Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ցեղասպանության ճանաչումը եւ ազգային շահը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Անցնող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Տասնամյակներ ի վեր ամերիկահայերի հիմնական քաղաքական նպատակը մասամբ իրականացավ։ Ցեղասպանությունը Ներկայացուցիչների պալատի մակարդակով ճանաչվեց առանց մեծ լոբբիստական արշավի, առանց քարոզչական ջանքերի։ Այդ ամենն ինչ-որ կենցաղային միջոցառման տպավորություն է թողում՝ կոնգրեսմենները «վերցրին» ու ճանաչեցին։ Ամենաուշագրավն այն է, որ բանաձեւի ընդունման համար ընտրվել էր Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության հռչակման օրը: Թե ինչու՝ կարելի է միայն ենթադրություններ անել:

Հայկական լրատվամիջոցներն ու սոցցանցերը լի են «անբարոյական աշխարհի» ու «անբարոյական քաղաքականության» մասին մտքերով։ Իմաստն այն է, որ մեծ քաղաքականության մեջ չկան բարոյական ու մարդասիրական արժեքներ, կան սոսկ շահեր, եւ Ցեղասպանության ճանաչումը տվյալ պահին բխում էր Ամերիկայի շահերից։

Այն, որ Կոնգրեսի այդ ակտը բխում է ամերիկյան ազգային շահերից, պարզ գրված է հենց ընդունված բանաձեւում. ««Էլի Վիզելի Ցեղասպանության եւ վայրագությունների կանխարգելման մասին» 2018թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ»:

Այն, որ երկրներն իրենց քաղաքականությունը վարում են ըստ սեփական ազգային շահերի, կարծես թե, ոչ ոքի չպետք է զարմացնի. դա միջազգային հարաբերությունների Ալֆան եւ Օմեգան է։ Նույնը մեզ մաղթենք ու փորձենք հասկանալ` ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ի եւ, առհասարակ, միջազգային քաղաքականության մեջ, ի՞նչ է փոխվելու ընդունված բանաձեւից, եւ որո՞նք են մեր շահերն ու մարտահրավերները։

Ակնհայտ է, որ Մեծ Մերձավոր արեւելքում (որի հանգուցային կետերից մեկն էլ Հարավային Կովկասն է) հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում։ Հարցականի տակ է դրված Առաջին աշխարհամարտից հետո գծված (շատ դեպքերում` արհեստականորեն) քաղաքական քարտեզը։ Փոփոխվում են նաեւ աշխարհաքաղաքական դիրքավորումները, մասնավորապես փոխվում է Թուրքիայի նշանակությունը։ Եթե Թուրքիան Արեւմուտքի եւ, մասնավորապես, ՆԱՏՕ-ի համար Խորհրդային Միությանը զսպող կարեւորագույն բաստիոն էր, ապա այսօր, երբ այլեւս չկա այդ գաղափարականացված կայսրությունը, Թուրքիան կորցրել է իր վաղեմի դերակատարությունը։

ԵՄ-ին անդամակցելու (սկսած 1963 թվականից)` Թուրքիայի ազգային երազանքը վերջնականապես ի չիք դառնալուց հետո նոր «ազգային երազանք» է սկսել ձեւավորվել՝ ծավալվել դեպի արեւելք, դեպի «թյուրքական աշխարհ»։ Դա լրջագույն մարտահրավեր է արեւելյան տերությունների, առաջին հերթին` Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Կայսերապաշտական ու ծավալապաշտական  նկրտումները զսպելու լավագույն գործիքը Թուրքիային մի մեծ մեղքի տակ դնելն է, ինչը ժամանակին արվեց Գերմանիայի հանդեպ՝ Հոլոքոստի միջոցով: Եվ ամենակարեւորն այն է, որ պայմանական Արեւելքն ու պայմանական Արեւմուտքը այդ հարցում համակարծիք են։ Պատահական չէր, որ այդ բանաձեւի ընդունման օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարը Գյումրիում հայտարարեց ռուսական ռազմահենակետի ներուժը կրկնապատկելու եւ նոր զինատեսակներով ռազմակայանը համալրելու մասին։ Այս հարցում`եւ ոչ միայն այս, նրանք կարծես թե համաժամանակյա ռիթմով են գործում։

Հատկանշական է, որ բանաձեւում կան հետաքրքիր մի շարք ձեւակերպումներ։ Առաջին հերթին դա Թուրքիայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Մորգենթաուի «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ» ձեւակերպման մեջբերումն է, հետո տարվում է համեմատություն Հիտլերի հետ, նշվում է, որ XX դարի առաջին ցեղասպանությունն օրինակ էր Հիտլերի համար: Այնուհետեւ բանաձեւից բխող գործողությունների կետերից մեկում արդեն բարձրացվում են արդիական խնդիրներ. «խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ նահանգների դերի եւ մարդկության դեմ ներկայում իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ կրթությունը եւ հանրային իրազեկվածությունը»: Այսինքն` արդեն անթաքույց զուգահեռներ են անցկացվում ցեղասպանության եւ քրդերի դեմ այժմ վարվող քաղաքականության հետ։

Այսպիսով` դեռեւս առաջին իսկ եզրակացություններն աներկբա են, դա արդի Թուրքիայի եւ նրա ղեկավարության կողմից վարվող քաղաքականությանն ու գաղափարախոսությանը ուղղված հարվածն է։ Մասնավորապես` «թյուրքական աշխարհ» ստեղծելու գաղափարին, «նեոօսմանիզմին», էթնիկ զտումներին, որոնք ներկայացվում են իբրեւ վտանգ մարդկության համար, եւ որին դիմակայելը հայտարարվում է ԱՄՆ ազգային շահի խնդիր։

Ինչպես տեսնում ենք, առանցքային հասկացությունը «ազգային շահն» է, իսկ երկրների միջեւ հարաբերություններ կառուցելու հիմնական գործոնը` ազգային շահերի հատման կետերի որոնումը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: