Աշխարհում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում, երբ Ուկրաինայում դաժան պատերազմ է գնում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, բնականաբար, մյուս երկրների համար առաջանում է անսխալ դիրքավորման, այսինքն՝ սեփական տեղի ու դերի ճշգրտման խնդիր: Այն է՝ ինչպե՞ս վերաբերվել ընթացող առճակատմանը, ինչպիսի՞ մասնակցություն կամ չմասնակցություն ունենալ, որպեսզի «ոտքի տակ» չընկնել:
Նմանօրինակ իրավիճակից ելք գտնելը՝ մանավանդ փոքր պետությունների համար, այնքան էլ դյուրին չէ: Արդյունավետ լուծումը պայմանավորված է, նախեւառաջ, այդպիսի երկրների աշխարհագրական դիրքով եւ վտանգների ու օգուտների հարաբերակցության հաշվարկման կարողությամբ: Սխալ մոտեցումների դեպքում հաճախ երկրները հայտնվում են այս կամ այն հակամարտության թակարդում, որից հնարավոր էր խուսանավել, սակայն իրենց անխոհեմ գործողությունների կամ լիակատար անգործունեության պատճառով չհաջողվեց շրջանցել ծուղակը:
Հայաստանի քաղաքականության ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լիներ համաշխարհային այս «սեւի» ու «սպիտակի» տրամաբանության ուղեծրում չհայտնվելու ջանքերին, որովհետեւ դա հենց այն թակարդն է, որտեղ հուժկու ճնշումների միջոցով երկրներին պարտադրում են դառնալ հակամարտության կողմ: Հայաստանն ուներ նման պահանջներից հրաժարվելու լուրջ փաստարկներ՝ ծանր աշխարհագրական դիրքը, քաղաքական, սոցիալ-տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, մասամբ՝ նաեւ Իրանից, ինչպեսեւ Ադրբեջանից ու Թուրքիայից բխող մարտահրավերները:
Սրանք ծանրակշիռ կռվաններ են, սակայն իշխանություններն անտեսեցին եւ ընտրեցին միանգամայն ներհակ գործելակերպ: Հայաստանի հանրությունը բաժանելով սեւ-սպիտակի՝ այն մասնատելով եւ երկիրը քաոսի վերածելով, հայտնի անձը երեւույթները «սեւ» ու «սպիտակի» բաժանման իր սկզբունքներն արդեն սկսել է տարածել միջազգային հարաբերությունների վրա: Սա արդեն մտածողություն է, նրա կենսաձեւի մի մասը, որից հրաժարվելն անհնար է: Նույնն է, թե մարդ հրաժարվի սեփական ինքնությունից:
Հանրությունը ներազգային օրակարգով պառակտելուց հետո հիմա նույն հանրությանը մասերի է բաժանում՝ ըստ արտաքին քաղաքականության օրակարգի, եւ տեղի է ունենում մի բան, ինչն աներեւակայելի էր. հանրային եթերում Թուրքիան ու Ադրբեջանն այլեւս բացեիբաց հայտարարվում են «սպիտակ»: Եթե այս տեմպով շարունակվի՝ չի բացառվում, որ շուտով «սեւերի» ցուցակում հայտնվի Իրանը: Սակայն այս ամենը դեռ մի կողմ:
Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան զգացմունքներ, Հայաստանն արդեն ինքն է դրսի երկրների համար սկսում ընկալվել սեւի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք «սեւ» գլխավոր խաղացողներից մի մասի համար, եւ «սպիտակ» (որ նույնն է, թե օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, եւ թե ժամանակին ինչի հանգեցրեց Վրաստանում:
Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը՝ այս «խաղերը» կարող են ողբերգական ավարտ ունենալ: