Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Թռիչքներ երազում եւ արթմնի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Սակայն երբ քաղաքականությունից խոսում են իրականության մասին պատկերացում չունեցող մարդիկ, ապա դա լավագույն դեպքում կարող է զվարճացնել, իսկ վատագույն դեպքում՝ բերել աղետի: «Հնարավորը» ունի տարբեր չափորոշիչներ՝ տվյալ երկրի բնակչության թվաքանակը, տարիքային կազմը, բնական պաշարները, մարտահրավերներին դիմակայելու հոգեբանական պատրաստվածությունը, կառավարման որակը, արժեքային համակարգը եւ այլն:

Վերը թվարկվածը վերաբերում է կոնկրետ երկրների ներքին կարողունակությանը, բայց կան նաեւ արտաքին միջավայրի չափիչներ, որոնք թերեւս ավելի վճռորոշ են. երկրի աշխարհագրական դիրքը, ծովի ելքերի առկայությունը, ջրային պաշարները, առեւտրային միջազգային հաղորդակցությունների հասանալիությունը կամ դրանց վերահսկողության համակարգը: Պարզ ասած՝ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական դիրքը, ինչպես նաեւ հարեւանների հետ հարաբերությունների որակը: Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործոնները փոխել հնարավոր չէ, դրանք կարելի է ընդամենը բարելավել կամ վատացնել:

Ստիպված էինք այս ամենը մի փոքր մանրամասնել՝ հետեւելով Հայաստանի քաղաքական բանավեճին, որը հիմնականում շատ է հեռու իրականությունից: Հիմա խիստ արդիական է դարձել ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության թեման: Ոմանք երազում են Հայաստանը դարձնել Եվրոպա. հիասթափված են ՌԴ-ից՝ որպես դաշնակցից, որն ի զորու չէ ապահովել մեր անվտանգությունը եւ, հետեւաբար, ապավինում են ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ին:

Մարդկանց ցանկություններն ու նման մտածողության շարժառիթները միանգամայն բնական են՝ փորձում են իրավիճակից ելքեր փնտրել: Ռազմավարական դաշնակցից հիասթափվելու պատճառները նույնպես կարելի է հասկանալ, սակայն անհասկանալին ռազմավարական այլ դաշնակցի հետ հույսեր կապելն է: Մինչդեռ խնդիրն այստեղ ոչ թե դաշնակցի լավն ու վատն է, այլ այն թյուրըմբռնումը, որ հնարավոր է գտնել այնպիսի մեկին, ով պատրաստ կլինի գործել՝ ելնելով ոչ միայն իր շահերից, այլեւ՝ դաշնակցի:

Ահա այսօրինակ մտածողությունը պետք է փոխել, ոչ թե դաշնակցին, ինչը կօգնի ավելի սթափ գնահատել իրավիճակը եւ հասկանալ միջազգային քաղաքականություն կոչվածը, որի հիմքը շահն է, ոչ թե գաղափարախոսությունը: Դա կօգնի հասկանալ եւս մեկ կարեւոր հանգամանք, որ աշխարհագրական դիրքը փոխել հնարավոր չէ, մեր հիմնական, բնական գործընկերները Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն են եւ, առաջին հերթին, պետք է նրանց հետ հարաբերություններ կառուցել: Այլ տարբերակ չկա, որքան էլ ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգներն այս պահին հզոր լինեն, հաջորդ պահին, հնարավոր է, կենտրոնանան այլ խնդիրների վրա, եւ մեր տարածաշրջանը դուրս մնա նրանց հետաքրքրությունից: Իսկ հարեւանները, ինչ էլ որ պատահի, մնալու են իրենց տեղերում: Ուրեմն՝ ուզենք-չուզենք, հենց նրանց հետ պետք է կառուցենք մեր անվտանգային համակարգը:

Սա բնավ չի սահմանափակի մեր հնարավորությունները՝ դուրս գալու աշխարհի չորս ծագեր եւ ազատ հարաբերվելու ցանկացած երկիրի հետ՝ ելնելով շահերի ընդհանրության պարզ կանոնից: Մնացյալը երազանքներ են՝ քուն, թե արթմնի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: