1969 թվականին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը սկսվում է աշխարհում տեղի ունեցող անցուդարձը պատկերող դրվագներով՝ պատերազմներ, ռոքի փառատոներ, սեքսուալ հեղափոխություն, հանրահավաքներ ցրող ոստիկաններ՝ շարժընթաց ու փոփոխություններ, եւ միանգամից դուդուկի հանդարտ, թախծալի երաժշտության հնչյունների տակ պատկերանում են «երկաթյա վարագույրով» մոլորակից մեկուսացած խորհրդային Հայաստանի սարերում հովիվների կյանքը եւ աշխարհում տիրող իրավիճակի մասին նրանց միամիտ դատողությունները։ Կինոֆիլմի սկիզբը շատ խորն է, խորհրդանշական ու տպավորիչ։
Եթե «երկաթյա վարագույրով» աշխարհից կտրված խորհրդային Հայաստանի հովիվների խոհափիլիսոփայական դատողությունները մարդկայնորեն հասկանալի են եւ, ինչու չէ՝ նաեւ հետաքրքիր, ապա այժմ, երբ «երկաթյա վարագույր» գոյություն չունի, բայց պատերազմը հերթական անգամ ծեծում է դուռը, տեղեկատվությունը՝ տարածվում կայծակի արագությամբ, աշխարհում տեղի ունեցող գործընթացներն էլ փոխկապակցված են, Հայաստանի խորհրդարանի քննարկումները, ի տարբերություն ֆիլմի սարերի հովիվների խորհրդածությունների, ոչ հասկանալի են, ոչ էլ՝ հետաքրքիր, այլ ճիշտ հակառակը՝ խրթին են ու միապաղաղ։
Խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունները միմյանց համար անփոխարինելի են, փոխադարձաբար կենսատու էներգիայի աղբյուր. իրարից սնվելով՝ նրանք ջանում են հանրային օրինակարգություն ստանալ։ Փոքրամասնությունները փորձում են իշխանության դեմ «պայքարի» իմիտացիա ստեղծել, որպեսզի խորհրդարանում իրենց հայտնվելն ինչ-որ կերպ արդարացվի, իսկ մեծամասնությունը «նախկին-ներկա» հակադրության տրամաբանությամբ հիմնավորում է իր իշխանություն լինելը: Եվ այդ ամենը «համեմվում» է պատերազմի պարտությունը միմյանց գրպանը գցելու անվերջ շոուներով։ Այնինչ մեր շուրջը լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք որոշում են ազգի ճակատագիրը, եւ որոնց մասին սթափ ու տրամաբանական քննարկումներ գոյություն չունեն: Սա մտավոր եւ բարոյական խորն անկում է։
Մինչ Հայաստանի ներկայիս խորհրդարանի «հովիվները» միմյանց հետ վիճաբանում են մանր-մունր հարցերի շուրջ, չափազանց կարեւոր ու ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենում, որոնց հրատապության մասին կարելի է դատել մեր բոլոր հարեւանների շարունակական ռազմախաղերից, բարձրաստիճան քաղաքական դեմքերի հաճախացած այցերից, հայտարարությունների տարափից եւ հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացներում գնալով ավելի շատ ազդեցիկ երկրների ներգրավումից։
Այս խորապատկերին որեւէ քննարկում, ասուլիս, ծրագրային ելույթ կամ վերլուծություն, որեւէ հստակ դիրքորոշում, պարզաբանում գրեթե չկան։ Այսաստիճան անպատասխանատու եւ անդեմ խորհրդարան՝ այսաստիճան ճակատագրական հանգրվանում, դժվար է պատկերացնել: Բայց մինչեւ ե՞րբ։