Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Փողոցի մանդատը. վարչապետություն՝ առանց նախապայմանների՞, թե՞ նախապայմաններով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ազգային ժողովում վարչապետի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ սահմանադրական պահանջը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններն ապահովելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես վարչապետ պետք է դառնամ առանց նախապայմանների»: ԱԺ խմբակցությունները նախապայմաններ առաջ չեն քաշել, սակայն արդյո՞ք աննախադեպ համաժողովրդական շարժման ժամանակ «նախապայմաններ» չեն հնչել, եւ իշխանության հավակնությունը եղել է հանուն անձի, թե,՞ այնուամենայնիվ, մարդկանց մեկ այլ բան է միավորել: Եթե՝ այո, ապա՝ ի՞նչը:

Հեղափոխության բարձրախոսով հայտարարված խոստումները պետության կառավարման համակարգում առանցքային եւ հիմնարար վերափոխումներ էին ենթադրում: Առանց նման վերափոխումների «հեղափոխությունն» ուղղակիորեն վերածվում է վարչապետափոխության:

Հայտարարված նպատակները, որոնց շուրջ միավորվել են հարյուր հազարավոր մարդիկ, հենց  «նախապայման» են, հանուն որոնց տեղի է ունեցել վարչապետափոխություն: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի դեմ ծավալված շարժման հիմնական կարգախոսն այն էր, որ ստախոսության համար ժողովուրդը պատժում է:

Հայաստանում սկսված աննախադեպ զանգվածային շարժման գործում Նիկոլ Փաշինյանն առանցքային եւ որոշիչ դեր է կատարել, սակայն մարդիկ միավորվել են գաղափարների ու սպասումների համար: Սկզբնական փուլում կարգախոսը պարզ էր. «Մերժիր Սերժին»: Սերժը զանգվածային շարժման ընթացքում մերժվեց, ավելին՝ հրապարակավ հայտարարեց, որ ինքը սխալ է:

Շարժումն իրագործեց իր նպատակը, սակայն առաջ եկավ երկրորդ կարգախոսը՝ «Նի-կո՛լ վարչապե՛տ»: Ասել է թե՝ «ժողովրդի թեկնածուն» պետք է դառնա վարչապետ, որով կարձանագրվի «ժողովրդի հաղթանակը», իսկ ՀՀԿ-ն պետք է ենթարկվի կապիտուլյացիայի: Այս պարագայում հայտարարվել էր վարչապետության օրակարգը՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ Կուսակցությունների մասին օրենքում, որից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իրադարձությունները զարգանում էին բուռն ու դրամատիկ կերպով, որի ընթացքում պարզվեց, որ եթե ԱԺ-ն ընտրում է Փաշինյանին, ապա Սահմանադրությունը թույլ չի տալիս արտահերթ ընտրություններ առնվազն մեկ տարի, իսկ ՀՀԿ-ն մնում է Հայաստանում բարձրագույն իշխանությունը կրող մարմնի՝ խորհրդարանի մեծամասնություն, այսինքն՝ իրական իշխանության կրողը: Մեկ տարի հետո նա կարող է անվստահություն հայտնել կառավարությանը եւ ձեւավորել արդեն ՀՀԿ-ի իշխանություն, եթե մինչ այդ հանրապետականները պահպանեն խմբակցության միասնությունը: Վերը նշված օրենքներում փոփոխությունների ճակատագիրը դարձյալ կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից:

Զուգահեռաբար փողոցում ի հայտ եկավ նոր կարգախոս՝ «սեր եւ համերաշխություն», իսկ խորհրդարանում՝ «ազգային համաձայնության» կառավարության ուրվականը:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համար պահանջվող ձայների մեկ երրորդն ապահովում են օրիգարխիկ կուսակցությունը՝ ի դեմս  «Բարգավաճ Հայաստան»-ի, եւ ՀՀԿ-ի երկարամյա դաշնակից, երկրում կատարված բազմաթիվ անօրինականությունների համահեղինակ ՀՅԴ-ն: Իսկ խորհրդարանական  ընդդիմության առկայության հարցը մնում է բաց, ինչը սահմանադրական կազուս է՝ խճճվածք, որը լուծում չունի:

Եվ այսօր՝ որպես «հայկական հեղափոխության» հիմնական ձեռքբերում, ունենք այն, ինչ ունենք. քաղաքականապես ակտիվ երիտասարդություն, մարդկանց մտածողության փոփոխություն եւ հուսալքության ավարտ: Սակայն քաղաքական ձեռքբերումների ու համակարգային փոփոխությունների խնդիրը մնում է բաց եւ, նույնիսկ, դեռեւս չձեւակերպված:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: