Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում մտահոգիչ էր: Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք՝ գործադրելով նռնակ, ինչի հետեւանքով նշված անձանցից 2-ը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը: Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Որոշ ժամանակ անց 34-ամյա տղամարդը վնասազերծվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սա մի պատառիկ է Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների մարտ ամսի վերջին շաբաթվա բազմաթիվ ամփոփագրերից: Երկրում հանցագործությունների թիվը գնալով ավելանում է, ինչը մեզանում սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական անառողջ միջավայրի, հասարակության կենսապայմանների վատթարացման մասին է վկայում: Կարող է տարօրինակ թվալ, բայց վերջին շրջանում ավելացել են իշխանության ապազգային քաղաքականության հետեւանք հանդիսացող գործողությունները, որոնցից մեկն էլ վերը նկարագրված միջադեպն է: Ի՞նչն էր այդ մարդկանց ստիպել նռնակներով հարձակվել ոստիկանական շենքի վրա՝ այն պայթեցնելու դիտավորությամբ:
Նման քայլի գնալու համար պետք է որ ծանրակշիռ պատճառ լինի: Պատճառ կա, եւ այն Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ է կապված: Մարդիկ իրենց ցասումն արտահայտել են ծայրահեղ միջոցով, ինչն, իհարկե, անընդունելի է: Ավելին՝ իրավականորեն դա ծանր հանցագործություն է՝ ահաբեկչություն եւ հրազենի ապօրինի շրջանառություն: Մեղադրանքն այսպիսին է, որը հաստատվելու դեպքում ոստիկանական բաժին զինված ներխուժման փորձ կատարած 3 տղամարդանց՝ Արթուր Մովսիսյանին, Ստեփան Հովակիմյանին եւ Վարդգես Գեւորգյանին, որոնք «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» (ԱԺԲ) դաշինքի աջակիցներ են, 8-10 տարվա ազատազրկում է սպառնում:
Լավ, բայց ո՞րն է Նոր Նորքի բաժնի ոստիկանների մեղքը: Տղաների յուրայինները վստահեցնում են, որ նրանք ոչ ոքի վնասելու միտում չեն ունեցել, մտել են բաժին, կոչ արել չենթարկվել այս իշխանություններին, որոնք ժողովրդի կամքին հակառակ՝ մեր հողերը հանձնում են: Պահանջել են ազատ արձակել «Մարտական եղբայրություն» խմբի կալանված անդամներին, որոնց բերման են ենթարկել Ոսկեպարի ճանապարհից, երբ գնում էին ոսկեպարցիներին սատարելու: Ոստիկանությունում Մովսիսյանն ասել է նաեւ, որ «Փաշինյանին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետեւ դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը եւ հայ ազգին հասցրել աղետալի վիճակի»:
Ձերբակալվածների զինակիցների խոսքով՝ բոլոր 3 ձերբակալվածներն էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, կռվի թոհուբոհում էր նմանապես Արթուր Մովսիսյանի որդին՝ Էդգարը, որն ընկավ մարտի դաշտում։ ԱԺԲ անդամ Տիգրան Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են զենք-զինամթերք, չեն հայտնաբերել. «Խուզարկության ժամանակ, կարծես թե, ամեն ինչ գնաց բնականոն հունով, թեեւ ինձ համար մի քիչ մութ բաներ կային՝ չէին թողնում, որ մենք նկարահանեինք իրենց, մենք երկար չհակառակվեցինք: Իմ ներկայությամբ են տունը խուզարկել, փնտրում էին զենք-զինամթերք՝ չգտան»,- ասել է ԱԺԲ անդամը:
Հայաստանում աճող տարատեսակ հանցագործություններին համընթաց՝ շատանում են նաեւ քաղաքական հայացքների, ազատ կամարտահայտության, ազատ խոսքի համար մարդկանց կալանավորումները, ինչը, բնականաբար, հանրության շրջանում բացասական արձագանքի է արժանանում: Քաղբանտարկյալների թիվը ՀՀ-ում արդեն հատել է 50-ի սահմանագիծը, եւ այդպես շարունակվելու դեպքում «Ժողովրդավարության բաստիոնը» շուտով կդառնա քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների թանգարան՝ բաց երկնքի տակ: ՔՊ-ական վարչախումբը եւ անձամբ վարչախմբի «գլուխը» չեն հանդուրժում, երբ իրենց քննադատում են:
Առավել եւս՝ եթե քննադատության սլաքը Փաշինյանի անխոհեմ, գործողություններին, որոշումներին ու քաղաքական սայթաքումներին է ուղղված: Օրերս ազատ խոսքի դիմաց սեփական անազատությամբ հատուցելու հերթը մեդիա գործունեություն իրականացնող «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանինն ու Վազգեն Սաղաթելյանինն էր, որոնց կալանավորեցին քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար՝ գործին կպցնելով «մարդկանց անդորրը խանգարելու խմբակային խուլիգանություն» շինծու պիտակ: Իբր՝ Նարեկն ու Վազգենը խաթարել են հանրության անդորրը:
Իրականում եթե Հայաստանում կա մեկը, որը խանգարում է մարդկանց անդորրը՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Նա, ով արդեն վեց տարի ժողովրդի մեծամասնությանը հասցրել է հոգեխանգարմունքի: Բայց քննիչներն ու դատախազը վերջինիս շրջանցել եւ կանգ են առել իրենց մասնագիտական ու հանրային պարտքը բարեխղճորեն կատարող լրագրողների վրա, որովհետեւ օրենքի «արթուն» պահապաններն այդպիսի պետպատվեր են ստացել վերեւներից: Ավելի ստույգ՝ ամենավերին «գլխից»:
Բայց ամենաուշագրավն այն «մասկի-շոուն» էր, որ ցուցադրեցին Նարեկին բերման ենթարկող մի խումբ դիմակավորված հաստավիզ գոյացություններ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ եւ նրան «ասֆալտին փռելու» փաշինյանական ժանրի բոլոր կանոններով: Սոցցանցերում շրջանառվող տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են դիմակավոր անձինք հետեւից մոտենում, Նարեկին գլորում ասֆալտին, ապա՝ գլուխը գետնին սեղմելով ու ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ դնում: «Մասկի-շոուի» ցուցադրողներից մեկը, որ քաղաքացիական հագուստով էր, խոչընդոտում է տեսարանը նկարահանող քաղաքացուն՝ ձեռքով փակելով հեռախոսը:
Թվում էր՝ բիրտ ուժի գործադրման կարիքը չկար, Նարեկ Սամսոնյանը բոլորովին չէր դիմադրում, սակայն դրանից դիմակավորների բռիությունը չէր նվազում: Ըստ երեւույթին՝ ոստիկանական վայրագությունների ցուցադրումը հանրության մեջ վախ սերմանելու, մարդկանց աչքը վախեցնելու նպատակ ուներ, որպեսզի տավուշյան իրադարձությունների հենքին իշխանությունների դեմ ըմբոստանալու փորձեր չարվեն, թե չէ… Այսինքն՝ Նարեկի նկատմամբ ցուցադրվող դաժանությունները բոլորիս հասցեագրված ուղերձ էր՝ «Կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դու լսիր…» տրամաբանությամբ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական եկեղեցին մարտի 24-ին նշում է Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր: Արդեն հաջորդ կիրակի` մարտի 31-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրների վարչապետները նախ՝ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ ունեցան, ապաեւ հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Վրաստանի վարչապետը մարտի 16-ին պաշտոնական այցով Բաքվում էր։
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է. մարտի 27-ին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տեւած շրջափակումից եւ Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»,- գրել է դեսպանը:
Հայաստանի ԱԳ նախարարը մարտի 25-26-ը պաշտոնական այցով Արգենտինայում էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանի այցն այնուհետեւ շարունակվել էր Լատինական Ամերիկայում։ Ըստ հաղորդման՝ նա հանդիպել է Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգում ներառված էին նաեւ փորձագիտական, գիտահետազոտական եւ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։ Օրեր առաջ Միրզոյանն Ուրուգվայում էր, որտեղ պաշտոնապես բացվեց ՀՀ դեսպանությունը:
Մարտի 28-ին Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Ըստ տարածած հաղորդագրության, ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի սկզբին՝ ՀՀ վարչապետի Եգիպտոս կատարած այցի ընթացքում, նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ:
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում մարտի 28-ին հաստատեցին Մարությանի թիմից։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ Փետրվարի սկզբին Երեւանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: