Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Արցախյան պատերազմ. անհավանականն ակնհայտ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախում սկսված պատերազմը կանխատեսելի էր, ավելին` դրա մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ վերջերս նաեւ նրան միացած Թուրքիայի ղեկավարությունը, ուղղակիորեն հայտարարում էին: Պատերազմը սկսվել է ու փոխվել է դրա ձեւաչափը` հայ-ադրբեջանականից վերածվելով հայ-թուրքականի: Տեղի ունեցավ այն, ինչի մասին ոմանք զգուշացնում էին, սակայն մեծամասնությունը դրա հնարավորությանը չէր հավատում: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է` փոխվել է աշխարհը, սակայն մեր հասարակության մտածողության իներցիան խանգարում է նորի ընկալմանը: Իսկ ի՞նչ է փոխվել: Նախքան այդ հարցին պատասխանելը, փորձենք հասկանալ մտածողության իներցիայի կոորդինատները։

70 տարի Խորհրդային Միությունում ապրած` Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մեջ ձեւավորվել էր պատկերացում, թե Թուրքիան մեզանից «հեռու» է, եւ անհավատալի է թուրքական զորքի ներկայությունը Հայաստանում, որովհետեւ աշխարհը բաժանված է «երկաթյա վարագույրով», եւ գերտերությունների միջեւ ցանկացած առճակատում կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան շարունակում էր մնալ ՆԱՏՕ-ի կազմում եւ ձգտում էր անդամագրվել Եվրոպական միությանը` իրականացնելով ժողովրդավարական բարեփոխումներ, այդ պատվին արժանանալու համար։ Կարճ ասած` Թուրքիան կանխատեսելի երկիր էր ու վերահսկվում էր Արեւմուտքի կողմից։ Այս առումով մենք նույնպես ապահովագրված էինք Թուրքիայի ռազմական միջամտություններից։ Հիմա աշխարհը, ինչպես նշվեց վերը, փոխվել է, բայց շատերը դեռ շարունակում են մտածել հին սխեմաներով։

Այժմ տեսնենք, թե ինչ է կոնկրետ փոխվել աշխարհում, որի արդյունքում թուրքերի ռազմական ներխուժումը Հայաստան դառնում է իրատեսական, ինչում արդեն բոլորս համոզվեցինք։

Երկու գերտերություններից մեկի` Խորհրդային Միության փլուզումից հետո ներկայում անկանխատեսելի իրավիճակ է սկսվել Միացյալ Նահանգներում, որտեղ աշխարհաքաղաքական հակամարտություն է ընթանում երկրի ներսում: Այդ հակամարտությունը, առանց ռոմանտիկ գաղափարների, ԱՄՆ-ի` «ազգային շահերի» վրա հիմնված գերտերություն մնալու վերաբերյալ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների նախագծերի միջեւ է։

Թե որ ուղղությամբ կընթանա Ամերիկան` կտեսնենք մոտ ժամանակներս, սակայն այս պահին գործում է հանրապետականների ծրագիրը, որի արդյունքում գլուխ են բարձրացնում գերտերության հավակնություն ունեցող երկրները` նախկին կայսրությունները։ Միջազգային քաղաքականության մեջ թեւակոխել է անորոշության եւ ամենաթողության ժամանակաշրջան։ Միացյալ Նահանգներն այլեւս ամենազոր չէ, մանավանդ Կովկասում: Ամենազոր չէ, ու դեռ հարց է` կարո՞ղ է արդյոք կանգնեցնել հայ-ադրբեջանական պատերազմը նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Առայժմ նման հետաքրքրություն չի ցուցաբերում։ Իսկ Թուրքիան դուրս է եկել վերահսկողությունից եւ, իր բնույթին հարիր, ինքնուրույն ծավալապաշտական քաղաքականություն է վարում։ Նման բիրտ ուժին կարող էր կանգնեցնել մեկ այլ բիրտ ուժ, եւ դա ոչ ԵՄ-ն է, ոչ էլ Միացյալ Նահանգները: Նրանց հետաքրքրությունները բոլորովին այլ են։

Ահա սա է փոխվել աշխարհում: Եվ նոր աշխարհում «միջազգային հանրությունը» բանաձեւերով ու կլոր սեղաններով չէ արդեն հարցեր լուծում: Կարեւոր է դարձել ուժի գործոնը։

Մենք այս նոր աշխարհն ենք մուտք գործում, որտեղ հնարավոր են շատ բաներ, որոնք նախկինում անհավանական էին թվում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: