Հայկական մամուլում եւ սոցցանցերում գնալով հաճախադեպ են դառնում «թեժ» քաղաքական աշնան մասին խոսակցությունները։ Արդեն քաղաքական դիսկուրս են մուտք գործում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները։ Սակայն, մյուս կողմից, քաղաքական դիսկուրսի հիմնական թեմաներից է նաեւ «քաղաքական դաշտի» փլուզման մասին տեսակետը, եւ ոչ ոք, կարծես թե, չի հակադարձում դրան։
Ի՞նչ է ստացվում` մի կողմից խոսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, մյուս կողմից անվիճարկելի թեզ է մնում քաղաքական կուսակցությունների վարկաբեկվածության պնդումը։ Սա մի հակասություն է, որը գնալով վերաճում է այն առանցքային խնդրին, որին Հայաստանն արդեն առերեսվել է: Եթե քաղաքական դաշտն անցած տարվա իշխանափոխությունից հետո փլուզվել էր, որովհետեւ նախկին խաղի կանոնները դադարել էին գործել, ուրեմն հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունն ինչպե՞ս է կատարելու իր ընտրությունը՝ ո՞ւմ օգտին է քվեարկելու, երբ քաղաքական դաշտը դեռ խոր նիրհի մեջ է, ու խաղի նոր կանոններ չեն սահմանվել։
Թե ինչու է փլուզվել քաղաքական դաշտը, կարծես թե, դրա պատասխանի շուրջ կա հանրային համաձայնություն. եթե ընտրությունների հանդեպ կար հանրային անվստահություն` նշանակում է կուսակցությունների միջեւ առողջ մրցակացություն չի կարող լինել, իսկ քաղաքական կյանքը կարգավորվում էր ստվերային եղանակով։ Սակայն հարց է առաջանում` իսկ ի՞նչն է խանգարում, որ այսօր նոր իրավիճակում կուսակցությունները կայանան ու վայելեն հանրային վստահություն։ Այս հարցի պատասխանի որոնումը կարեւոր է։
Կուսակցությունները, ըստ դասական ձեւակերպման, հանրային տարբեր կարիքների ու շահերի մասին տեսակետների կրողներն են։ Այսինքն, նորից կրկնենք, կուսակցությունները կայանում են, երբ հանդիսանում են հրատապ հանրային շահերի, այս կամ այն հանրային տեսակետների կրողներ։ Իսկ ի՞նչ տեսակետներ կան այսօրվա հանրային կյանքում։
Հանգուցային գաղափարները, թերեւս, աղերսվում են արցախյան խնդրին, էկոլոգիական, սոցիալական օրակարգերին եւ, միգուցե, «թալանածը ետ բերելու» պահանջին։ Ահա այս հիմնախնդիրների արծարծման համատեքստում կարող են կայանալ կուսակցությունները, կամ էլ պետք է նոր քաղաքական դիսկուրս ձեւավորել ու դրա կարեւորության մեջ համոզել հանրությանը։
Դիտարկենք վերը թվարկված գաղափարներն առանձին-առանձին: Արցախի խնդիրը մտել է շահարկումների դաշտ, եւ բոլոր խաղացողներն անխտիր փորձում են այն ծառայեցնել կամ հարմարեցնել իրենց նպատակներին կամ էլ օգտագործել հակառակորդներին վարկաբեկելու համար: Հանրությունն այս դեպքում կդժվարանա ճիշտ կողմնորոշվել, քանի որ չկա հստակ ազգային ռազմավարություն։
«Թալանածը ետ բերելու» առաքելությունը սեփականաշնորհված է Նիկոլ Փաշինյանի կողմից. դա իր քարոզչության Ալֆան եւ Օմեգան է, սակայն թե որքանով կհաջողի այդ գործում` ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս` մեկուկես տարին բավական չեղավ տվյալ ուղղությամբ հստակ համակարգված քաղաքականություն վարելու համար։
Ինչ վերաբերում է սոցիալական գործոնին` հարկ է նկատել, որ այն «տնտեսական հեղափոխության» հետ սերտորեն փոխկապակցված խնդիր է, որի ապագան եւս մշուշոտ է: Բանն այն է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում է թռիչքաձեւ աճ, մինչդեռ դրա նախադրյալները չկան, իսկ իշխող ուժը գործնական ոչ մի քայլ չի ձեռնարկում այդպիսի զարգացման համար հող նախապատրաստելու առումով: Ընդդիմությունն իր հերթին ի վիճակի չէ ներկայացնել համապատասխան ուրվագիծ կամ ճանապարհային քարտեզ։
Մնում է բնապահպանական ոլորտը, որի ամենաարդիական բաղադրիչն Ամուլսարի շուրջ ծավալված վեճն է։ Պատահական չէ, որ էկոլոգիական խնդիրներն ի զորու են համախմբել բազմաթիվ մարդկանց, եւ նրանց պահանջները հասկանալի են հանրության լայն շերտերի համար։
Այս տեսակետից քաղաքական համակարգի (իշխող, թե ընդդիմադիր) կայացումը շաղկապված է հանրային դիսկուրս ձեւավորելու խնդրի հետ, իսկ դա չափազանց բարդ աշխատանք է։