Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ազատ ընտրությունները կլանային հասարակությունում

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Այն պահից ի վեր, ինչ Հայաստանում արմատավորվեց ազատ ընտրությունների մեխանիզմը, երկրի հասարակությունը չի դադարում զարմանալ քաղաքական դաշտում ի հայտ եկած անսովոր ընտրական երեւույթներով: Այսպես, 2018 թվականին անցկացված՝ Երեւանի ավագանու խորհրդի եւ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ դարձավ քաղաքական կուսակցությունների նկատմամբ ընտրողների հետաքրքրության բացակայության փաստը: Այն ժամանակ կուսակցությունների բացարձակ մեծամասնությունն արհամարհվեց ընտրողների կողմից՝ ուշադրության կենտրոնում էին միայն Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» նախընտրական ընտրացուցակը եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ցանկում հայտնված թեկնածուները: Ավելի ուշ, երբ անցկացվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, շատերին զարմացրեց այն, որ ընտրողներն անտարբեր են իշխող կուսակցության թեկնածուների հանդեպ՝ գերակայությունը տալով տեղական կլանների թեկնածուներին: Այդպես եղավ մասնավորապես Կապանի եւ Աբովյանի քաղաքապետերի ընտրություններում:

Այն, որ ընտրություններն անցել են ընտրողների ազատ կամարտահայտության պայմաններում, ոչ ոք չի կասկածում: Բայց շատ քչերին է հասու ընտրողների «տարօրինակ» վարքագիծը: Ամենից հաճախ՝ որպես դրա պատճառ, նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը կամ էլ կառավարող կուսակցությունից առաջադրված թեկնածուների հանրահայտության պակասը: Երբեմն խոսվում է այն մասին, թե «հեղափոխությունը տեղերին չի հասել»: Հնարավոր է՝ այդ գործոնները եւս առկա են, սակայն, ինչպես թվում է, այս կամ այն ընտրությունների նկատմամբ ընտրողների ոչ այնքան հասկանալի վերաբերմունքի հանգուցային պատճառներն այլ են: Բանն այն է, որ ընտրողները միշտ ողջամիտ են դատում, եւ նրանց ընտրությունը կախված է նրանից, թե տվյալ դեպքում ինչպիսի կոնկրետ խնդիրներ ունեն աչքի առջեւ:

Համապետական ընտրություններում ընտրողները նախապատվությունը տալիս են «հեղափոխությանը»՝ խնդիր ունենալով փոխվրեժի (ռեւանշի) հնարավորություն չտալ նախորդ վարչակարգին: Սակայն տապալված վարչակարգի բուն կերպարը նրանց կողմից չափազանց վերացական է ընկալվում: Հենց դրանում է ողջ առեղծվածը: Տեղական մակարդակում ընտրողների մեջ բոլորովին այլ խնդիրներ են ծագում՝ նախապատվությունը տրվում է դրության իրական տերերին: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե ովքեր են այդ տերերը: Հատկանշական է, թե ինչպես Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրողները նախապատվությունը տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդուն, թեպետ կուսակցությունն ինքը հրաժարվել էր աջակցել այդ թեկնածուին: Իսկ Աբովյանում նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում ձայների մեծ մասը տվել էին կառավարող կուսակցությանը, քաղաքապետ ընտրել են տեղական օլիգարխիկ կլանի թեկնածուին:

Այստեղ մենք, ավելի շուտ, գործ ունենք միանգամայն հաստատուն միտումի հետ: Եվ դա վկայությունն է այն բանի, որ ազատ ընտրություններ երեւույթն արմատապես փոխում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը երկրում: Այդ տրամաբանությունը թելադրված է հասարակության կլանային մտածողության հետ ընտրության ազատության համատեղմամբ: Նմանատիպ մտածողությունը խիստ յուրատեսակ ձեւով ճշտորոշում է, թե ինչն է «մերը» եւ ովքեր են «մերոնք»: Այն պայմաններում, երբ ընտրություններին մասնակցելու թույլատրություն կարող են ստանալ բոլորը, ովքեր պաշտոնապես ներկայացնում են այս կամ այն կուսակցությունը, իսկ գործնականում ինչ-որ տարածքի ազդեցիկ դեմք են, կամարտահայտության ազատությունը կարող է հասարակության մեջ էլ ավելի մեծ կլանայնության հանգեցնել:

Ընտրություններին մասնակցելու իրավունքը չափազանց թանկ պիտի արժենա: Այդպիսի իրավունքի ձգտող քաղաքական գործիչները պետք է պետությանն ու հանրությանը ցույց տան իրենց համապատասխանությունը պետծառայողի կարգավիճակին: Կուսակցությունների մասին գործող օրենքը եւ Ընտրական օրենսգիրքը ցանկացած կլանի եւ ցանկացած արկածախնդիր անձնավորության համար պայմաններ են ստեղծում ստանալ ընտրություններին մասնակցելու իրավունք: Որեւէ պատասխանատվություն այդ օրենքները չեն դնում նրա վրա, ով ընտրություններին մասնակցելու իրավունք է ստանում:

Այդպիսի պայմաններում ազատ ընտրությունները կարող են արկածախնդրություն խրախուսել բոլոր մակարդակներով: Ընտրողները միշտ ապակողմնորոշված են լինելու: Հնարավոր չէ նոր պայմաններում ապրել հին օրենքներով: Բավական երկար ժամանակ այդ հանգամանքը Հայաստանում չեն հասկանում: Բայց կյանքն այստեղ եւս սկսում է մտածել...

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: