Հունիսի 20-ին, եթե հավատանք դեռեւս գործող վարչապետի մարտի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միանգամից տրամաբանական հարցեր են առաջանում. ի՞նչ նախագծերով են հանդես գալու մեր քաղաքական ուժերը, ինչպե՞ս են գնահատում ստեղծված իրավիճակը եւ ի՞նչ ելքեր են տեսնում այս ծանրագույն կացությունից երկիրը դուրս բերելու համար։
Արդեն իսկ կարող ենք առանց սխալվելու մտավախության ասել, որ մասնակիցների քաղաքական օրակարգերի գլխավոր կետերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, լինելու է արտաքին կողմնորոշման հարցը։ Ցավալի է, երբ կուսակցություններն ապավինում են ոչ թե սեփական ներուժին, Հայաստանի շահի վրա հիմնված ռազմավարությունների մշակման հրամայականին, այլ կենտրոնանում են ազգի «փրկությունը» դրսից ներմուծելու անպտուղ մտքի վրա: Մեկն այդ փրկությունը որոնում է հյուսիսում, մյուսը՝ արեւմուտքում, իսկ ոմանք էլ, որքան դա աներեւակայելի թվա, Թուրքիայում։
Մինչդեռ փաստ է՝ այնպիսի երկրների նկատմամբ, որոնք իբրեւ միջազգային հարաբերությունների անկյունաքար են դիտարկում «փրկության» խնդիրը եւ, ըստ այդմ, որոնում արտաքին «փրկիչներ», վերաբերվում են քամահրանքով, իսկ արդյունքը, որպես կանոն, լինում է ողբերգական։ Այդ «դասը» մենք, կարծես թե, անցել ենք:
Եվ քանի որ ներքաղաքական կյանքում «փրկիչների» որոնումն այլեւս զարմանք չի հարուցում, այդ որոնման մրցակցությունը սկսել է դուրս բերվել նաեւ միջազգային հարաբերությունների ոլորտ: Տարածում է գտել մտածողության մի ունիվերսալ սխեմա կամ աշխարհընկալման մոդել, համաձայն որի՝ եթե ներսում կարելի է, ուրեմն կարելի է նաեւ դրսում։
Միջազգային հարաբերությունները, սակայն, այլ կանոններով են աշխատում, այդտեղ զգացմունքները ոչ մի նշանակություն չունեն, իսկ հարաբերությունները «խնդրանքների» վրա չեն կառուցվում։ Կան շահեր, կան աշխարհաքաղաքական հավասարակշռությունների վրա խարսխված հարաբերություններ, կա կամք՝ սեփական շահն առաջ տանելու համար, եւ կա ամենակարեւորը՝ քաղաքական գիտելիքներ ու մասնագիտական կատարելություն։
Առջեւում ընտրություններ են, ինչը լավ պատեհություն է՝ արծարծելու կարեւորագույն օրակարգ՝ բանակի վերակազմավորում, տնտեսության վերականգնում ու զարգացում, կրթական բարեփոխումների իրականացում, սահմանների չափագրման ու սահմանազատման արդարացի միջոցների կիրառում, Արցախի խնդրի ակտիվ վերանայում եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնց վերաբերյալ հանրությունը պատասխաններ է սպասում ժողովրդի ներկա ու ապագա ընտրյալներից։
Սակայն կուսակցությունների մեծ մասը մտահոգված է խորհրդարանում տեղ ունենալու խնդրով՝ դա խաղի մեջ մնալու գրավականն է, իսկ իրական քաղաքականությամբ, այսինքն՝ կարեւոր հարցերի շուրջ քաղաքական դիրքորոշումներ ու սկզբունքներ մշակելու եւ գործնական քայլեր առաջարկելու աշխատանքով զբաղվում են քչերը։ Այնինչ քաղաքական դիրքորոշումներն ուղերձ են հանրությանը, ինչպես նաեւ արտաքին գործընկերներին, իսկ իշխանության գալու դեպքում դրանք ապագա պետական քաղաքականության գլխավոր հայեցակարգերն են։
Հիմա Հայաստանում ընդունված է մեղադրել ժողովրդին, թե չի կարողանում ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում եւ այս կամ այն կուսակցության հարցում, սակայն նույն այդ կուսակցությունները ինչ-որ ծրագրեր, ճանապարհային քարտեզներ առաջարկե՞լ են հասարակությանը, որը հնարավորություն կտար կողմնորոշվելու եւ ընտրելու լավագույնին։ Հազիվ թե:
Ընտրությունների ժամանակ պարզ կդառնա, թե մասնակիցներից քանիսն են իրապես քաղաքական կուսակցություններ եւ քանիսը՝ դրսից եկող «փրկության» սպասողներ։ Ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք։