Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ագորան եւ Երեւանի Ազատության հրապարակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժամանակակից հասարակությունների կազմակերպման ձեւերը գալիս են Հին Հունաստանից, որի ազդեցությունը ցայսօր մեծ է տարբեր բնագավառների՝ գիտության, փիլիսոփայության, արվեստի ու պետական կառավարման եղանակների վրա: Անգամ դրանց հունարեն անվանումներն են մինչեւ հիմա պահպանվում:

Հին Հունաստանի, իսկ հետագայում նաեւ Հին Հռոմի քաղաքների կենտրոնական հատվածները՝ շուկաները, հանրային կյանքի, հրապարակային որոշումների կայացման հարթակներ էին: Հին Հունաստանում այդ «շուկաները» կոչվում էին Ագորա, իսկ Հին Հռոմում՝ Ֆորում։ Ագորաներն ու Ֆորումները, ըստ էության, առեւտրի տարածքներն էին, սակայն հետագայում վերածվեցին քաղաքական կյանքի կենտրոնների, որտեղ հանրային միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը հանգեցրեց նաեւ հանրային որոշումների կայացման կանոնների ձեւավորմանը, իսկ հաջորդ փուլում՝ այդ որոշումները կյանքի կոչելու համար պատասխանատուների ինստիտուտի կայացմանը:

Դա ժողովրդավարության, կառավարման հաստատությունների, ընտրությունների կանոնների, դրանց ընթացակարգերի ստեղծման հարթակներն էին։ Ագորաներում, այսինքն՝ շուկաներում, քարերի վրա փորագրվում էին այդ այդ կանոններն ու կարեւոր որոշումները, որոնք հետագայում համարվեցին կատարման համար պարտադիր օրենքներ։

Դեռեւս այդ ժամանակներում էին հասկացել որոշումների կայացման կանոնները հանրային քննարկման դնելու կարեւորությունը՝ դրանց օրինակարգ եւ բոլորի համար պարտադիր լինելու առումով։ Սա է ժամանակակից հաստատությունների տարերայնորեն կայացման սկզբնաղբյուրը։

Այժմ վերը բերված պատմական համատեքստում խոսենք մեր «Ագորայում»՝ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացների մասին: Հայաստանում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Հանրության առնվազն մի պատկառելի հատված չի ընդունում կառավարման պաշտոնական հաստատությունների լիազորությունները: Այսինքն՝ խորքային անվստահություն ունի այդ ինստիտուտների նկատմամբ, ինչի հետեւանքով՝ Ազատության հրապարակում տեղադրելով վրաններ, փորձում է պաշտոնական հաստատություններին զուգահեռ ստեղծել մի հարթակ, որի միջոցով, կազմակերպիչների հայտարարությունների համաձայն, պետք է հասնել գործող կառավարության հրաժարականին։

Մի կողմ թողնենք ստեղծված իրավիճակի քաղաքական մասը եւ դիտարկենք այդ «Ագորայի» բնույթը։ Ըստ այդմ՝ ցանկացած հանրային գործընթաց ունենում է կազմակերպման թափանցիկ ձեւ եւ պատասխանատուների ցանկ, իսկ որոշումներն ընդունվում են հրապարակում կամ ուղղակի ներկայացվում են հանրությանը՝ կոնկրետ հիմնավորումներով: Հստակեցվում է հիմնական պահանջը, պարզորոշ ձեւակերպվում են հավաքների վերջնական արդյունքները: Եթե օգտագործենք բիզնես ոլորտի բառամթերքը՝ արդյունքը պետք է լինի չափելի: Այլ կերպ ասած՝ ունենալ տվյալ նախաձեռնության արդյունավետության գնահատման հաստատուն չափորոշիչ։

Սրանք այն պարզ կանոններն են, որոնք երեք հազար տարի առաջ հասկացել ու կիրառել են Հին Հունաստանում, ինչը նրան դարձրել է արդի քաղաքակրթության սկզբնաղբյուր: Ցավոք, երեք հազար տարի անց այս պարզ կանոնները մեր «Ագորայում» դեռեւս չեն հասկացվել եւ, բնականաբար, չեն պահպանվել: Սա է, թերեւս, պատճառը, որ ցանկալի արդյունքները մեզ համար տակավին մնում են անհասանելի։ Իսկ միգուցե չպահանջվա՞ծ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: