2018-ի հայտնի իրադարձությունը, որը ոմանց պնդմամբ` իշխանափոխություն էր, ոմանց համոզմամբ` հեղափոխություն, սկսվեց մերժումով։ Նախ մերժում էին Սերժ Սարգսյանին, հետո մերժեցին այն ժամանակվա խորհրդարանը, հետո սկսեցին մերժել դատավորներին, հիմա էլ՝ Սահմանադրական դատարանի կազմը, իսկ մերժման հայեցակարգն ավելի գլոբալ դիտարկող որոշ արմատականներ` ամբողջ ՍԴ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը… մերժվում են մի շարք օրենքներ, Սահմանադրությունը եւ այդպես շարունակ։
Մերժումը դարձավ հեղափոխության ոչ միայն խորհրդանիշը, այլ նաեւ բավանդակությունը։ Մյուս կողմից` ընդդիմադիր հատվածն, իր հերթին, սկսել է մերժել մերժողներին` անկախ նրանից, թե ինչն են մերժում եւ ինչի համար։ Կարեւորն ինքնին մերժելն է միմյանց։ Մերժումը քաղաքական կատեգորիայից վերածվում է հոգեբանական երեւույթի։
Այսպիսով` անհրաժեշտություն է առաջանում հասկանալ, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում մերժման հոգեբանությունը, դրա պատճառներն ու նպատակը։
Մերժումը համապատասխան գիտության մեջ բնորոշվում է որպես հոգեբանական պաշտպանության միջոց, երբ պահանջ է ի հայտ գալիս ինչ-որ անցանկալի երեւույթ մերժել՝ ջնջել կյանքից, հիշողությունից կամ անտեսել։ Դա գնահատվում է որպես պարզ պաշտպանական միջոց։ «Մերժում»-ը պետք է տարբերել «դուրսմղում»-ից։ Դուրս մղել ինչ-որ երեւույթ` նշանակում է այն գիտակցել, վերլուծել ու նոր միայն դուրս մղել` փոխելով իրականությունը։ Իսկ մերժումն ավելի շուտ մեխանիկական գործընթաց է, որը գիտակցականի վրա որեւէ խորքային ազդեցություն չի գործում եւ իրավիճակ չի փոխում։ Կրկնենք` սա այդ երեւույթի հանդեպ հոգեբանության մասին գիտության մոտեցումն է։
Վերադառնանք մեր իրականությանը։ Հանրությունը հոգնել էր այն պատրանքներից, որոնց մեջ ապրում էր։ Չկար քաղաքական ինստիտուտների, ընտրական համակարգի, դատական ու իրավապահ կառույցների նկատմամբ վստահություն: Դադարել էին գործել սոցիալական «լիֆթերը», եւ այդ իրավիճակն ամենալավը բնորոշել է Սերժ Սարգսյանը` այն անվանելով «գաղջ մթնոլորտ»։
Հանրությունը մերժեց գաղջ մթնոլորտը, սակայն մերժումը իրականության փոփոխություն չէ։ «Գաղջը» պետք է հրապարակային հարթակներում վերլուծվեր, գիտակցվեին դրա պատճառները, տրվեին քաղաքական, իրավական գնահատականներ եւ այն փոխելու համար մշակվեին քաղաքականություն ու գործողությունների քարտեզ։ Այսինքն` «մերժումը» պետք է վերաճեր «դուրսմղման»։
Հիմա Հայաստանը բաժանվել է երկու բանակի՝ հինը մերժողների եւ նորը մերժողների։ Դա մեզ ոչ մի տեղ չի տանում։ Ավելի ստույգ` տանում է ոչմիտեղ: «Հեղափոխական էյֆորիան» վերածվում է ատելության խրախճանքի, քանի որ հանրությունը չի տեսնում քաղաքական լուծումներ, որոնք հանուն պայծառ նպատակի` կմիավորեին մերժողների զույգ բանակները:
Նկարազարդումը՝ Medialab.am-ի