Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ժողովրդավարություն. նպատա՞կ, թե` միջոց

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի բոլոր ղեկավարները եւ իշխող քաղաքական ուժերը, հատկապես իրենց իշխանավարման երկրորդ ժամկետից սկսած, ժողովրդի կողմից ընկալվում էին որպես ոչ ժողովրդավարական, եւ համարյա բոլոր ընտրություններից հետո բողոքի զանգվածային գործողություններ էին ծավալվում, որոնք ճնշվում էին ուժային միջոցներով։ Հանրությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները։

2018-ի զանգվածային խանդավառության պայմաններում իշխանության եկած «թավշյա» կառավարությունն ուներ հանրային աննախադեպ վստահություն, եւ կարծես թե ճնշող մեծամասնությունն ընդունեց ընտրությունների արդյունքները: Սակայն որոշ ժամանակ անց դժգոհություններ ի հայտ եկան։ Հանրության մի զգալի հատված բոլոր վարչակարգերին միշտ հակաժողովրդավարական էր համարում, հիմա եւս նույն ուղղությամբ ենք գնում։ Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ «բազմաչարչար» հայ ժողովուրդն այդքան անհանդուրժող ու անգոհ է իր իշխանություններից։

Միգուցե հիմնական պատճառը Լեւոնը, Ռոբերտը, Սերժը կամ Նիկոլը չե՞ն, միգուցե խնդիրն ավելի խորքային է, իսկ «վատ» իշխանություններն ընդամենը հանրային պատկերացումների, սպասումների եւ իրականության միջեւ աններդաշնակության արդյունք են: Չի բացառվում նաեւ, որ իշխանություններն այն չեն անում, ինչ նրանցից ակնկալում է հանրությունը կամ այդ սպասումներն են գուցե անիրական։ Վերջինիս դեպքում նշանակում է, որ խնդիրն աշխարհի ու մեզ շրջապատող միջավայրի մասին հասարակության պարզունակ պատկերացումներն են։

Քաղաքականապես ակտիվ զանգվածը մի տեսլական է ձեւավորել, թե մեր նպատակը ժողովրդավարություն կառուցելն է, եւ ցանկացած իշխանություն հեղինակազրկվում է, երբ մարդիկ տեսնում են նրանց հակաժողովրդավարական քայլերը։ Մինչդեռ հանրության գլխավոր իղձն ամենեւին էլ ժողովրդավարությունը չէ։ Վերջինս կառավարման մեխանիզմ է, բայց ոչ նպատակ։ Պարզ ասած` դա միջոց կամ գործիք է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Գործիքը չի կարող նպատակ լինել, սակայն հանրային խոսույթին հետեւելիս` նկատելի է, որ ամենաշատ արտաբերվող բառը «ժողովրդավարություն»-ն է, որը, թերեւս, զիջում է միայն «կոռուպցիա»-ին։

Երբ ժողովրդավարությունը, այսինքն` գործիքը, ներկայացվում է որպես նպատակ, այդժամ էլ սկսվում է այն, ինչ տեսնում ենք արդեն երեսուն տարի։ Բանն այն է, որ եթե ժողովրդավարությունը դառնում է նպատակ, նշանակում է` չկա ոչ մի այլ իրական նպատակ կամ եղածները վատն են, որոնց մասին բարձրաձայն չեն խոսում: Արդյունքում հանուն ժողովրդավարության հաղթանակի, հնարավոր է` հաստատվի դիկտատուրա, խախտվեն մարդու իրավունքները, որքան էլ սա արտառոց հնչի։

Նույնը վերաբերում է մեր մյուս «հերոսին»՝ կոռուպցիային։ Ցանկացած իշխանության պարտքն է` պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն դա չէ կառավարությունների գործունեության նպատակը, դա եւս միջոց է արդար ու զարգացող տնտեսություն եւ կառավարման համակարգ կառուցելու համար։ Աշխարհում կան երկրներ, անգամ ցեղեր` մասնավորապես Ամազոնի հովտում, որտեղ կոռուպցիա չկա, բայց չկա նաեւ տնտեսական ծաղկում։

Ժողովրդավարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր են, սակայն հանրային քննարկումների հարթակներում բացակայում են իրական նպատակներին նվիրված պարզաբանումները` ի՞նչ անել ու ինչպես։

Երբ իշխող ուժի հիմնական հռետորաբանությունը հանգում է ժողովրդավարության հաստատմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին, մենք վերածվում ենք աննպատակ հանրության։ Տրամաբանորեն ստացվում է, որ հանրային դժգոհությունների հիմնական պատճառը հստակ ձեւակերպված նպատակի բացակայությունն է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: