Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մի տեսակետ է տարածվել, որ այն իրականում «պրոքսի» (միջնորդավորված) պատերազմ է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ: Ժամանակին նման պատերազմներ էին ընթանում Խորհրդային միության եւ ԱՄՆ միջեւ՝ Վիետնամում, զույգ Կորեաներում, Կուբայում, Անգոլայում եւ այլուր: Չինաստանի հզորացմամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը մրցակցում է արդեն ոչ թե Խորհրդային միության հետ, այլ՝ Չինաստանի:
Երկբեւեռ աշխարհի ժամանակներում վերը հիշատակված պատերազմ-մրցակցությունը երկու ճամբարների հատման կետերում էր ընթանում: 1991-ին՝ Խորհրդային միության փլուզմամբ, միջազգային կարգը փոխվեց եւ դարձավ միաբեւեռ: Չինաստանի հզորացմանը զուգընթաց՝ մենք այժմ վերադառնում ենք նախկին վիճակին, սակայն Ռուսաստանը, իր դերը չնսեմացնելու համար, չի ցանկանում դա կոչել երկբեւեռ աշխարհ, գերադասում է անվանել բազմաբեւեռ:
Սա մի նոր իրականություն է, որն, ուզենք-չուզենք, պետք է հաշվի առնենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցելիս: Եթե առաջ երկու բեւեռների հատման՝ վերը թվարկված կետերում էին տեղի ունենում «պրոքսի» պատերազմները, իսկ Հայաստանը՝ լինելով Խորհրդային միության կազմում, հեռու էր առճակատման գոտուց, ապա այժմ իրավիճակն այլ է, մեր տարածաշրջանում է ընթանում նման միջնորդավորված մի պատերազմ՝ այդ տեսանկյունից պետք է դիտարկել Արցախյան վերջին պատերազմը:
Եվ պատահական չէ, որ այդժամ, ինչպես նաեւ հիմա, Ադրբեջանի բացահայտ ու թաքնված դաշնակիցներն էին եւ են Իսրայելը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Պակիստանը: Այդ դիմակայությունը դեռ երկար է շարունակվելու՝ մինչեւ ապագա բազմաբեւեռ աշխարհը ձեռք կբերի օրինակարգություն, եւ բոլոր կողմերը պաշտոնապես կճանաչեն միմյանց ազդեցության գոտիները:
Ինչպես նշվեց, մենք ապագա բեւեռ դառնալու հայտ ներկայացրած կողմերի մրցակցության գոտում ենք գտնվում: Այս առումով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան փոխկապակցված տարածաշրջաններ են, որոնցից մեկում տեղի ունեցող գործընթացներն ազդում են մյուսի վրա: Ակնկալվող նոր իրողությունների լույսի ներքո առաջիկա մայիս ամսին նախատեսվում է Չինաստան-Կենտրոնական Ասիա օրակարգով մեծ ֆորում՝ Սի Ծինփինի մասնակցությամբ, որտեղ, ըստ Չինաստանի արտգործնախարարի, այդ երկրներին «մեծագույն առաջարկ» է արվելու Չինաստանի կողմից։
Ուշագրավ է, որ այս լուրից հետո ԵՄ-ը քննարկում է նշված երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե վերջիններս փորձեն պատժամիջոցներից խուսափելու գործում օժանդակել Ռուսաստանին։ Թե ինչի կհանգեցնեն այդ պատժամիջոցները, եթե դրանք լինեն, դժվար է ասել: Հնարավոր է՝ ակամա օգնեն Չինաստանի ազդեցության տակ ավելի խորը մտնելու կամ Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը վերածելու ավերածությունների գոտու՝ «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» բանաձեւով։
Ինչեւէ, Կենտրոնական Ասիայի շուրջ իրավիճակը լարվում է եւ անտեղի չէ, որ արդեն սկսել են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականության խնդրի ակտիվ շրջանառումը: Թե ինչ է ցանկանում Ադրբեջանը՝ հասկանալի է, սակայն անհասկանալի է, թե ինչ է ուզում Հայաստանը. ո՞րն է մեր ռազմավարությունը եւ ովքե՞ր են մեր դաշնակիցները: Այս հարցերը շուտափույթ պարզաբանման կարիք ունեն: