Չորեքշաբթի, Մայիսի 01, 2024

Խմբագրական

Իշխանությունը գործի է գցել բռնաճնշումների մեքենան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գործող իշխանությանը բնութագրելու համար մեզանում սկսել են օգտագործել «ռեժիմ» (վարչակարգ) եզրը: Հանրային դաշտում այդ բառն ընկալվում է որպես կառավարման բռնապետական եղանակ, երբ իշխանությունն ուժային միջոցներով ճնշում է գործադրում քաղաքական ընդդիմախոսների, մասնավորապես՝ ընդդիմադիր այն ուժերի նկատմամբ, որոնք իշխանության գալու հավակնություններ ունեն: Սակայն քաղաքագիտության մեջ «ռեժիմ» ասելով՝ հասկանում են ուղղակի կառավարման եղանակ, այդ թվում՝ ժողովրդավարական:

Դասական իմաստով տարբերակվում է պետությունների կառավարման երեք հիմնական ռեժիմ. ա/ ամբողջատիրական կառավարում, երբ իշխանության ճյուղերը սերտաճած են, բ/ նախագահական կառավարում, երբ իշխանության ճյուղերը տարանջատված են եւ գ/ խորհրդարանական կառավարում, երբ իշխանության ճյուղերը համագործակցում են միմյանց հետ:

Կա տարածված կարծրատիպ, որ կառավարման խորհրդարանական համակարգում իշխանությունն, իբր, ավելի ժողովրդավարական է: Սակայն պատմությունից հայտնի են խորհրդարանական կառավարում ունեցող վարչակարգեր, որոնք ժամանակին գործում էին ամենադաժան եղանակներով: Ուշ միջնադարի դասական օրինակներից կարելի է հիշատակել Ֆլորենցիայում՝ Սավանարոլայի, Ժնեւում՝ Ժան Կալվինի, Անգլիայում՝ Օլիվեր Կրոմվելի արյունալի դիկտատուրաները, իսկ նորագույն պատմության մեջ այդ առումով տիպական են ֆրանսիական ու ռուսական հեղափոխություններից հետո ստեղծված պետական կազմավորումները՝ հանրապետությունները:

Իրականում դաժանագույն բռնաճնշումների, արյունահեղությունների օրինակները շատ են: Այսպես կոչված՝ «դեմոկրատական» եղանակով կառավարվող հանրապետությունները հաճախ աչքի էին ընկնում զանգվածային այնպիսի բռնարարքներով, որպիսիք ոչ մի բռնապետության կամ ինքնակալության ժամանակ անգամ չէին եղել: Հեռու չգնանք՝ ի դեմս ՀՀ-ում իշխող քաղաքական ուժի՝ մենք բախվել ենք մի «ռեժիմի», որը հանրային ընկալման մեջ զուգորդվում է անսահմանափակ իշխանության վրա հենված կառավարման համակարգի հետ:

Ամենօրյա լրահոսը, որը լի է մարդկանց քաղաքական հայացքներով պայմանավորված կալանքների, ինքնիրավչության դրսեւորումների, շինծու դատական գործերի ու անարդար վճիռների մասին պատմող նյութերով, թույլ չի տա ստել: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են իրենց ժողովրդավար, իսկ Հայասատանը՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունները գործի գցել աննախադեպ բռնությունների մեքենան, սահմանափակել խոսքի ազատությունը, կալանավայրերը լցրել քաղբանտարկյալներով: Պարզ է՝ ինչու: Նրանց մեջ վախն է խոսում: Վերջին վեց տարում Հայրենիքի, ժողովրդի ու պետության հանդեպ գործած ստորությունների համար պատասխանատվության վախը:

Մյուս կարեւոր հարցն ընդդիմությանն է առնչվում. ունե՞նք արդյոք կառուցողական ընդդիմություն, որն ընդունելի լինի հանրության համար, վայելի նրա վստահությունը եւ ի վիճակի լինի ներկայացնել պատշաճ քաղաքական օրակարգ: Պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը չունի ու երբեք չի ունեցել քաղաքական օրակարգ: Ոչինչ՝ բացի պետականաքանդման ծրագրից, չի ունեցել, հետեւաբար նրան փոխարինող թիմը պետք է նախեւառաջ լրացնի այդ բացը, որպեսզի կարողանա չեզոքացնել ներկա «ռեժիմի» միակ «առավելությունը»՝ բիրտ ուժի եւ վարչական ռեսուրսի կիրառման հնարավորությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: