Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Պայքար Հարավային Կովկասի համար․ հին կայսրությունների ուրվականների վերադարձը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կատարվեց այն, ինչը կանխատեսվում էր, սակայն հանրության մեծ մասի համար թվում էր անհնարին` Թուրքիան ուղղակիորեն մուտք գործեց Հարավային Կովկաս, եւ առաջին հարվածը մեզ էր ուղղված։

Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները, ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը արագացրին պատմական կայսրությունների վերականգնման հավակնությունները, եւ այս հարցում ամենաակտիվը Թուրքիան է` նեոօսմանիզմի իր գաղափարով։

Վերհիշենք XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին ի հայտ եկած գաղափարական հոսանքները կամ գաղափարախոսությունները, որոնցից էին պանթյուրքիզմը, թյուրքիզմը, թուրանիզմը, ինչպես նաեւ նույն շրջանում առաջացած պանսլավիզմը, պանգերմանիզմը, պանիսլամիզմը, պանարաբիզմը եւ այլն: Այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Պանթյուրքիզմը գաղափարախոսական իր «եղբայրների»` պանարաբիզմի, պանսլավոնիզմի, պանգերմանիզմի, պանիսլամիզմի եւ XIX դարում ծնված նմանատիպ այլ գաղափարախոսությունների շարքում այն եզակիներից է, որը XXI դարում տակավին պահպանվել է։

Ավելին` Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով ստեղծվել են թյուրքական երկրները միավորող քաղաքական կառույցներ, ձեւավորվել են աշխատանքային խմբեր։ Պանթյուրքիզմի կենսունակության առումով կարելի է տարբեր պատճառներ բերել, սակայն դրանցից ամենագլխավորը, ըստ երեւույթին, այն է, որ, ի տարբերություն Առաջին աշխարհամարտի ժամանակ պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի, որտեղ հաղթող երկրները ոչնչացրին կայսերապետական նկրտումների հիմքերը, Թուրքիան կարողացավ պահպանել իր չեզոքությունը, եւ նման գործընթացը նրան շրջանցեց։ Այժմ ունենք այն, ինչ ունենք։

Թուրքիայում ձեւավորվեցին ոչ միայն կայսերապետական գաղափարախոսություն, այլեւ վերպետական կառույցներ` ի դեմս Թյուրքալեզու երկրների միության, Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի, Թյուրքական համագործակցության խորհրդի եւ այլն: Այս կառույցներն ունեն 5 անդամ երկրներ, մեկ դիտորդ երկիր` Հունգարիան, մեկ հավանական անդամ` Թուրքմենստանը, եւ տարբեր երկրների կազմում տարածքներ, ինքնավար միավորումներ, որոնք նույնպես դիտարկվում են իբրեւ ապագա անդամներ, բայց անկախություն ձեռք բերելուց հետո:

Հատկանշական է, որ կազմակերպություններից ամենագլխավորը` Թյուրքական համագործակցության խորհուրդը, ստեղծվել է Նախիջեւանում (տեղի ընտրությունը խորհրդանշական իմաստ ուներ), եւ պատահական չէր, որ 2019-ի հոկտեմբերի 14-ին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովի ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ թյուրքական աշխարհի միասնական ցամաքային տարածությունը խզվում է Հայաստանով, իսկ Զանգեզուրը եւ, առհասարակ, Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք են։ Ալիեւը համաթուրանական առաջնահերթ նպատակ էր առաջ քաշում։

Բնական է, որ նման գաղափարախոսությունները հարակից երկրների համար վտանգ են ներկայացնում։ Համաթյուրքականությունը վտանգավոր է Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, անգամ Չինաստանի համար: Բնականաբար` փոքր Հայաստանի ու Վրաստանի առումով այդ վտանգն ավելի մեծ է։ Իսկ խոշոր հաշվով` նման գաղափարախոսությունները սպառնալիք են դեռեւս գոյությունը պահպանող աշխարհաքաղաքական հավասարակշռության համար։

Ամեն ինչ գնում է նրան, որ կազմավորվում է բազմաբեւեռ աշխարհ, որտեղ կսկսեն ձեւավորվել մեծ կոալիցիաներ։ Միջազգային քաղաքականությունը վերադառնում է XIX դարի աշխարհակարգի դասական մոդելին` ձեւավորվում են կոալիցիաներ խիստ որոշակի շահադիտական խնդիրների հիման վրա։ Բայց չմոռանանք, որ ցանկացած մարտահրավեր իր մեջ պարունակում է ինչպես վտանգներ, այնպես էլ հնարավորություններ: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: