Վերջին շրջանում իշխանությունները հաճախ են սկսել խոսել պետության եւ հայրենիքի փոխկապակցվածության մասին՝ այդ համատեքստում ձեւակերպելով ուշագրավ մի ուղենիշ. պետությունը հայրենիքն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Եթե մի կողմ թողնենք մտքի պարզունակությունը, գուցեեւ այդպես է, բայց նախ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչ է պետությունը եւ դրանից բխող հաջորդ հարցը՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել:
Շատերին թվում է՝ պետությունն ինչ-որ տարածքում ապրող մարդկանց հանրույթ է, որոնք ընտրություններով կամ այլ եղանակներով ձեւավորում են իշխանություն եւ այդպես էլ ապրում, իսկ կուսակցությունները պայքարում են իշխանության համար: Սա, անշուշտ, թյուր պատկերացում է, որի հետեւանքը լինում է այն, ինչ այսօր ունենք: Եվ այդ ունեցածը հետագա գահավիժման առումով սոսկ առաջին «ձնծաղիկն» է: Պետությունը, նախեւառաջ, քաղաքական նախագիծ է, իրականում բավական բարդ նախագիծ՝ փիլիսոփայական, աշխարհաքաղաքական, մշակութաբանական, արժեքաբանական եւ այլ բաղադրիչներով:
ԱՄՆ-ն, օրինակ, քաղաքական նախագիծ է, որը գծվել է ստեղծվելուց շատ առաջ՝ սա առանձին եւ հետաքրքիր թեմա է: Ռուսաստանը եւս քաղաքական ծրագրերից է ձեւավորվել. սկզբնական շրջանում Մոսկվայի շուրջ՝ ուղղափառության հիմքով, ապա կոմունիստական պոստմոդեռնիստական նախագծի հիման վրա՝ ի դեմս կոմունիզմի: Այժմ Ռուսաստանը որոնումների մեջ է եւ դեռ գոյատեւում է իներցիայով: Բյուզանդիան բազմազգ խառնարան էր, որպես քրիստոնեական կայսրության ծրագիր՝ հիմնադրված Կոնստանդին կայսրի ժամանակ: Լեհաստանը սլավոնական աշխարհի կաթոլիկական նախագիծ է՝ ի հակակշիռ Ռուսաստանի:
Հասնելով մեր հարեւան Իրանին, արձանագրենք, որ վերջինս Սելեւկյանների շիաական նախագիծ է, որն ընդհատվել էր Պահլեւունիների ժամանակ՝ ազգայնականության հիման վրա, որից հետո 1979-ին վերադարձել է իր սկզբնական գոյավիճակին: Օսմանյան կայսրությունը նույն Բյուզանդիան է, որտեղ քրիստոնեությունը փոխարինվել էր իսլամով, որը հետո Աթաթուրքը փոխարինեց ազգայնականով: Թուրքիան այժմ փոխակերպումների մեջ է, եւ թե ինչ կլինի՝ կիմանանք մոտակա տասնամյակում: Իսրայելը նույնպես պոստմոդեռնիզմի հետեւանք է, ազատականության (լիբերալիզմի) ազգայնական ծնունդ` սիոնիզմի տեսքով: Սա դասական նախագիծ է, որի ստեղծումը գրեթե անհնար էր, բայց կարողացան: Առայժմ:
Այս թեմայով կարելի է երկար խոսել, բայց գանք Հայաստանին, որը, անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ, Ռուսական կայսրության ստեղծածն է՝ շատ կոնկրետ նպատակով: Հիմքը ժամանակին դրվել էր, երբ կաթողիկոսարանը Սիսից տեղափոխվեց Էջմիածին: Դա, ըստ էության, խարիսխ էր, որի վրա Ռուսական կայսրության նոր նախագիծն իրագործվեց: Պատճառները հիմա չքննարկենք, սակայն նշենք, որ դրանում մեծ դեր խաղաց Գանձասարի կաթողիկոսությունը:
Ռուսական կայսրությունը դրեց նաեւ մերձբալթյան հանրապետությունների, Ֆինլադիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի այսօրվա երկրների ստեղծման հիմքերը, հետեւապես դրանց կարելի է Սովետմիության նախագծեր համարել:
Երբ մենք պետությունը դիտարկում ենք որպես քաղաքական նախագիծ, ապա փոխվում է մտածողությունը, եւ հարցեր են առաջ գալիս. 1991-ին մենք ի՞նչ պետություն էինք ուզում ստեղծել եւ արդյոք ունեի՞նք քաղաքական նախագիծ: Այսօրվա քաղաքական պայքարը կամ այն «բարդակը», որ ունենք՝ իբրեւ քաղաքական «չգիտեսինչ», արդյո՞ք իրենց գործունեությունը դիտարկում են հենց նման հայեցակետից: Կամ, ավելի պարզեցնենք հարցը, արդյո՞ք նման հայեցակետն, ընդհանրապես, ընկալում են, որպեսզի կարողանան առաջ գնալ եւ ուժեղացնել պետությունը՝ հանուն ծաղկուն հայրենիքի: