Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Խմբագրական

«Մեծ մրցախաղի» ժամանակներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

19-րդ դարի ամենաթեժ մրցակցությունն ընթանում էր «Մեծ մրցախաղի» շրջանակում: Այդպես էր կոչվում այն ժամանակվա երկու գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի կայսերապետական մրցակցությունը: Հիշեցնենք մրցակցության գլխավոր թատերաբեմերը՝ Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Կովկաս, Իրան, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներ եւ այլն: Պայքարը գլխավորապես գաղութների, հաղորդուղիների ու բնական պաշարամիջոցների՝ առաջին հերթին նավթի համար էր:

Մրցակցությունն ավարտվեց 1907 թվականին, երբ հայտնվեց նոր խաղացող՝ Գերմանիան, որն ուշացել էր գաղութատիրության համար պայքարից եւ այդ շրջանում հայտ էր ներկայացնում մյուսներին: Գերմանիան դաշնակցային հարաբերություններ հաստատեց Օսմանյան կայսրության հետ եւ սկսեց ներթափանցել Մերձավոր Արեւելք ու Աֆրիկա: Արդյունքում Ռուսաստանը, Ֆրանսիան ու Բրիտանիան միավորվեցին նոր հավակնորդի դեմ ու, այդպիսով, «Մեծ մրցախաղի» դարաշրջանն ավարտվեց եւ մեկնարկեց նոր մրցախաղ, որի արգասիքը երկու համաշխարհային պատերազմներն էին:

Այժմ եկել են նոր մրցախաղի մեր ժամանակները, որի հիմնական դերակատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: Դրանց փորձում են մասնակից դառնալ արդեն երկրորդ աստիճանաշարի մեծ երկրները եւ այստեղ, ինչպես նախորդիվ, կոալիցիաներ են առաջանում, որոնք գտնվում են շարժական վիճակում, եւ տեղի են ունենում վերադասավորումներ:

Ինչո՞ւ է մեզ համար կարեւոր այդ մրցախաղի էությունը հասկանալը: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր մրցախաղի կարեւոր թատերաբեմերից մեկը դարձել է Հարավային Կովկասը, եւ Արցախի 2020թ. պատերազմը հենց այդ մրցակցության տրամաբանության մեջ է դիտարկվում: Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատագիրը:

Վերջերս Երեւան ժամանած՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, ի պատիվ իրեն, անկեղծորեն շարադրեց Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության հիմնական դրույթները: Կփորձենք ձեւակերպել դրանցից ամենակարեւորները:

Ահավասիկ. ա/ ստեղծել միջին միջանցք Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով, որն անցնելու է նաեւ Հայաստանով դեպի Թուրքիա եւ տնտեսապես հզորացնելու է մեծ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից դուրս մղելով Ռուսաստանին  եւ Իրանին (վերջինիս անունը չի նշում, բայց տողատակով հասկանալ է տալիս); բ/ այդ նպատակով պետք է կառուցվի «Զանգեզուրի միջանցքը», (միջանցքի անուն չի տրվում, բայց նկարագրվում է); գ/ ԱՄՆ-ը չի ստանձնի երաշխավորի գործառույթ, այսինքն՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր նախահարձակ գործողության դեպքում չի պաշտպանի ՀՀ-ին. դա Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրն է; դ/ ակնարկվում է, որ հիմա այդ ծրագրի իրականացման հնարավորության դուռ է բացվել, քանի դեռ ՌԴ-ն «խրված» է Ուկրաինայում, Իրանը՝ Մերձավոր Արեւելքում:

Սրանք են գլխավոր հայեցակետերը, բայց՝ ոչ բոլորը: Նոր մեծ մրցախաղը վաղուց է սկսվել ու ընթանում է Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ մեր տարածաշրջանում: Բնականաբար՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի ու արդեն նաեւ Հնդկաստանի դիրքորոշումները կարեւոր են, որովհետեւ շոշափվում են նրանց կենսական շահերը: Արդյո՞ք այս մրցակցությունը նորից կթեժացնի մեր տարածաշրջանը եւ նորից կհանգեցնի մեծ պատերազմի՝ կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում Հայաստանի գործող կառավարության վարած քաղաքականությունից, որը, ակնհայտորեն առճակատային է Իրանի ու Ռուսաստան հանդեպ, ինչը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, իսկ միգուցե նաեւ՝ կոշտ գործողությունների:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: