Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Փոփոխվող աշխարհը եւ սեփական շահի գիտակցումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի ներքաղաքական բուռն իրադարձությունների համապատկերին կարեւոր զարգացումներ են տեղի ունենում ողջ աշխարհում, հատկապես` մեր տարածաշրջանում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ժամանակ անսպասելի հայտարարաթյուններ արեց, որոնք հակասում էին մինչ այդ ստեղծված աշխարհաքաղաքական դասավորվածությանը։ ՀԱՊԿ-ում մի կողմից` Հայաստանի, մյուս կողմից` Բելառուսի ու Ղազախստանի միջեւ լուրջ առճակատում է հասունացել, որին ոչ միայն ՀԱՊԿ երկրներն են հետաքրքրությամբ հետեւում։ Վրաստանում այժմ ներքաղաքական անորոշ իրավիճակ է` կապված նախագահի ընտրությունների հետ, ինչը կարող է ազդել այդ երկրի արտաքին քաղաքականության վրա` մեզ համար կարեւոր հետեւանքներով։ Իրանի շուրջ նույնպես գերլարված իրավիճակ է տիրում։ Այդ հիմնարար զարգացումները կարելի է երկար թվարկել։

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություների պատճառով հեղինակավոր շատ տեսաբաններ արդեն կասկածի տակ են դնում գործող միջազգային կարգը եւ քննարկում են նոր միջազգային հարաբերությունների հնարավոր սկզբունքներն ու ճարտարապետությունը։ Միջազգային կազմակերպությունները հայտնվել են փոխակերպումների անհրաժեշտության խնդրի առջեւ. ստեղծվում են նոր դաշինքներ, ծագում են նոր հակամարտություններ, կառուցվում են նոր հարաբերություններ։

Այդ գործընթացների կապակցությամբ հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս են գնահատում այդ երեւույթները Հայաստանի քաղաքական կազմակերպությունները եւ, առհասարակ, Հայաստանի հասարակությունը։ Արդյոք մեր քաղաքական ընտրախավն ի զորո՞ւ է տրանսֆորմացվել, փոխել մտածելակերպը եւ ժամանակի թելադրանքին համահունչ վերլուծել, իսկ անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքել նոր իրողություններին. չէ՞ որ այն ամենը, ինչ կատարվում է շուրջբոլորը, ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգությանը։ Մասնավորապես` դատելով ՀԱՊԿ-ում ստեղծված բախումնային իրադրության վերաբերյալ քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների տեսակետներից, տպավորություն է ստեղծվում, որ մենք պատրաստ չենք ըստամենայնի արժեւորել սկիզբ առած նոր գործընթացները։

Շատերը ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն չեն դիտարկում որպես դաշնակիցներից բաղկացած կուռ եւ միաբան կառույցներ, հետեւաբար կոնֆլիկտային իրավիճակներում նեղսրտում ու կոչ են անում դուրս գալ դրանց կազմից։ Իհարկե, ցանկացած միջազգային կառույցից կարելի է դուրս գալ շահերի լուրջ բախման դեպքում կամ էլ աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության պատճառով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հույզերն ամենավատ խորհրդատուներն են, ցանկացած միջազգային կազմակերպությունում կան եւ կլինեն շահերի բախումներ ու կոնֆլիկտներ։ Նույնը տեղի է ունենում Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում եւ ամենուր։

Միջազգային քաղաքականությունը հիմնված է հավասարակշռումների, երկարատեւ ու կարճաժամկետ դաշինքների վրա։ Արժանապատիվ կերպով կոնֆլիկտներին մասնակցելով ու սեփական շահերն առաջ մղելով է բարձրանում երկրի վարկը, եւ պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում այսօր, ի տարբերություն նախկին իշխանության ժամանակների, կտրուկ բարձրացել են Հայաստանի վարկն ու դերը։ Որոշ իրավիճակներում նախկին իշխանություններն անկարող էին միջազգային հարթակներում համարձակորեն հանդես գալ սեփական շահերի պաշտպանության դիրքերից, պատշաճ կերպով արձագանքել մեր երկրի համար անցանկալի զարգացումներին: Բավական է հիշել հայտնի նիստը, որի ժամանակ Նազարբաեւը կարդում էր Ալիեւի նամակը, իսկ Սերժ Սարգսյանը գլխահակ լսում էր եւ որեւէ կերպ չէր արձագանքում: Բարեբախտաբար` այժմ Հայաստանի պահվածքը փոխվել է: Միջազգային հարաբերություններում այն երկրների դերն է ազդեցիկ, որոնք չեն խուսափում իրենց շահերն ու սկզբունքները պաշտպանելուց, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմակայության գնալուց։

Ժամանակները փոխվել են, եւ Հայաստանի քաղաքական էլիտան պարտավոր է խորապես ընկալել այս պարզ ճշմարտությունը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: