Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Կուսակցություններ. ոչ թե վտանգի աղբյուր, այլ՝ ժողովրդավարության երաշխիք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սկսած 1995 թվականից` Հայաստանում ներքաղաքական խոսույթի հիմնական թեման իշխանափոխության եւ ազատ ու արդար ընտրությունների շուրջ է։ Ընտրությունների օրինականությունը, անշուշտ, խիստ կարեւոր է, սակայն պետք է ընդունել, որ այդ ինստիտուտը սոսկ տեխնիկական հարց է լուծում։ Ամենաառանցքային հարցադրումը, թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին եւ հաջողության դեպքում վճռելու պետության ճակատագիրը, չգիտես ինչու, հանրային քննարկման առարկա չի դառնում։ Տպավորություն է, թե կուսակցությունների գաղափարախոսությունը, կառուցվածքը, պետության ապագայի մասին տեսլականը նրանց ինքնիշխան իրավունքի տիրույթում են եւ, գալով իշխանության, կարող են անել՝ ինչ ցանկանում են: Ճիշտ ինչպես հիմա:

Վերջին տասնամյակների քաղաքական մեր տխուր փորձը հակառակն է ցույց տալիս՝ կուսակցություն կոչվելու եւ ընտրություններին մասնակցելու իրավունքի համար կազմակերպությունները պետք է խստիվ համապատասխանեն «Կուսակցությունների մասին» նոր օրենքով նրանց առջեւ դրվելիք որոշակի չափորոշիչների ու պահանջների: Միայն այս ճանապարհով կարելի է հասնել պետական հասունության եւ հանրային գիտակցության բարձրացման ցանկալի արդյունքի։

Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ վերջին տարիների պրակտիկան: Մի խումբ մարդկանց միջոցով երկրում իշխանությունը բռնազավթելու համար նախ՝ հարկ է լինում բռնազավթել իշխանությունը որեւէ կուսակցությունում: Այդպիսի ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը, իշխանության մաս կազմելուց հետո, իր ավտորիտար ու ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածում է ողջ պետության ու կառավարման ողջ համակարգի վրա: Սա մեր պատմական փորձն է, որի համար մեր երկիրը միշտ թանկ է վճարել։ Շատ ընդդիմադիր կուսակցություններ, իրենց հերթին, իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների գալու պատճառով նույնպես ստիպված են լինում նման ավտորիտար կուսակցություններ ստեղծել:

Ժամանակին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտնի պնդումը, թե ՀՀԿ-ն մի ընտանիք է, իսկ Սերժ Սարգսյանը ընտանիքի հայրն է, հենց այդ ամենաթողության լավագույն արտահայտությունն է, երբ կուսակցությունը ոչ թե հանրային-քաղաքական կառույց է, այլ ընտանիք, այսինքն՝ կլան իր կնքահայրով: Չնայած Սերժ Սարգսյանի ձեւավորած ավտորիտար իշխանության օրոք, որքան էլ դա «տարօրինակ» թվա, 2016-ին «Կուսակցությունների մասին» ծայրահեղ ազատական օրենք ընդունվեց ԱԺ-ում, որը թույլ է տալիս ցանկացած տիպի եւ ցանկացած գաղափարախոսությամբ կուսակցություն ստեղծել եւ դրան վստահել երկրի ճակատագիրը։ Այդօրինակ մտածողությունը ծնեց ամբոխավարների, որոնք՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա, եկան իշխանության եւ «ժողովրդի անունից» հիմնավորեցին ցանկացած անօրինականություն։

Երկու խոսք «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ: Այն կոչված է նպաստել Հայաստանի կայուն քաղաքական համակարգի ձեւավորմանը` նրան զերծ պահելով քաղաքական ծայրահեղական ուղղություններից եւ գաղափարներից: Ցանկացած երկրի կայուն զարգացման հնարավորությունը պայմանավորված է կայուն ու կանխատեսելի քաղաքական համակարգի առկայությամբ, որի պարագայում ընտրություններում այս կամ այն կուսակցության հաղթանակը չի հանգեցնում սոցիալական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ցնցումների:

Լեգալ քաղաքական կուսակցությունները չեն կարող դիտարկվել որպես ինքնաբավ միավորներ, նրանք պետք է դիտարկվեն որպես ընդհանուր քաղաքական համակարգի մասնիկներ, որոնք գրանցվելիս պարտավորվում են ենթարկվել օրենքներից բխող խստագույն պահանջներին: Այս առումով կարեւոր է, որ օրենքի միջոցով կարգավորվի կուսակցությունների սոցիալական հայեցակարգի ու ծրագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը եւ ՀՀ օրենսդրությանը:

Նոր օրենքը պետք է փակի բոլոր այն սողանցքները, որոնք հնարավորություն են ընձեռում կուսակցություններին՝ վերածվելու բիզնես-կառույցների, իսկ մարդկանց ինչ-որ փոքր խմբերի՝ յուրացնելու իշխանությունն ու ստեղծելու այնպիսի համակարգ, որտեղ ղեկավարներն անփոխարինելի են, նախընտրական ցուցակների ձեւավորման գործընթացը՝ միահեծան եւ այլն: Այդ ամենի արդյունքում կուսակցությունները դառնալով ավտորիտար կամ ամբողջատիրական կառույցներ, իշխանության գալու դեպքում պետությունն են դարձնում այդպիսին։

Կուսակցությունները չպետք է պետության ու ժողովրդի համար լինեն վտանգների աղբյուր, այլ՝ երկրի ժողովրդավարության հաստատման ամուր երաշխիքներ՝ ներքին հակակշիռների կատարյալ գործիքակազմով։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: