Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Տարածաշրջանային աղետն անխուսափելի՞ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններին զորքերի ու ռազմատեխնիկայի կուտակումներն այս պահին աշխարհում տեղի ունեցող գլխավոր իրադարձություններից են: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն՝ թեկուզեւ չնախատեսված հանգամանքների կամ երրորդ կողմի սադրանքի հետեւանքով, դա կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի պատճառ դառնալ՝ մեկ տասնյակի չափ երկրների մասնակցությամբ։ Փաստորեն Մեծ Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ եռացող կաթսա։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, մի՞թե տարածաշրջանային աղետն անխուսափելի է:

Ընդամենը պետք է քարտեզին մի հայաք ձգել՝ հասկանալու համար, որ Հարավային Կովկասում գերակա ազգային շահեր ունեն միանգամից երեք խոշոր պետություն՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Խորհրդային շրջանում, ինչպես նաեւ մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը, ձեւավորվել էր ստատուս քվո՝ այդ երեք երկրները գտնվում էին միմյանցից հավասարակշռված հեռավորության վրա, իսկ դրանց միջեւ թափարգելը (բուֆեր) հարավկովկասյան երեք երկրներն էին։

Պատերազմից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվեց՝ իր հետ վերակենդանացնելով այդ երկրների միջեւ առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք փոխկապակցված են նրանց ներքին ու արտաքին մարտահրավերների հետ։ Թուրքիայի գլխավոր խնդիրը քրդերն են, Իրանի համար՝ ադրբեջանցիներն ու քրդերը, Ռուսաստանի համար՝ իր տարածքում բնակվող մոտ 20 միլիոն մուսուլմանները, որոնց մի զգալի մասն ունի թյուրքական ծագում։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելով, զսպել ներսում հնարավոր անջատողական շարժումները։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Կովկասում մրցակցությունը լինելու է սուր եւ ուղեկցվելու է բարդություններով, այդ թվում՝ ռազմական։ Նրանցից ոչ մեկը չի կարող զերծ մնալ անխուսափելի կորուստներից ու ներքին ապակայունացման վտանգից։

Սա իրավիճակի հակիրճ նկարագրությունն է։ Միաժամանակ պետք է նկատել, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որը զբաղվում է Արցախի հիմնախնդրով, իր կազմից դուրս էր թողել այստեղ գերակա շահեր ունեցող երկու երկրների՝ Իրանին եւ Թուրքիային։ Վերջինս առաջարկում էր ստեղծել «3+3» ձեւաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրների եւ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ներառմամբ։ Սա գործընթացից դուրս է թողնում Արեւմուտքին, որին համաձայն են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, սակայն կովկասյան երկրները մտավախություններ ունեն նրանց մասնակցության առնչությամբ. Հայաստանը՝ Թուրքիայից, Ադրբեջանը՝ Իրանից, Վրաստանը՝ Ռուսաստանից, ինչը բարդացնում է այդ ձեւաչափի իրականացումը, ինչպես նաեւ ճանապարհ է բացում գործընթացին դրսի երկրների անցանկալի միջամտությունների համար։

Առկա ոչ դյուրին իրադրությունում հատուկ ուշադրություն է պահանջում անհրաժեշտ հաղորդակցությունների ստեղծումը, որոնք կունենան աշխարհաքաղաքական մեծ նշանակություն եւ կխթանեն քաղաքական, տնտեսական վերաձեւավորումներն ու վերադասավորումները Չինաստանից մինչեւ Իսրայել եւ արաբական աշխարհ։

Կովկասում հավասարակշռության խաթարվածությունը, որը սկիզբ առավ Արցախի պատերազմից, մեծ ցնցումների ու մեծ հնարավորությունների ներուժ ունի եւ, միաժամանակ, հղի է քաղաքական քարտեզի վերաձեւումներով։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: