«Միջազգային հարաբերություններ» եզրը վերջին երկու հարյուրամյակում է սկսել գործածվել, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ նման «հարաբերություններ» չեն եղել։ Դրանք գոյություն ունեին անգամ այն ժամանակ, երբ «պետություն» հասկացությունը, ժամանակակից ըմբռնմամբ, տակավին չկար։
Միջազգային հարաբերությունները կարգավորում են երկրների միջեւ եղած բոլոր հնարավոր կապերն ու առնչությունները, սակայն այդ կարգավորումներն ի չիք չեն դարձնում պետությունների շահերը, որոնք դրանց հետամուտ են լինում ցանկացած եղանակներով, այդ թվում` պատերազմների միջոցով:
Ինչո՞ւ կարեւոր համարվեց սույն թեմայի արծարծումը մեր երկրի համար օրհասական այս ժամանակում: Շատերը խորքային համոզմունք ունեն, որ կան հաստատագրված կանոնների վրա հիմնված միջազգային հարաբերություններ, կա միջազգային հանրություն, որը կառուցվում է մարդասիրական գաղափարների ու մարդու իրավունքների սկզբունքների վրա: Այդ արժեքային համակարգը, ըստ մեծամասնության կարծիքի, առաջնային է, եւ մենք մուտք ենք գործել 21-դար, որտեղ հնարավոր չեն այն վայրագությունները, որոնք 20-րդ դարում ու դրանից առաջ էլ անպակաս էին:
Դրան հավատացողներ դեռ շատ կան: Ավելին` իշխանության գալով, այն հայտարարում են որպես պետական քաղաքականություն:
Սխալ կլիներ պնդել, թե մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ մարդասիրական մյուս գաղափարները սուտ են կամ չեն գործում: Դրանք ցանկացած ժամանակակից ու առաջատար երկրի ներքին քաղաքականության հիմքն են, որոնց վրա կառուցվում է իրավական համակարգը եւ, բնականաբար, մենք պետք է ձգտենք, որ այդ արժեքներն ամրապնդվեն Հայաստանում: Սխալը կայանում է նրանում, երբ կարծում ենք, որ այդ արժեքային համակարգերի վրա են խարսխված միջազգային հարաբերությունները:
Միջազգային հարաբերություններում կան կանոններ, բայց կանոններ կան նաեւ հանցաշխարհի հարաբերություններում, որոնց խախտման դեպքում դաժան պատիժներ են լինում: Սակայն դրանից հանցաշխարհը չի դառնում օրինական ու մարդասիրական: Միջազգային հարաբերությունների հիմքը պետական շահն է, որի վրա էլ` դաշնակիցներ ներգրավելը, ուժերի հավասարակշռությունն ու տնտեսական-ֆինանսական շահերը, որոնք առաջ են մղվում ցանկացած եղանակներով։
Մարդասիրությունը, մարդու իրավունքները` դա ժամանակակից քաղաքականության լեզուն է, սակայն ոչ բովանդակությունը։
Երբ ասում են, որ Հայաստանն Արցախում կռվում է քաղաքակիրթ աշխարհի համար` գեղեցիկ է հնչում, բայց քաղաքակիրթ աշխարհը հիմնված է շահերի, մրցակիցների համար խնդիրներ ստեղծելու, նյութական ու ռեսուրսային շահաբաժինների վրա։
Այս առումով միջազգային հարաբերություններում վերջին հազարամյակների կտրվածքով շատ բան չի փոխվել։