Ուկրաինայում ընթացող պատերազմը, մեծ հաշվով, պայքար է ապագա աշխարհակարգի համար: Դրա նախերգանք կարելի է դիտարկել մինչ այդ սկսված Սիրիայի պատերազմը, որին էլ հաջորդեց ռուս-ուկրաինական կամ, ինչպես հաճախ անվանվում է, Ռուսաստան-հավաքական Արեւմուտք պատերազմը: Ցավոք, այդ երկու «խաղատախտակներում» ընթացած եւ/կամ ընթացող հակամարտություններին, հնարավոր է, ավելանա երրորդ «խաղատախտակը»՝ Հարավային Կովկասը, որում կարող են ներգրավվել Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, եւ այս ցանկը դեռ ամբողջը չէ:
Երբ տեղի են ունենում նման մեծ ու երկարատեւ պատերազմներ՝ դա նշանակում է, որ գերտերությունների միջեւ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը (բալանս) խախտվել է եւ նոր հավասարակշռության, այսինքն՝ նոր աշխարհակարգի հաստատման համար անհրաժեշտ է հրավիրել դրա նոր կանոնների վրա հիմնված Խաղաղության մեծ կոնֆերանս:
Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում եւ այն, ինչ եղավ Սիրիայում, համեմատելի են 1618-1648 թթ. Երեսնամյա կրոնական պատերազմի հետ, որի թատերաբեմը հիմնականում Գերմանիայի տարածքն էր: Շատերը դա համարում են ամենաառաջին աշխարհամարտը, որի մարդկային ու տնտեսական կորուստների, ավերածությունների եւ նյութական վնասների մասին տվյալները սահմռկեցուցիչ են՝ հատկապես գերմանական երկրներում, Չեխիայում, Կենտրոնական Եվրոպայի մի շարք այլ քաղաքներում ու գյուղերում:
Սակայն այդ պատերազմից հետո հաստատվեց, այսպես կոչված, Վեստֆալյան աշխարհակարգը, որի հիմնական սկզբունքները երկրների ինքնիշխանությունն էր (սուվերենություն), որոնք ինքնուրույն են որոշում, թե ինչ դավանանք ունենան, այսինքն՝ կրոնական ազատությունը: Այդ ժամանակ էր, որ առաջացան երկրների կոալիցիաների, նրանց միջեւ ուժերի հավասարակշռության հասկացությունները, ազգային պետությունների գաղափարը եւ այլն: Դրանք «նոր աշխարհակարգի» սկզբունքներն էին:
Ձեւավորված ուժերի հավասարակշռությունը հետագայում խախտվեց Նապոլեոնի նվաճումների ժամանակ եւ նոր ուժերի բալանս հաստատվեց 1815 թվականի Վեննայի կոնգրեսի ժամանակ: Կոալիցիաներից կազմված պետությունների պատերազմների ու նոր աշխարհակարգերի ստեղծման համար հրավիրվեցին Վերսալյան, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսները:
Եթե 17-րդ դարում պատերազմը հիմնականում ընթանում էր Գերմանիայի տարածքում, ապա այժմ այն սկսվեց նախ Սիրիայում, հետո՝ Ուկրաինայի տարածքում: Ենթադրվում է, որ կախված պատերազմ արդյունքներից՝ Եվրոպայում ու ողջ աշխարհում պետք է նոր աշխարհակարգ հաստատվի՝ հիմնված նոր սկզբունքների վրա: Ուկրաինական պատերազմի ձգձգման եւ նոր թատաբեմերում դրա տարածման վտանգը հենց այդ սկզբունքների շուրջ անհամաձայնության խնդրով է պայմանավորված:
Սիրիայի պատերազմին, որը Մեծ Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռության սադրիչն էր, հետեւեց ԼՂՀ երկրորդ պատերազմը՝ խախտելով Հարավային Կովկասում ուժերի բալանսը: Մեր տարածաշրջանում հիմա անորոշ իրավիճակ է եւ հենց դրանով է պայմանավորված տարածաշրջանի՝ թեժ գոտու վերածվելու մարտահրավերը:
Այս իրավիճակում ողջ վտանգը ՀՀ անհամարժեք կառավարության բուն գոյությունն է, որը խճճվել է արտաքին քաղաքական կողմնորոշումների տիղմում եւ հարկադրաբար վարում է իրավիճակային քաղաքականություն, եթե դա կարելի է, առհասարակ, անվանել քաղաքականություն: Իսկ ամենավատ նորությունն այն է՝ թեեւ դա այնքան էլ նորություն չէ, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտն է այսօր անորոշության մեջ, այդ թվում՝ ընդդիմությունը: Աշխարհաքաղաքական ներկա վայրիվերումների խորապատկերին դա չափազանց վտանգավոր անորոշություն է: