Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Գազայում՝ ինչպես Արցախում

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Արդի աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ միջազգային մամուլում երկու տեսակետ է շրջանառվում: Ըստ դրանցից մեկի՝ Երրորդ համաշխարհային պատերազմ է սպասվում, իսկ մյուսի պնդմամբ՝ Երրորդ համաշխարհայինն արդեն իսկ ընթանում է: Եվ, քանի որ առճակատման մեջ ներգրավված են միջուկային տերություններ, այդ պատճառով ռազմական ուղղակի բախումների չեն գնում, այլ պատերազմում են անուղղակի կերպով՝ միջնորդավորված:

Ուկրաինայում պատերազմը, ըստ էության, Հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ է, որի համատեքստում ժամանակ առ ժամանակ սրվում են Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, իսկ ռազմական պատրաստվածության ուսումնական զորավարժանքները, որոնց մասնակցում են միանգամից մի քանի երկրներ, դարձել են սովորական երեւույթ: Զորավարժությունների ընթացքում ուրվագծվում են հավանական դաշնակիցներն ու ախոյանները:

Մերձավոր Արեւելքում սկսված բախումները կարող են աննախադեպ ծավալներ ձեռք բերել, եւ կա վտանգ, որ խոշոր երկրներն այս անգամ ուղղակիորեն կներքաշվեն մեծածավալ հակամարտությունների մեջ: Օրեր առաջ Իսրայելի ռազմատենչ վարչապետ Նաթանյահուն հայտարարեց, թե Մերձավոր Արեւելքում մեծ փոփոխություններ են սպասվում: Նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում՝ դրա տակ պետք է հասկանալ տվյալ տարածաշրջանի քաղաքական քարտեզի հնարավոր վերաձեւման ակնարկ, որին պետք է լուրջ վերաբերվել: Վերջին 150 տարվա փորձը ցույց է տալիս, որ քաղաքական քարտեզները փոփոխվում են մեծ պատերազմների ժամանակ, եւ դրան տասնյակ երկրներ են մասնակցում:

Սակայն վերադառնանք Գազայի հատվածի դեպքերին: Տպավորություն է, թե տեղի ունեցավ այն, ինչ՝ սեպտեմբերի 19-ին Արցախում. հայկական երկրորդ պետությունում ուղղակի փորձարկվեց մի դիպաշար, որը նախատեսվում էր ավելի մեծ չափերով կիրառել Գազայում: Ռազմական փորձագետներն ապշած են՝ ինչպես կարող է պատահել, որ մեկ տարի ՀԱՄԱՍ-ի զինյալները պատրաստվեն Իսրայելի դեմ հարձակման, եւ դա վրիպի Իսրայելի հատուկ ծառայությունների ամենատես աչքից: Սա բացառվում է: Պատահական չէ, որ տեղի փորձագիտական որոշ շրջանակներ հակված են համանման կարծիքի՝ կատարվածի մեջ առնվազն Իսրայելի մատը խառն է:

Իր տարածքի վրա հարձակում «թույլատրելը» պետք էր, որպեսզի՝ ա/ աշխարհին ցույց տալ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բնույթը եւ բ/ ինդուլգենցիա ստանալ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ իրականացնելու ճիշտ նմանատիպ գործողություն եւ ճիշտ նույն սցենարով, ինչպիսին Ադրբեջանը հակաահաբեկչական հատուկ գործողության քողի տակ կիրառեց Արցախում: Գազայի հատվածը, որտեղ բնակվում է մոտ 2 միլիոն արաբ, եւս շրջափակման մեջ է, պարբերաբար անջատում են էլեկտրական հոսանքը, ջուրը, խոչընդոտում Գազա պարենի մատակարարմանը: Եգիպտոսի եւ Գազայի միջեւ տեղակայված սահմանային անցակետը թույլ են տվել բացել միայն դուրս եկողների համար: Զուգահեռաբար՝ գնդակոծվում են խաղաղ բնակիչների տները՝ անտանելի պայմաններ ստեղծելով կյանքի համար:

Ադրբեջանի եւ Իսրայելի առանձնահատուկ սերտ հարաբերությունների հենքին ավելի է ամրապնդվում կարծիքը, որ Արցախը փորձադաշտ էր, որպեսզի Իսրայելը կարողանա լուծել իր համար գոյաբանական համարվող Գազայի խնդիրը, միանգամից ազատվել շուրջ 2 միլիոն հոծ բնակեցված Գազայի արաբներից: Արցախը նախադեպ էր միջազգային հանրության համար՝ ցույց տալու, որ եթե մի բան Արցախում կարելի է, ապա ինչու պետք է անկարելի լինի մեկ այլ տարածքի՝ տվյալ դեպքում Գազայի համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: