Ուրբաթ, Մարտի 29, 2024

Խմբագրական

Ամենուր չէ, որ մարդիկ հաշտվում են իրենց ձանձրալի ճակատագրի հետ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականի նախօրեին Հայաստանը զգաց, որ վերածվում է կամազուրկ մի գոյացության, որի հայացքն ուղղված է աշխարհի հզորների կողմը: Համակարգային կոռուպցիան, որը 2014-ին կառավարությունը զավթելու միջոցով հասավ իր գագաթնակետին, երկու տարի անց՝ 2016-ին, պատերազմի հանգեցրեց Արցախում եւ զինված ապստամբության փորձի՝ Հայաստանի ներսում: Իր դիրքերը պահպանած օլիգարխիկ վարչակարգն, այնուամենայնիվ, հասկացավ, որ 2016 թվականին ավարտվեց «սերժսարգսյանիզմի» դարաշրջանը, ասել է թե՝ բոլոր առումներով երկիրն անկում ապրեց եւ կախման մեջ հայտնվեց ռուսաստանցի միլիարդատերերի ու միջազգային ֆինանսական կառույցների փողերից, ինչպես նաեւ «80-ականների զենքերից»: Օլիգարխիայի ճամբարը սկսեց փլուզվել. թունդ կոռումպացվածների մի մասը կորցրեց իր դիրքերը՝ կառավարությունն ու բանակի բարձրաստիճան սպայակազմը անցան մյուսների կողմը: Իր վերջին օրերը հաշվող Սերժ Սարգսյանը նույնպես սպասում է, թե ինքը երբ պետք է ընկնի: Աշխարհը փոխվում է ամեն ժամ: Նույնիսկ Հայաստանի քաղաքական վարչակարգի հավերժական հովանավոր Ռուսաստանն է սկսել մի տեսակ իրեն տարօրինակ պահել՝ իր ծրագրերն ու ժամերը համապատասխանեցնելով ԱՄՆ-ի հետ: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հոգնել են Հայաստանին առաջարկելուց, որ սեփական նախաձեռնություններն առաջադրի: Սակայն որոշումներ կայացնելու իրավունքն առայժմ այն մարդունն է, ով արդեն դուրս է մնացել աշխարհի քաղաքականությունից, բայց ապրում է սոսկ նրանով, որ ուզում է փրկել իր մեռյալ աշխարհը:

Նկարագրված իրավիճակը զգում են բոլորը: Փորձելով հանգստացնել իրենք իրենց, իշխանական ճամբարի անդամները սկսել են իրենց ու երկրի մասին խոսել միայն ապագա ժամանակով՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ խոստանալով երկրի համար: Բայց ամենաշատ փորձում են բոլորին համոզել, որ «սերժսարգսյանիզմը» դեռ ողջ է, եւ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Երկրում առաջնորդին ուղղված «համազգային խնդրանքի» քարոզչություն է ծավալվել, որ նա դժվարին պահին ազգը չլքի: Դժվար չէ կռահել, թե ում համար է նախատեսված այս քարոզչությունը. Հայաստանի իշխանության ճամբարն ակնկալում է արտաքին հովանավորների ողորմությունը: Բայց իրավիճակը ծայրահեղ բարդ է: Տասը տարիների ընթացքում իրեն դատարկ նախաձեռնությունների ռազմավարության վարպետ դրսեւորած Սերժ Սարգսյանը չէր սպասում, որ նման քաղաքական դատարկախոսությունը երբեւիցե կարող էր վերածվել քաղաքականության աշխարհից անձամբ իրեն դուրս մղելու մեխանիզմի: Դրա համար ապավինում է միայն հրաշքին՝ մեկ էլ տեսար մինչեւ 2018 թվականի ապրիլը ինչ-որ բան տեղի ունեցավ:

Իշխանությունների նման տրամադրությունը երկրի համար չափազանց վտանգավոր է: Փաստորեն իշխանական ճամբարն աղոթում է ինչ-որ փրկարար արտակարգ իրավիճակի համար: Եվ էլ ավելի վտանգավոր է, որ ամբողջ քաղաքական դասը՝ անկախ նրա իշխանամետ կամ ընդդիմադիր գույնից, հաշտվել է երկրի նման ճակատագրի հետ: Երկիրը անմեղսունակ եւ ապակառուցողական համակարգից փրկելուն ուղղված ջանքեր չեն նկատվում: Կա միայն ցանկություն օգտվել դեպքերի ցանկացած զարգացումից: Ինչպես երեւում է, 2016 թվականին անկում ապրեց Հայաստանի ողջ քաղաքական դասը: Նրանք, ովքեր չցանկացան համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, նստած են բանտում: Հայաստանում քսանհինգ տարվա քաղաքական պրակտիկան ցույց տվեց իրավական պետություն կառուցելու՝ իր անզորությունը:

Իհարկե, այս իրավիճակում հայտնվել է ոչ միայն մեր երկիրը: Շուրջբոլորը կարելի է տեսնել չկայացած հետխորհրդային երկրներ եւ, նույնիսկ, մասնատված պետություններ ողջ աշխարհում: Բայց մենք, առաջին հերթին, պետք է շահագրգռված լինենք մեր երկրով: Չէ՞ որ այդ նույն քառորդ դարում տեսնում ենք նաեւ քաղաքակրթական գործընթացների առաջնագիծ դուրս եկած շատ երկրներ: Աշխարհով մեկ ձեւավորվում եւ սնկի պես աճում են քսանմեկերորդ դարի պետություններն ու քաղաքները՝ Սինգապուրը, Քաթարը, Իսրայելը, Միացյալ արաբական էմիրությունները եւ այլք: Աճում, վեր են խոյանում հենց այնտեղ, որտեղ մարդիկ չէին հաշտվում իրենց դարավոր ձանձրալի ճակատագրի հետ: Իսկ նման հնարավորություն ունեն բոլորը. անհրաժեշտ է միայն սեփական անձի եւ աշխարհի նկատմամբ վերաբերմունքը վերանայելու ցանկություն: Մեզանում, չգիտես ինչու, նման ցանկություն առայժմ չի առաջանում: Մեր աշխարհն առայժմ սկսում եւ վերջանում է թուրք-բոլշեւիկյան համաձայնագրով:

Բայց այդ աշխարհի վերջն էլ կգա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: