Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Քառորդդարյա արգասավոր ուղի. «Հայացքը» 25 տարեկան է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ Հայրենիքի ազատ-անկախ, բնատիպ այդ օրրանը, հանրային քաղաքականության եւ միջազգային հանգուցային հարցերի դիտարկման մտավոր դարբնոցը, անցյալ տարի դարձավ 25 տարեկան:

Քառորդ դար անընդմեջ գիտական ու գիտահետազոտական բարձրակարգ չափորոշիչներով քաղաքացիական անբասիր ծառայություն մատուցող ՌԱՀՀԿ-ն եւ նրա դրոշակակիր «Հայացք Երեւանից» պարբերականը մեծապես խթանել են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի լավագույն ուժերի համախմբումը, վերարծարծել տարածաշրջանային, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների շարժընթացը:

Հաճախ սուղ պաշարներով, երբեմն էլ մանրախնդրության, հատվածապաշտության եւ կարճատեսության ներքին ու արտաքին չափումները ճաշակած՝ մենք, այնուամենայնիվ, շարունակաբար վերելք ենք ապրել՝ հավաքական ջանքով, ստեղծարար ներշնչանքով եւ հետեւողական տքնանքով ապահովելով համաշխարհային վարկանիշ նշանավորող աշխատանքային արդյունք:

Մեզ համար մեծագույն պատիվ է եղել ծառայել ինքնիշխան Հայաստանին, նրա ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը` նրանց կողքին կանգնելով մեր արդի պատմության ամենադժվար, բայց միաժամանակ ամենաաստեղային այս ժամանակամիջոցում:

Ուժը, հավատացած ենք, բազմազանության մեջ է։ Իսկ հզորությունը՝ աներկբա, մեր միասնության:

 

Հավատք եւ Հայրենիք:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի համահիմնադիր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար

Երեւան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: