Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Սեփականության իրավունք. օրինական գործընթա՞ց, թե՞ նոր վերաբաշխումներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականից ի վեր, երբ իշխանափոխության գլխավոր կարգախոս էր հռչակվել «Ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելը», պարզ դարձավ, որ Հայաստանի հիմնական խնդիրը սեփականության իրավունքն է։ Առանց սեփականության իրավունքի անձեռնմխելիության, չի կարող տնտեսություն զարգանալ եւ, ընդհանրապես, տնտեսություն լինել, քանի որ հասարակության տնտեսական հարաբերությունների առանցքում սեփականությունն է դրված։ Այն երկրները, որոնց հաջողվել է լուծել տվյալ խնդիրը, ոչ միայն քաղաքակիրթ ազգի հռչակ են ձեռք բերել, այլեւ զարգացել են տնտեսապես, կարողացել են արդարադատության կայուն համակարգ ստեղծել, պաշտպանել մարդու իրավունքները եւ, առաջին հերթին, սեփականության իրավունքը, որը բոլոր առումներով առաջընթացի հիմնաքարն է։

Սեփականության իրավունքը շատ ավելի լայն հասկացություն է, քան սոսկ շարժական ու անշարժ գույքի անձեռնմխելիությունը։ Խոսքը, խիղճը, արժանապատվությունը, մասնավոր կյանքը, կյանքի իրավունքը, անձնական տվյալները եւ նմանատիպ բազում այլ հասկացություններ նույնպես անձի սեփականությունն են եւ նույնպես` անձեռնմխելի։ Բավական է, որ դրանցից մեկը դուրս մնա անձեռնմխելիության տիրույթից, դառնա ամբոխի քննարկման թեմա կամ նրա ձեռքին գործիք, ապա կարելի է հաստատապես պնդել, որ երկրում որեւէ իրավունք, առհասարակ, գոյություն չունի։

Այստեղ գործում է դոմինոյի էֆեկտը, որին ականատես եղանք դատարանների շրջափակման ժամանակ: Նույն էֆեկտի տարրերն առկա են նաեւ Սահմանադրական դատարանի կազմի հարցով հանրաքվեի անցկացման որոշման համատեքստում: Արդարադատությունը չի կարող հանրաքվեի դրվել, դատարանի որոշումների օրինակարգությունը դատարանների առջեւ հավաքված ամբոխը չի որոշում։ Սրանք ամենաեղկելի, ամենահակոտնյա երեւույթներն էին, որ տեղի ունեցան 2018-ից ի վեր:

Խոշոր հաշվով` 1990 թվականից այս կողմ բազմաթիվ անօրինականություններ են եղել եւ եղել են վերջին երեսուն տարվա ողջ ընթացքում: Նման ճանապարհ են անցել հետխորհրդային բոլոր միութենական ու նախկին խորհրդային ճամբարի երկրները, նմանապես` Արեւմտյան պետությունները «վայրի կապիտալիզմի» ու «կապիտալի նախնական կուտակման» դաժան ժամանակներում։ Կոռուպցիայի ոչ պակաս դժվար փուլով է անցել, օրինակ, Հարավային Կորեան, որտեղ մինչ այժմ պայքարում են սոցիալական այդ չարիքի հետեւանքների դեմ, ինչպես նաեւ օգտվում դրա պտուղներից` դառնալով տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկը աշխարհում։

Հանրությունը պետք է գիտակցի եւ ընդունի սեփականության անձեռնմխելիությունը: Դրա համար նա շատ բարդ ճանապարհ ունի անցնելու: Ինչ խոսք, «թալանողները» կփոխհատուցեն հանրությանը, բայց դրանից չպիտի տուժի տնտեսությունը, չպիտի խախտվեն մարդկանց իրավունքները, ամեն ինչ պետք է կատարվի օրինականության հիման վրա։ Կարծես թե դա է այսօրվա Հայաստանի հիմնարար խնդիրը եւ դրանից է կախված` կդառնա՞նք մենք կայուն ու զարգացող պետություն, թե՞ կմնանք չկայացած երկիր, որին պետք է արտաքին կառավարման տակ վերցնել։ Հիմա մենք այդ ճանապարհների խաչմերուկում ենք եւ, ցավոք, տպավորություն է, թե գնում ենք երկրորդ ճանապարհով՝ անօրինականությանը համընթաց։

Անօրինականությունը մի նոր անօրինակությամբ չես շտկի: Դա նոր ցնցումների ու նոր վենդետաների տանող ճանապարհ է։ Հանրությունը պետք է ընդունի, որ այն, ինչ կատարվում է, օրինական ու արդար գործընթաց է, այլ ոչ թե սեփականության նոր վերաբաշխում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: