Կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործերը, կարծես թե, թարսվել են: Եվ՝ փառք Աստծո: Խորհրդարանական ընտրությունների ցնցակաթվածից դեռ ուշքի չեկած՝ ՔՊ-ն նոր փորձությունների է բախվել՝ թիմի ներսում վտանգավոր խմորումներ են հասունանում: Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ըստ տարածված լուրերի, հերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանինն է, որն իշխանական շրջանակներում հայտնի է «Գորշ կարդինալ» անվամբ: «Հրապարակ» պարբերականի տեղեկացմամբ՝ օրեր առաջ նա դիմել էր ԱՄՆ-ում բնակվող հայազգի քրեական հեղինակություններին՝ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման հարցում աջակցություն ստանալու համար:
Ամենայն հավանականությամբ՝ Հարությունյանը հայրենակիցներից ստացել է այդպիսի երաշխիք եւ կարողությունը տեղափոխել ավելի ապահով երկիր, որի հետ է մտածում կապել իր ընտանիքի ապագան: Գիտի, որ Փաշինյանն իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար չի վերանշանակի, քանի որ՝ լինելով «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբի պետ, խաբել-մոլորեցրել է նրան, թե կուսակցությունը նվազագույնը 65 տոկոս ձայն ունի: Սակայն «50+1» տոկոսն անգամ ապահովել չի հաջողվել: Իշխող ուժը մեծ ընտրախախտումներով ու զեղծարարություններով, ԲՀԿ-ից շուրջ 60 հազար քվեն գողանալով՝ հազիվ 49 տոկոս ձայն է հավաքել, ինչը Փաշինյանին հունից հանել է, եւ նա յուրայինների հետ այդ թեմայով կոշտ խոսակցություն է ունեցել:
Այժմ Արայիկ Հարությունյանը ԱՄՆ-ում է, որտեղ հուլիսի 1-24-ն իր արձակուրդն է վայելում, որից հետո կորոշի անելիքը կամ, հնարավոր է, արդեն որոշել է: Իշխանական բուրգում անջատողական գործընթացներ են սկսվել, ինչը պայմանականորեն կարելի է առնետավազք անվանել: Պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ պաշտոնը թողնելու մասին է արդեն հայտնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ՔՊ-ի հիմնադիրներից է: Ասում են՝ 2018-ին Գյումրի-Երեւան քայլերթով իշխանափոխություն իրականացնելու գաղափարը Մխիթարինն է: Փաշինյանի խոսքով,- որը, բնականաբար, հավատ չի ներշնչում,- նա ինքնակամ է որոշել դադարեցնել աշխատանքը գործադիրում եւ մասնավոր գործ ձեռնարկել:
Որոշ լուրերի համաձայն՝ Հայրապետյանը եւ էլի մի քանի կարկառուն ՔՊ-ականներ փորձել են Փաշինյանի հետեւում իրենց առանձին «խաղը խաղալ»՝ ազդեցություն գործելով նաեւ ՔՊ այլ շրջանակների վրա: Այս փուլում աշխատանքը մասնավոր հատվածում շարունակելու ցանկություն է հայտնել ՀՀ թիվ 1 աներձագը՝ Վաղարշակ Հակոբյանը, հայտարարելով, որ չի պատրաստվում վերցնել մանդատը: Իսկ ամենադրամատիկն այն է, որ «մանդատադուլ» է հայտարարել Գեղամ Նազարյանը: Նա որդեկորույս հայր է, 8-րդ գումարման խորհրդարան էր անցել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, եւ այն ժամանակ Փաշինյանի թունդ քննադատներից էր: Սակայն շատ ժամանակ չանցած՝ ճամբարափոխ եղավ ու սկսեց ինչ-ինչ ծառայություններ մատուցում ՔՊ-ին: Երեւում է՝ օգտագործելուց հետո ՔՊ-ն նրան այլեւս մի կողմ է նետել՝ որպես անպետքացած իր:
Մի խոսքով՝ թեկնածուներից յուրաքանչյուրը մանդատից հրաժարվելու իր պատճառն ու պատրվակն ունի, բայց մեծ մասամբ՝ շինծու: Օրինակ՝ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը պատգամավորի մանդատից հրաժարումը հիմնավորում է բոլորանվեր իր համայնքին ծառայելու ցանկությամբ, որովհետեւ վստահ է՝ համայնքն առանց իրեն «վարի կտան»: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ սրանք պատահական անուններ չեն. գլխավորապես Խաչատուր Սուքիասյանի ազդեցության գործիչներ են, եւ «չի բացառվում, որ օրերից մի օր դուրս են գալու Փաշինյանի դեմ՝ նրան գահընկեց անելու համար: Վերջինս, ըստ փորձագետի, այս մարդկանց թիմից քշելով՝ կանխում է հնարավոր պալատական հեղաշրջումը:
Քոչարյանն ավելի հեռուն է գնում՝ կարծիք հայտնելով, որ ՔՊ առաջնորդը վտանգ է զգացել Ալեն Սիմոնյանից եւ այն ՔՊ-ականներից, որոնք Սուքիասյանի մարդիկ են համարվում ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում: Փաշինյանը, փորձագետի դատողությամբ, ջանալու է այդ մարդկանց փոխարինել, այսպես ասած, թուրքական «բրիգադով», որի ամենաառանցքային անդամի կամ, ավելի ստույգ, «բրիգադավար» Ալենի հարցերն արդեն բարեհաջող լուծված են. նա փոխարինվել է Թուրքիայի հետ մերձացող Ռուբեն Ռուբինյանով: Փաշինյանին, թերեւս, թվում է, թե վարչապետական աթոռին սպառնացող վտանգն արդեն չեզոքացված է, եւ հիմա կարող է հանգիստ շունչ քաշել: Բայց դա միայն թվում է:
«Հայացք Երեւանից»

