարողացան պայմանավորվել «նոր» աշխարհակարգի կանոնների շուրջ, թե՞ «գնացքն» արդեն գնացել է, առճակատումը շարունակվելու է մինչեւ կողմերից մեկի «հաղթական ավարտը» (այդ կողմերից ոչ մեկում Ուկրաինան չկա), եւ այլեւս նման խոսակցություն նախապատրաստելն անհնար է; գ/ ինչպիսի՞ն կլինի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի ու նրա ներկայիս իշխանության ճակատագիրը; դ/ ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային տնտեսության վիճակը; ե/ ինչպե՞ս է լուծվելու էներգակիրների սղության խնդիրը, պարենային անվտանգության հարցերը եւ այլն։

Կենսականորեն կարեւոր այս հարցերի ցանկը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է, որ դրանց հեշտ չէ պատասխանել, ինչը տխուր եզրակացության է հանգեցնում՝ ապագան անհայտ է ու անորոշ, եւ այդ անորոշությունը շատերի մեջ վախի զգացողություն է առաջ բերում, որովհետեւ այդ զգացողության հիմնական սնուցողը անորոշությունն է։

Այս պահին «զոհասեղանին» Ուկրաինան է, որի առաջնորդը հայտարարում է, որ իրենք՝ ուկրաինացիները, պատերազմում են ողջ Եվրոպայի փոխարեն եւ հանուն Եվրոպայի։ Ինչ-որ իմաստով Զելենսկու հետ կարելի է համաձայնվել՝ փաստն այն է, որ ուկրաինացիները միայնակ են մարտնչում «բոլորի» համար, ինչից կարելի է ենթադրել, որ պատերազմից հետո «բոլորը» նստելու են բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց ուկրաինացիների։ Համենայն դեպս՝ մարդկության փորձը նման մի բան է հուշում։

Հիմա գանք Ուկրաինային, որտեղ զոհվում են մարդիկ, ավերվում են քաղաքներ, արդեն միլիոնավոր մարդիկ դարձել են տարագիր՝ անորոշ ապագայով, ու դարձյալ առաջանում է հարց. ըստ այդ երկրի նախագահի՝ պատերազմելով Եվրոպայի համար, այսինքն՝ հանուն եվրոպական արժեքների, որտեղ տարիներ ի վեր, անգամ այսօրվա զոհողություններից հետո, նրանց պաշտոնապես չեն ընդունում ԵՄ եւ ՆԱՏՕ, վերջնարդյունքում ի՞նչ են ստանալու։ Արդյո՞ք այդ զոհաբերություններն իմաստավորված են, արդյունքները՝ կանխատեսելի, թե՞ ամեն երկիր, այնուամենայնիվ, բացառապես իր շահերի համար է պայքարում։

Այս հարցի պատասխանը կստանանք պատերազմի ավարտից հետո, եւ դա լավ դաս կլինի եվրոպական արժեքներով ապրող մարդկանց համար, որոնք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել քաղաքականության լպիրշ ու անմարդկային դեմքը: Կամ էլ, ընդհակառակն, կտեսնենք շնորհապարտ եվրոպացիների երախտագիտությունը Ուկրաինայի հանդեպ՝ այն երկրի, որը հանուն իրենց միայնակ պատերազմ էր մղում Եվրոպայի ապագայի համար։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: