Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Երբ ընտրապայքարը ոչ թե ծրագրերի միջեւ է, այլ՝ անձերի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա՝ հունիսին գնում ենք ընտրությունների, եւ արդեն հստակ է, որ մեզ ոչ քաղաքական ընտրություններ են սպասվում: Այսինքն՝ ընտրվելու են նախընտրական ցուցակները գլխավորող անձինք, եւ այդ միջոցառման ժամանակ ականատես ենք լինելու ապագա ընտրյալների հանդեպ «սեւ» տեխնոլոգիաների բոլոր երեւակայելի ու աներեւակայելի հնարքների լայն կիրառման դեպքերի:

Ինչո՞ւ է այդպես ստացվել: Այս հարցի պատասխաններից մեկը կարող է լինել հետեւյալը. ընտրվում են անձեր, այլ ոչ թե երկրի ապագայի նախագծեր: Մի բան շատ պարզ է՝ երբ կա նախընտրական ցուցակի տեսքով քաղաքական թիմ, որն ընտրողներին առաջարկում է զարգացման որեւէ տեսլական կամ հեռանկար, ապա նրա հետ մրցակցողը պետք է թիրախավորի ներկայացվող ծրագիրը՝ միաժամանակ առաջարկելով իրենը: Սակայն, երբ նման ծրագիր չկա, ապա մրցակցության առանցքը ոչ թե գաղափարներն են, այլ անձինք, որոնք էլ հենց ծրագրերի փոխարեն հայտնվում են հակառակորդ թիմի քննադատության թիրախում:

Ո՞րն էր վերջին այս մի քանի տարիների քաղաքական կյանքի հիմնական խոսույթը: Իշխանության եկած մարդկանց խումբը պնդում է, թե իրենց գլխավոր խնդիրը ընդդիմությունն է՝ այ, եթե կարգին ընդդիմություն լիներ, ապա իշխանությունը եւս կլիներ լավը եւ ավելի արդյունավետ կկառավարեր երկիրը: Վատ ընդդիմություն եւ վատ քաղաքական ժառանգություն՝ ահա որտեղ է, ըստ գործող իշխանության, «թաղված շան գլուխը»: Ընդդիմությունն, իր հերթին, հայտարարում է, որ մեր երկրի հիմնախնդիրը ժողովուրդն է՝ այ, եթե սթափ դատող ժողովուրդ լիներ, ապա մարդիկ չէին տրվի զգացմունքներին եւ նման իշխանավորներ չէին ընտրի, իսկ պատերազմում կրած պարտությունից հետո նրանց, ընդհանրապես, կվռնդեին կառավարության շենքից:

Նմանատիպ քննարկումները հիմա նոր թափ են առել եւ սպառնում են դառնալ առաջիկա նախընտրական լեզվակռվի եւ «ցեխնետոցի» հիմնական թեզերը:

Պետություն ղեկավարելը բարդ աշխատանք է ու մեծ պատասխանատվություն: Դրա համար պետք է ունենալ քաղաքական ճկուն միտք, արդյունավետ կառավարչական համակարգ, տարբեր ոլորտների արհեստավարժ մասնագետներ, գիտական ու քաղաքական խնդիրներով զբաղվող ինստիտուտներ, մտքերի փոխանակման հարթակներ: Կուսակցությունները պետք է վերածվեն մտային, գաղափարական եւ կադրային դարբնոցների, որտեղ կան մտքերի ու տեսակետների բախումներ, կադրերի պարբերական թարմացումներ, նոր ու հին սերնդի ակտիվ փոխգործակցություն եւ փորձի փոխանակում: Բնականաբար, այս ամենի փոխարեն մենք ունենք պարզունակ պայքար իշխանության համար եւ արդյունքում՝ այն պատկերը, որն ունենք այսօր եւ որը մեզ սպառնում է նախընտրական հայհոյախոսությունների, կոմպրոմատների, փոխադարձ մեղադրանքների տարափով, միգուցե նաեւ՝ ձեռնամարտերով ու հետընտրական ցնցումներով:

Նկարագրված հավանական զարգացումներից կարելի է խուսափել, եթե պայքարը ծավալվի ոչ թե անձերի միջեւ, այլ՝ գաղափարների ու ծրագրերի: Այդ պարագայում ինքնաբերաբար փոխվում է նաեւ բանավիճողների կազմը, որովհետեւ ի հայտ են գալիս բոլորովին այլ որակի ու մտածողության քաղաքական գործիչներ:

Իսկ այս պահին ունենք այն պտուղը, որի սերմերը գցվել են վերջին 30 տարիների ընթացքում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: